Ի՞նչ է պրոստատ սպեցիֆիկ անտիգենը:
Պրոստատ սպեցիֆիկ անտիգենը կամ ՊՍԱ – ն մի նյութ է, որը արտադրվում է շագանակագեղձի հյուսվածքում: ՊՍԱ – ը մեծ քանակությամբ գտնվում է սերմնահեղուկում ինչպես նաև շագանակագեղձի հյուսվածքում: Պրոստատ սպեցիֆիկ անտիգենը ավելի քիչ քանակ անցնում է արյան շրջանառություն, որը որոշվում է արյան անալիզի միջոցով: ՊՍԱ – ն կատարում է մի շարք ֆունկցիաներ, որոնցից առավել հայտնին՝ սերմի ջրիկացման գործընթացի մասնակցությունն է:
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ կատարել ՊՍԱ անալիզ:
- Շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերում գանգատներ չունեցող բուժառուների մոտ:
- Շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերում գանգատներ ունեցող բուժառուների մոտ:
- Շագանակագեղձի քաղցկեղի բուժման պլանավորում:
- Շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների հսկողության նպատակով:
- Շագանակագեղձի քաղցկեղի բուժման արդյունավետության գնահատման նպատակով:
- Բուժումից հետո շագանակագեղձի քաղցկեղի վերակտիվատցման հայտնաբերման նպատակով:
Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար ՊՍԱ անալիզին կից կատարվում է նաև շագանակագեղձի մատնային ռեկտալ քննություն և անհրաժեշտության դեպքում ՄՌՏ հետազոտություն:
Ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում ստուգել պրոստատ սպեցիֆիկ անտիգենը տղամարդկանց մոտ:
Ըստ Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի ուղցույցի ՊՍԱ անալիզ խորհուրդ է տրվում կատարել՝
50 տ – ից բարձր բոլոր տղամարդկանց մոտ:
45 տ – ից բարձր տղամարդկանց մոտ, որոնք ունեն շագանակագեղձի քաղցկեղի ընտանեկան ռիսկ:
45 տ – ից բարձր Աֆրիկյան ծագում ունեցող տղամարդկանց մոտ:
40 տ – ից բարձր տղամարդկանց մոտ, որոնք ունեն կրծքագեղձի քաղցկեղի (BRCA2) գենի մուտացիաներ:
Ինչպե՞ս է կատարվում ՊՍԱ անալիզը:
ՊՍԱ անալիզը կատարվում է բուժառուի արյան մեջ ստուգման միջոցով: Անալիզ հանձնելիս քաղցած լինելը պարտադիր չէ:
Առկա են մի շարք գործոններ, որոնք այս կամ այն չափով կարող են ազդեցություն ունենալ ՊՍԱ անալիզի արդյունքի վրա, այդ թվում՝ նախորդող օրերին ակտիվ սեռական կյանքը, հեծանիվի կամ մոտոցիկլի վարելը, որոշակի դեղմիջոցների կամ բուսական պրեպարատների ընդունումը: Հետևաբար ՊՍԱ անալիզ հանձնելուց առաջ անհրաժեշտ է բժշկի հետ վերլուծել վերոնշյալ հանգամանքները:
Ո՞ր դեպքերում կարող է դիտվել ՊՍԱ անալիզի բարձրացած ցուցանիշ:
Լաբորատորիաների մեծ մասը ՊՍԱ - ի շեմային ցուցանիշ նշում են 4նգ/մլ – ը, սակայն ըստ վերջին տվյալների շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը առավել նվազ է ՊՍԱ – ի 1.5 – ից ցածր ցուցանիշների դեպքում:
Պրոստատ սպեցիֆիկ անտիգենի մակարդակը կարող է բարձրանալ մի շարք պատճառներով՝
- Շագանակագեղձի մեծացում բարորակ գերաճի ժամանակ:
- Շագանակագեղձի բորբոքում – պրոստատիտ:
- Միզուղիների ինֆեկցիա:
- Շագանակագեղձի միջմիզուկային կամ տրանսռեկտալ հետազոտություններ կամ միջամտություններ (Օր. Մատնային ռեկտալ քննություն, շագանակագեղձի ՏՈւՌ):
- Միզային կատետերի տեղադրում:
- Միզապարկի միջմիզուկային հետազոտություններ կամ վիրահատություններ (Օր. ցիստոսկոպիա):
- Սեռական ակտիվություն:
- Հեծանիվ կամ մոտոցիկլ վարելու հետևանքով:
- Շոգ եղանակային պայմաններ:
Ի՞նչ է խորհուրդ տրվում բարձրացած ՊՍԱ ցուցանիշի դեպքում:
Եթե բուժառուի մոտ հայտնաբերվել է ՊՍԱ բարձրացած մակարդակ, ապա պետք է վերլուծել վերոնշալ հանգամանքները, որոնք կարող էին բերել ՊՍԱ – ի ցուցանիշի ավելացման: Եթե կասկած կա շագանակագեղձի բորբոքման, ապա նշանակվում է հակաբակտերիալ և հակաբորբոքիչ բուժում 2 – 3 շաբաթ ժամկետով: Եթե բուժումից հետո ՊՍԱ – ի ցուցանիշը չի նվազում ապա խորհուրդ է տրվում կատարելու կոնքի ՄՌՏ հետազոտթյուն, որից հետո շագանակագեղձի բիոպսիա վերջնական ախտորոշման նպատակով:
ՊՍԱ անալիզի ի՞նչ լրացուցիչ տվյալներ կան:
Նախկինում կիրառվում էին նաև ՊՍԱ անալիզի հետևյալ ցուցանիշները՝
- Ընդհանուր և ազատ ՊՍԱ հարաբերակցություն:
- ՊՍԱ տարիքային նորմատիվներ:
- ՊՍԱ խտություն:
- ՊՍԱ կրկնապատկման ժամանակ:
Այնուամենայնիվ վերջին տարիներին վերոնշյալ ցուցանիշները լայն կիրառում չեն գտել իրենց անրադյունավետության պատճառով:
Թեև ՊՍԱ անալիզի կատարումը հեղափոխեց շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշումը, այնուամենայնիվ ՊՍԱ – ն չի համարվում իդեալական մարկեր, հետևաբար բժիշկը համադրում է մատնային ռեկտալ քննության և մի շարք այլ հետազոտությունների տվյալներ՝ ախտորոշման ճշգրտման նպատակով: