medroom.am
Ֆոլատները փոխադարձ փոխակերպվող կոէնզիմներ են, որոնք մարդու օրգանիզմում մասնակցում են մի շարք գործընթացների՝ ամինոթթուների նյութափոխանակություն, պուրինի և պիրիմիդինի սինթեզին, նուկլեինաթթուների, սպիտակուցների մեթիլացմանը: Հատկանշական է ֆոլաթթվի մասնակցությունը հոմոցիստեինի մետաբոլիզմին:
Հոմոցիստեինը ամինաթթու է, որը չի մասնակցում սպիտակուցների սինթեզին: Այն օրգանիզմում առաջանում է մեթիոնինից, ինչպես նաև ֆոլաթթվի ազդեցության տակ կարող է փոխակերպվել մեթիոնինի:
Վերջին տարիներին կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ հոմոցիստեինի վերաբերյալ, և ապացուցվել է, որ հոմոցիստեինի նույնիսկ չափավոր ավելացումը մարդու օրգանիզմում կարող է բերել մի շարք տարիք կախյալ հիվանդությունների զարգացման ինչպիսիք են՝ աթերոսկլերոզ, թրոմբոէմբոլիա, նեյրոդեգեներատիվ հիվանդություններ:
Հոմոցիստեինի քանակի ավելացումը նաև կարող է բերել պտղի զարգացման խանգարումների, պտղի ներարգանդային զարգացման հապաղման, ընկերքի շերտազատման, վաղաժամ ծննդաբերության, պտղի ներարգանդային մահացության:
Ֆոլաթթվի մասնակցությունը հոմոցիստեինի նյութափոխանակությանը:
Մարդու օրգանիզմում հոմոցիստեինի ավելցուկը նվազեցվում է երկու ճանապարհով՝
- Հոմոցիստեինի վերամեթիլացում և վերածում մեթիոնինի:
- Հոմոցիստեինի տրանս-սուլֆատացում՝ ցիստեինի:
Առաջին ճանապարհին ակտիվ մասնակցություն է ունենում ֆոլաթթուն և միջանկյալ դեր է խաղում նաև վիտամին B12 - ը, իսկ երկրորդ ուղին իրականացվում է վիտամին B6 – ի ներգործությամբ:
Վերոնշյալ նյութափոխանակային ուղիների խանգարումը բերում է մարդու օրգանիզմում հոմոցիստեինի մակարդակի ավելացման:
Ի՞նչ մեխանիզմներով է բացատրվում հոմոցիստեինի բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմում:
Ապացուցվել է, որ հոմոցիստեինի ավելցուկը մարդու օրգանիզմում բերում է աթերոսկլերոզի առաջացման մի շարք մեխանիզմներով՝
- Հոմոցիստեինը անոթների պատերի վրա ունի բորբոքային ազդեցություն, որը պայմանավորված է մի շարք գործոնների ներգրավվածությամբ՝ MCP-1, որը բերում է բորբոքմանը մասնակցող բջիջների և նյութերի (մոնոցիտներ, մակրոֆագեր, ինտերլեյկին – 8, նեյտրոֆիլներ, լիմֆոցիտներ) հոսքը դեպի համապատասխան հատվածներ:
- Հոմոցիստեինը նվազեցնում է ազոտի օքսիդի կենսամատչելիությունը:
- Հոմոցիստեինի բարձր մակարդակը խթանում է ազատ ռադիկալների սինթեզը անոթների էնդոթելիալ և մկանային շերտերում:
- Հոմոցիստեինի ավելցուկը խթանում է բջիջների ծրագրավորված մահը՝ ապոպտոզը:
Հոմոցիստեինի բարձր մակարդակի պայմաններում ԴՆԹ – ի կազմում ներառվում է մեծ քանակությամբ ուրացիլ, որը կարող է բերել քրոմոսոմների քայքայման:
Հոմոցիստեինի և ֆոլատների ազդեցությունը սպերմատոգենեզի վրա:
Ապացուցվել է, որ սերմնահեղուկում ֆոլատների կոնցենտրացիան 1,5 անգամ գերազանցում է արյան պլազմայում գտնվող ֆոլատների կոնցենտրացիայից: Ըսդ որում սերմնահեղուկում առավել մեծ մաս են կազմում չմեթիլացված ֆոլատները, իսկ արյան մեջ մեթիլացված ֆոլատները: Սերմնահեղուկում առկա չմեթիլացված ֆոլատների հետ է կորելյացվում սպերմատոզոիդների կոնցենտրացիան և ընդհանուր քանակությունը:
Սերմնահեղուկում հայտնաբերվել են նաև ֆոլատներ կապող սպիտակուցներ, որոնք արտադրվում են մակամորձիների և սերմնածորանի էնդոթելի կողմից, որոնք մասնակցում են սպերմատոզոիդների հասունացման գործընթացին:
Ապացուցվել է, որ ֆոլատների և կոբալամինի (վիտամին B12) մակարդակի նվազումը սերմնահեղուկում ավելացնում է թթվածնի ազատ ռադիկալների քանակը, որոնք բացասական ազդեցություն ունեն սերմի որակի վրա: Թեպետ թթվածնի ազատ ռադիկալների չափավոր քանակությունը անհրաժեշտ է սպերմատոզոիդների զարգացման ժամանակ:
Հոմոցիստեինի բարձր մակարդակը բերում է որոշ բորբոքային միջնորդանյութերի մակարդակի ավելացման, որոնք բացասաբար են ազդում սպերմատոզոիդների զարգացման վրա:
Հոմոցիստեինի բարձրացած ցուցանիշների դեպքում խանգարվում է նաև ազոտի օքսիդի սինթեզը, որը բացասաբար է անրադառնում սպերմատոգենեզի, սպերմատոզոիդների շարժունակության, ակրոսոմալ ռեակցիաների, ֆերտիլիզացիայի ինչպես նաև սեռական ֆունկցիայի վրա:
Մյուս կողմից հոմոցիստեինի բարձր մակարդակը կարող է բերել աթերոսկլերոզի զարգացման և ամորձիների արյան շրջանառության վատացման՝ արդյունքում նվազեցնելով սերմի որակական ցուցանիշները:
Թեպետ տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի հետ կապված հետազոտությունները բազմաթիվ են, այնուամենայնիվ ֆոլաթթվի և հոմոցիստեինի ներգրավվածությամբ բջջային և մոլեկուլյար բազմաթիվ մեխանիզմներ դեռ ուսումնասիրված չեն: