Երիկամի և միզածորանի քարերի փշրում

Պերկուտան նեֆրոստոմիա

Պերկուտան նեֆրոստոմիան վիրահատական միջամտություն է, որի ժամանակ մաշկի միջով դեպի երիկամի ավազան անց է կացվում խողովակ՝ երիկամից մեզի արտահոսքը ապահովելու նպատակով:

Պերկուտան նեֆրոստոմիան հնարավորություն է տալիս երիկամի նորմալ գործունեության, կանխում է երիկամի հետագա վնասումը և բորբոքային պրոցեսի առկայության դեպքում նպաստում է վերջինիս վերացմանը: 

Որ դեպքերում է կատարվում պերկուտան նեֆրոստոմիա ?

Պերկուտան նեֆրոստոմիան հիմնականում կատարվում է հիդրոնեֆրոզի (երիկամի բաժակ-ավազանային համակարգի լայնացման) ժամանակ, որի պատճառները բազմազան են՝

- Երիկամի քար, որը խցանում է երիկամից մեզի հոսքը դեպի միզածորան:

- Միզածորանի խցանող քար:

- Միզածորանի վնասում:

- Միզածորանի նեղացում:

- Հետորովայնամզային տարածության ֆիբրոզ (Օրմոնդի հիվանդություն):

- Ուռուցքային հիվանդություններ, որոնք բերում են միզածորանի խցանման:

- Երիկամի կամ միզածորանի ֆունկցիայի գնահատման նպատակով: 

Ինչպես է կատարվում պերկուտան նեֆրոստոմիան ?

Պերկուտան նեֆրոստոմիան կարելի է կատարել և տեղային և ընդհանուր անզգայացման ներքո, սակայն եթե հիվանդի առողջական վիճակը թույլ է տալիս, ցանկալի է կատարել ընդհանուր անզգայացման ներքո, քանի որ այդ դեպքում հիվանդի շնչառությունը կառավարելի է, որը հեշտացնում է խողովակի տեղադրման գործընթացը և նվազեցնում է երիկամի վնասման հավանականությունը: Պերկուտան նեֆրոստոմիան կատարվում է ռենտգեն և ուլտրաձայնային հսկողության ներքո: Սկզբում մաշկի վրա կատարվում է փոքրիկ կտրվածք, որի միջով դեպի երիկամի ավազան անց է կացվում պունկցիոն ասեղ: Ասեղի միջոցով երիկամի ավազան լցվում է կոնտրաստ նյութ, և ռենտգեն հետազոտությամբ նկարվում է երիկամի բաժակ-ավազանային համակարգը: Այնուհետև ասեղի միջով անց է կացվում ուղեկցորդ, ասեղը հեռացվում է, և ուղեկցորդի վրայով երիկամի ավազան է անց կացվում խողովակը: Վերջինս իր թելով ֆիքսվում է, և մաշկին լրացուցիչ ֆիքսվում է կարով: Դրվում է ստերիլ վիրակապ: Խողովակին միացվում է միզատոպրակը, որի մեջ լցվելու է երիկամից դուրս եկող մեզը:

Վիրահատությունը միջինը տևում է 20 րոպե: 

Ինչ բարդություններ կարող են դիտվել պերկուտան նեֆրոստոմիայի ժամանակ ?

- Արյունահոսություն

- Հարակից օրգանների վնասում:

- Կոնտրաստ նյութից ալլերգիկ ռեակցիա:

Այս միջամտության ժամանակ բարդություններ քիչ են հանդիպում: 

Պերկուտան նեֆրոստոմիայի հետվիրահատական շրջանը

Պերկուտան նեֆրոստոմիայից հետո հիվանդը դուրս է գրվում հիվանդանոցից մեկ կամ մի քանի օր անց՝ ընդհանուր վիճակից կախված:

Դուրս գրվելուց հետո հիվանդին նշանակվում է դեղորայք, բացատրվում է ինչպես կատարել խողովակի խնամք, միզատոպրակի մեզը հաճախակի դատարկել, սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը:

Նեֆրոստոմային խողովակը հեռացվում է խնդիրների վերացումից հետո:

Պերկուտան նեֆրոստոմիա, նեֆրոստոմա, նեֆրոստոմայի տեղադրում, հիդրոնեֆրոզ, երիկամի լայնացում
4351 դիտում
420