medroom.am
Ի՞նչ գործոններից է կախված միզածորանի քարերով հիվանդների բուժման եղանակի ընտրությունը:
Քարի գործոններ – քարի տեղակայումը, չափսը, խտությունը և արդյոք քարը առաջացրել է միզածորանի խցանում, եթե այո, ապա որքան ժամանակով:
Կլինիկական գործոններ – ախտանիշների արտահայտվածությունը, հիվանդի սպասելիքները, համակցված միզային ինֆեկցիան, զարկերակային գերճնշումը, մակարդելիության խանգարումները, ճարպակալումը, միակ երիկամի առկայությունը:
Անատոմիական գործոններ – անոմալիաներ՝ պայտաձև երիկամ, ավազան – միզածորանային սեգմենտի նեղացում, երիկամի էկտոպիա:
Տեխնիկական գործոններ – երիկամի քարերեվ հիվանդների բուժման համար անհրաժեշտ սարքավորումների առկայությունը, բժշկի հմտությունները, արժեք արդյունավետությունը:
Ի՞նչ մոտեցումներ կան միզածորանի քարերով հիվանդների բուժման ժամանակ:
Դինամիկ հսկողություն – այս դեպքում բժշկական միջամտություն չի կատարվում, սակայն հիվանդը պարբերաբար այցելում է բժշկին վիճակի գնահատման համար: Այն մոտեցմանը կարելի է դիմել միայն այն դեպքերում, եթե ստորև նշված շատ կարևոր պայմանները բավարարվում են՝
Կլինիկորեն և լաբորատոր – գործիքային հետազոտություններով հիվանդի մոտ բացակայում են բորբոքման նշանները:
Եթե երիկամին վտանգ չի սպառնում – չկա երիկամային անբավարարության նշաններ:
Եթե հիվանդի վիճակը բավարար է:
Կոնսերվատիվ բուժում (դեղորայքային բուժում) – այս եղանակը կարելի է ընտրել միայն այն դեպքերում, եթե բավարարվում են նախորդ եղանակում նշված նախապայմանները: Հիվանդին նշանակվում են միզուղիները լայնացնող պրեպարատներ, քարի արտանկմանը նպաստելու համար:
Վերին միզուղիների դրենավորում – եթե միզածորանի քարը խցանում է միզածորանը և առաջացնում է բարդություններ՝ երիկամի բաժակ – ավազանային համակարգի սուր բորբոքում (սուր պիելոնեֆրիտ), երիկամային անբավարարություն կամ սուր ցավեր, որոնք չեն հանգստանում ցավազրկողների նշանակումից հետո, ապա կարիք է լինում երիկամում արտադրված մեզի համար ապահովել ճանապարկ: Այն կարելի է կատարել երկու եղանակով՝ միզածորանի ստենտավորում կամ պերկուտան նեֆրոստոմիա: Որից հետո սպասում ենք շեղումիների վերացմանը և պլանավորում միզածորանի քարի փշրման եղանակը և ժամկետները:
Որո՞նք են միզածորանի քարերի փշրման ժամանակակից եղանակները:
Հեռահար քարափշրում և էնդոսկոպիկ քարափշրում:
Միզածորանի վերին երրորդականի քարերի դեպքում եթե քարի չափսը մեծ է 1 սմ – ից, ապա էնդոկսպիկ քարափշրման արդյունավետությունը ավելի բարձր է: Իսկ փոքր 1 սմ – ից դեպքերում նախընտրելի է կատարել հեռահար եղանակով:
Միզածորանի միջին երրորդականի քարերի համար համեմատական հետազոտություններ չեն կատարվել:
Միզածորանի ստորին երրորդականի քարերի դեքում էնդոսկոպիկ քարափշրման արդյունավետությունը 55% - ով առավել է հեռահար քարափշրման եղանակի համեմատ:
Քարի խտությունը նույնպես ազդում է եղանակի ընտրության վրա: Համակարգչային շերտագրումով հաշվարկված HU (Hounsfield unit) ցուցանիշը եթե բարձր է 1000 – ից, ապա այդ քարերը ավելի կարծր են և նախընտրելի է փշրել էնդոսկոպիկ եղանակով, իսկ եթե ցածր է 1000 – ից ապա հեռահար քարափշրման եղանակով կարելի է արդյունավետ փշրել: