Շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիան – ՏՈՒՌ կամ միջմիզուկային մասնահատումը ուրոլոգիական պրակտիկայում ամենահաճախ կատարվող վիրահատություններից է: Շագանակագեղձի ՏՈւՌ – ը կատարվում է շագանակագեղձի գերաճի հետևանքով առաջացած միզարձակման խանգարումները վերացնելու նպատակով:
Ո՞ր գանգատների դեպքում է հնարավոր շագանակագեղձի ՏՈւՌ վիրահատության կարիք:
Շագանակագեղձի գերաճի՝ առավել հաճախ ադենոմայի (շագանակագեղձի բարորակ գերաճ) դեպքում կարող են դիտվել մի շարք գանգատներ, որոնք որոշ դեպքերում կարող են պահպանվել նաև դեղորայքային բուժումից հետո:
Որո՞նք են վերոնշյալ գանգատները՝
- Հաճախամիզություն:
- Միզելու անզուսպ ցանկություն:
- Թուլացած շիթով միզարձակում:
- Միզարձակման տևողության երկարացում:
- Գիշերային հաճախամիզություն:
- Ընդհատվող միզարձակություն:
- Միզելուց հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգազողություն:
Եթե վերոնշյալ գանգատների ժամանակ դեղորայքային բուժումը չի դալիս բավարար արդյունք, ապա հնարավոր է կարիք լինի կատարելու շագանակագեղձի ՏՈւՌ վիրահատություն:
Որո՞նք են շագանակագեղձի ՏՈՒՌ վիրահատության կատարման բժշկական ցուցումները:
Շագանակագեղձի ադենոմայի դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում առաջարկվում է կատարելու շագանակագեղձի ՏՈւՌ, եթե բուժառուի մոտ հայտնաբերվել է՝
- Սուր միզակապություն:
- Քրոնիկական միզակապություն:
- Միզապարկի դիվերտիկուլ:
- Կրկնվող արյունամիզություն:
- Երիկամային անբավարարություն:
- Շագանակագեղձի քրոնիկ բորբոքում (քրոնիկական պրոստատիտ), որը չի անցնում դեղորայքային բուժման արդյունքում:
Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ շագանակագեղձի ՏՈՒՌ վիրահատությունից առաջ:
Շագանակագեղձի ՏՈՒՌ վիրահատությունից առաջ կարիք է լինում կատարելու՝
- Արյան և մեզի լաբորատոր հետազոտություններ:
- Որովայնի գերձայնային հետազոտթյուն:
- Ուրոֆլոումետրիա:
- ԷՍԳ – սրտաբանի խորհրդատվություն:
- Կրծքավանդակի ռենտգեն:
- Հարակից հիվանդությունների դեպքում համապատասխան մասնագետի խորհրդատվություն:
Բուժառուի նախավիրահատական բավարար հետազոտումը նվազեցնում է շուրջվիրահատական բարդությունների վտանգը:
Ինչպե՞ս է կատարվում շագանակագեղձի ՏՈՒՌ վիրահատությունը:
Շագանակագեղձի ՏՈՒՌ – ը էնդոսկոպիկ վիրահատություն է, որը մեծամասմաբ կատարվում է ողնուղեղային անզգայացման ներքո, սակայն որոշ դեպքերում նաև կատարվում է ընդհանուր անզգայացում:
Սկզբից կատարվում է ցիստոսկոպիա, միզուկի շագանակագեղձի և միզապարկի վիճակը գնահատելու նպատակով: Այնուհետև ռեզեկտոսկոպ գործիքի օգնությամբ կատարվում է շագանակագեղձի գերաճի մասնահատում և կտորների հեռացում: Շագանակագեղձի ՏՈՒՌ – ի վերջում կատարվում է վերքային մակերեսի հետևողական կոագուլյացիա հետագա արյունահոսությունները կանխելու նպատակով:
Շագանակագեղձի ՏՈՒՌ – ը ավարտելուց հետո դրվում է միզային կատետեր միզապարկի կաթիլային լվացումների նպատակով:
Ուրետերալ կատետերը մեծամասամբ հեռացվում է հետվիրահատական երկրորդ օրը և միզարձակումը ստուգելուց հետո բուժառուն դուրս է գրվում կլինիկայից:
Ի՞նչ խնդիրներ կարող են դիտվել շագանակագեղձի ՏՈՒՌ վիրահատությունից հետո:
Շագանակագեղձի ՏՈՒՌ – ից հետո կարող են դիտվել՝
- Հաճախամիզություն:
- Միզելու անզուսպ ցանկություն:
- Երբեմն արյունամիզություն:
- Հաճախ հետադարձ սերմնաժայթքում:
- Հազվադեպ անմիզապահություն:
Ի՞նչ խորհուրդներ են տրվում շագանակագեղձի ՏՈՒՌ վիրահատությունից հետո:
Քանի որ միզուղիների վերքերի լավացումը սովորաբար տևում է 28 օր, ապա շագանակագեղձի ՏՈՒՌ վիրահատությունից հետո մոտական 1 ամսվա ընթացքում նշանակվում են որոշակի դեղամիջոցներ: Բացի այդ խորհուրդ է տրվում ընդունել մեծ քանակությամբ հեղուկներ՝ մեզը նոսրացնելու և գանգատներից խուսափելու նպատակով: Շագանակագեղձի ՏՈՒՌ – ից հետո անհրաժեշտ է նաև հետևել սննդակարգիկ փորկապությունից խուսափելու նպատակով: Խուսափել սուր շնչական վիրուսային հիվանդություններով հիվանդների շփումից, հետագայում հազ և արյունամիզություն չունենալու համար: Մոտակա 1 ամսում արգելվում է ալկոհոլի օգտագործումը:
Շագանակագեղձի ՏՈՒՌ – ից 1 ամիս անց նշանակվում է կրկնակի այց, միզարձակման վերջնական գնահատման նպատակով, որի համար կատավում է ուրոֆլոումետրիա: