Երիկամի և միզածորանի քարերի փշրում

Վիտամին Ե - տոկոֆերոլ

Վիտամին Ե – ն առաջին անգամ հայտնաբերվել է 1920թ – ին: Այն պատկանում է ճարպալույծ վիտամինների խմբին: Վիտամին Ե – ն կոչվում է տոկոֆերոլ կամ տոկոտրիենոլ: Տոկոֆերոլ հունարենից նշանակում է սերունդ տալ: Վիտամին Ե – ի առավել տարածված և ակտիվ ձևը ալֆա – տոկոֆերոլն է:

Ի՞նչ դեր է կատարում վիտամին Ե – ն մարդու օրգանիզմում

Վիտամին Ե – ի հակաօսիդանտ հատկությունները

Ի տարբերություն մյուս վիտամինների, որոնք գերազանցապես մասնակցում են նյութափոխանակային գործընթացներին՝ վիտամին Ե – ի հիմնական դերը մարդու օրգանիզմում պայմանավորված է հակաօքսիդանտ ակտիվությամբ: Վիտամին Ե – ն հիմնականում կուտակվում է բջիջների թաղանթների ճարպային կառույցներում կամ միացված է տրանսպորտային սպիտակուցների հետ և պաշտպանում է թունավոր նյութերից, ծանր մետաղներից, դեղամիջոցների վնասակար ազդեցությունից, ճառագայթումից և ազատ ռադիկալներից: Հաշվի առնելով վերոնշյալ թվարկված հատկությունները՝ սննդի միջոցով բավարար քանակությամբ վիտամին Ե ստանալու դեպքում նվազում է սիրտ – անոթային հիվանդությունների և քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգը:

Վիտամին Ե և իմունային համակարգ

Առողջ իմունային համակարգի ունենալու համար անհրաժեշտ է վիտամին Ե – ի բավարար մակարդակ, քանի որ վիտամին Ե – ն պաշտպանիչ ազդեցություն ունի իմունային գործընթացներին մասնակից բջիջների համար: Վիտամին Ե – ն հատկապես պաշտպանում է օքսիդատիվ ստրեսի և վիրուսային վարակների բացասական ազդեցությունից:

Վիտամին Ե և աչքեր

Աչքերի համար վիտամին Ե – ն ունի կենսական ազդեցություն:  Հատկապես վիտամին Ե – ն մասնակցում է ցանցաթաղանթի կազմավորմանը և կանխում է ազատ ռադիկալների ազդեցությամբ կատարակտայի և մակուլյար դեգեներացիայի առաջացումը: Վիտամին Ե – ն նաև կանխում է վիտամին Ա – ի քայքայումը, որը կարևոր դեր ունի դեսողական գործընթացներում:

Ծերացում և վիտամին Ե

Վիտամին Ե – ն կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացները, քանի որ այն պաշտպանում է մաշկը և անոթային համակարգը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից: Մտածողության գործընթացների տարիքային փոփոխությունները նույնպես դանդաղում են վիտամին Ե – ի ազդեցության տակ:

Վիտամին Ե – ի հիմնական աղբյուրը

Վիտամին Ե – ն մարդու օրգանիզմ անցնում է սննդի միջոցով: Սննդամիջոցներից առավել մեծ քանակությամբ վիտամին Ե պարունակում են ցորենի ծիլի, պնդուկի, արևածաղկի, նուշի, սոյայի ձեթը, հացահատիկները, հավկիթը: Դեղձը, ավոկադոն, բրոկոլլին և կանաչեղենը նույնպես պարունակում են մեծ քանակությամբ վիտամին Ե:

Ապացուցվել է, որ սննդի միջոցով մարդու օրգանիզմը ստանում է վիտամին Ե – ի տարբեր ձևեր, իսկ հավելումների ձևով հիմնականում ալֆա – տոկոֆերոլ, որը բավարար չէ: Սննդի միջոցով ստացված վիտամին Ե – ի ձևերի 75% - ը գամմա տոկոֆերոլն է:

Ծխողների մոտ թոքերում ի պատասխան ծխի առաջանում են պերօքսինիտրիներ, որոնք բերում են ճարպերի պերօքսիդացման: Իսկ Գամմա – տոկոֆերոլը պաշտպանում է վերոնշյալ բացասական ազդեցություններից:

Ջերմային մշակման արդյունքում սննդի մեջ տեղի է ունենում վիտամին Ե – ի զգալի մասի քայքայում: Վիտամին Ե – ն նաև քայքայվում է լույսի և թթվածնի ազդեցության տակ:

Վիտամին Ե – ի ներթափանցումը օրգանիզմ

Վերը նշված է, որ վիտամին Ե – ն մարդու օրգանիզմ գերազանցապես ներթափանցում է սննդի միջոցով: Աղիներում վիտամին Ե – ի արդյունավետ ներծծման համար անհրաժեշտ են ճարպաթթուներ և լեղի: Սննդի միջոցով ստացված վիտամին Ե – ի մինչև 60% - ն է կլանվում և յուրացվում մարդու օրգանիզմի կողմից և անցնելով արյան շրջանառություն կուտակվում է սիրտ – անոթային համակարգում, ճարպային հյուսվածքում, ամրձիներում, մակերիկամներում, հիպոֆիզում և այլ օրգաններում – հյուսվածքներում:

Որքան վիտամին Ե պետք է ընդունել սննդի միջոցով

Վիտամին Ե – ի չափաբաժինը սննդակարգում կախված է ճարպերի ընդունման քանակից: Ամեն գրամ ճարպին համարժեք 0.4մգ վիտամին Ե: Վիտամին Ե ընդունելու չափը կախված է նաև մարդու կենսակերպից՝ Օր սպորտով զբաղվող մարդկանց կամ ծխողների անհրաժեշտ է առավել մեծ քանակությամբ վիտամին Ե: Հետևաբար վիտամին Ե – ի ստանդարտ չափաբաժին սահմանված չէ:

Վիտամին Ե – ի անբավարարություն

Մանկական հասակում վիտամին Ե – ի անբավարարությունը կարող է բերել գրգռվածության, օրգանիզմում հեղուկի կուտակման, հեմոլիտիկ անեմիայի, տեսոխական խանգարումների: Հասուն տարիքում վիտամին Ե – ի անբավարարությունը կարող է բերել նյարդերի վնասման, լեթարգիայի, ապաթիայի, ցրվածության, վահանաձև գեղձի հորմոնների մակարդակի նվազման, իմունիտետի թուլացման, անէմիայի:

Վիտամին Ե – ի սուր անբավարարություն հանդիպում է հազվզդեպ, որը կարող է պայմանավորված լինել լյարդային անբավարարության կամ ճարպային փոխանակության խանգարումներով: Քանի որ վիտամին Ե – ն պահեստավորվում է մարդու օրգանիզմի տարբեր հյուսվածքներում, ապա վիտամին Ե – ի անբավարարության առաջացման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, մինչ պահեստավորվածը սպառվի: Վիտամին Ե – ի անբավարարությունը ավելացնում է որոշ հիվանդությունների զարգացման վտանգը:

Սիրտ անոթային հիվանդություններ և վիտամին Ե – ի անբավարարություն

Ապացուցվել է, որ վիտամին Ե ընդունող կանանց մոտ սիրտ անոթային հիվանդությունների զարգացման վտանգը նվազ է չընդունող բուժառուների համեմատ: Մեկ այլ հետազոտությամբ հաստատվել է, որ օրը 40 մգ վիտամին Ե ընդունող տղամարդկանց մոտ մոտակա 4 տարիների ընթացքում սրտի իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը 37% - ով պակաս է վիտամին Ե չընդունող բուժառուների համեմատ:

Քաղցկեղային հիվանդություն և վիտամին Ե – ի անբավարարություն

Գրականության մեջ վիտամին Ե – ի անբավարարության և քաղցկեղային հիվանդությունների զարգացման վերաբերյալ առկա են հակասական տվյալներ: Այնուամենայնիվ ապացուցվել է, որ վիտամին Ե – ի ընդունումը նվազեցնում է որոշ քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Մասնավորապես ապացուցվել է, որ վիտամին Ե ընդունող կանանց մոտ հաստ աղու քաղցկեղի առաջացման վտանգը 70% - ով նվազում է: Իսկ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է 60% - ով: Ապացուցվել է նաև, որ վիտամին Ե և սելեն ընդունող կանանց մոտ 40% - ով նվազում է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Վերոնշյալ հիվանդների արյան մեջ հայտնաբերվել է վիտամին Ե – ի ցածր մակարդակ:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է նաև, որ վիտամին Ե – ի բավարար մակարդակ ունեցող մարդկանց մոտ նվազում է թոքի քաղցկեղի առաջացման վտանգը:

Կատարակտա և վիտամին Ե – ի անբավարարություն

Ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ վիտամին Ե – ի անբավարարության ժամանակ քառակի ավելանում է կատառակտայի զարգացման հավանականությունը:

Վիտամին Ե – ի ընդունումը ճնշում է նաև Պարկինսոնի հիվանդության զարգացումը:

Վիտամին Ե – ի կիրառման ոլորտները

Վիտամին Ե – ի անբավարարությունը լրացնելուց բացի, այն կիրառվում է նաև մի շարք ոլորտներում հիվանդությունների կանխման, զարգացումը դադարեցման և առողջության բարելավման նպատակով:

Մասնավորապես վիտամին Ե նշանակվում է սիրտ – անոթային հիվանդություններով հիվանդներին սրտամկանի ինֆարկտի կանխարգելման սրտի ինշեմիկ հիվանդության զարգացումը կանխելու նպատակով:

Եթե բուժառուի մոտ առկա է քաղցկեղային հիվանդության առաջացման վտանգ, ապա վիտամին Ե – ի նշանակումը կարող է օգնել կանխելու վերը նշված քաղցկեղների առաջացումը:

Վիտամին Ե նշանակվում է նաև իմունային համակարգի ուժեղացման նպատակով:

Վիտամին Ե – ի օգտագործումը 50% - ով նվազեցնում է կատարակտայի առաջացման վտանգը:

Վերարտադրողական բժշկության ոլորտում տղամարդու անպտղության ժամանակ վիտամին Ե – ի նշանակումը դրական ազդեցություն է ունենում սերմի որակական ցուցանիշների վրա:

Լյարդային անբավարարության ժամանակ վիտամին Ե – ի ընդունումը կանխում է լյարդի հյուսվածքի վնասումը:

Վիտամին Ե – ն մաշկը պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից և դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Սպորտով զբաղվող մարդկանց վիտամին Ե – ն անհրաժեշտ է ազատ ռադիկալներից մկանայյին հյուսվածքները պաշտպանելու և մարզումներից հետո արագ վերականգնվելու համար:

Ամփոփելով վերոնշյալը կարող ենք եզրակացնել, որ վիտամին Ե – ն մեծ կարևորություն ունի մարդու օրգանիզմում: Հետևաբար անհրաժեշտ է հետևել սննդակարգին բավարար քանակի վիտամին Ե ստանալու համար:

Վիտամին Ե, վիտամին E, տոկոֆերոլ
134 դիտում
10