medroom.am

Միզածորանի ստենտավորում

Միզածորանի ստենտը ապահովում է մեզի հոսք երիկամից դեպի միզապարկ: Այն հնարավոր է կարիք լինի տեղադրելու միզածորանի քարերի, միզածորանում մակարդուկի, ուռուցքի դեպքում և այլն: Այն մեծամասամբ տեղադրվում է կարճ ժամանակով, սակայն որոշ դեպքերում հնարավոր է կարիք լինի երկարատև պահպանման: 

Ինչ է միզածորանի ստենտը ?

Միզածորանի ստենտը բարակ ճկուն խողովակ է, որի ծայրերը պտտված են և պարունակում են բազմաթիվ մանր անցքեր: Մեծահասակների միզածորանի ստենտի երկարությունը միջինը 28 սմ է, իսկ տրամաչափը միջինում կազմում է 6 մմ: Այն տեղադրվում է երիկամից դեպի միզապարկ մեզի նորմալ հոսք ապահովելու նպատակով:

Երբ է անհրաժեշտություն լինում միզածորանի ստենտի տեղադրման ?

- Ամենահաճախը միզածորանի ստենտավորում կատարվում է միզածորանի քարերով խցանման դեպքում:

- Երիկամի քարերի հեռահար քարափշրումից առաջ կամ հետո:

- Միզածորանի քարերի էնդոսկոպիկ փշրումից առաջ կամ հետո:

- Միզածորանի խցանում մակարդուկներով:

- Միզածորանի նեղացումներ:

- Հետորովայնամզային տարածության ֆիբրոզ (Օրմոնդի հիվանդություն)

- Ուռուցքներ:

- Միզածորանի կամ երիկամի որոշ վիրահատություններից հետո: 

Ինչպես է կատարվում միզածորանի ստենտավորումը ?

Հիվանդին կատարվում է համապատասխան նախավիրահատական լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Վիրահատությունը ցանկալի է կատարել ընդհանուր անզգայացման ներքո:

Միջամտությունը սովորաբար կատարվում է ռենտգեն հսկողության ներքո, սակայն հղիության դեպքում կատարվում է ուլտրաձայնային հսկողության ներքո: Ցիստոսկոպ կոչվող գործիքը միզուկով անց է կացվում միզապարկ և միզածորանի բացվածքով դեպի երիկամի ավազան միզածորանով անց է կացվում ուղեկցորդ (ճկուն լար): Վերջինիս վրայով անց է կացվում միզածորանի ստենտը և ուղեկցորդը հեռացվում է: Երբեմն միզածորանի ստենտի տեղադրումից հետո ժամանակավորապես տեղադրվում է նաև ուրետրալ կատետեր (եթե առկա է միզուղիների բորբոքային պրոցեսս, կամ եթե հիվանդը ունի դժվարամիզություն):

Միջամտությունը միջինը տևում է 10 րոպե:

Եթե միզուղիներում բորբոքային պրոցեսս չկա, ապա հիվանդը կարող է դուրս գրվել հիվանդանոցից միջամտությունից 1 ժամ անց:

Հիվանդին նշանակված դեղորայքից բացի խորհուրդ է տրվում ընդունել մեծ քանակությամբ հեղուկներ, քանի որ քիչ ընդունելու դեպքում մեզում առկա աղերը կարող են խցանել ստենտը և հնարավոր է միզածորանի ստենտը փոխելու կարիք լինի: 

Ինչ երևույթներ կարող են դիտվել միզածորանի ստենտավորումից հետո ?

Մեզի մեջ արյան առկայություն, որը ունենում է ժամանակավոր բնույթ և սովորաբար առաջանում է ֆիզիկական ակտիվության արդյունքում: Նման դեպքերում խորհուրդ է տրվում լինել պասիվ, քիչ շարժուն և խմել մեծ քանակությամբ հեղուկներ և արդյունքում արյունամիզությունը վերանում է: Եթե գանգատները շարունակվում են, ապա պետք է դիմել բժշկի:

Հաճախամիզություն, որը պայմանավորված է օտար մարմնի (միզածորանի ստենտի) հանդեպ օրգանիզմի պատասխան ռեակցիայով: Այս գանգատը վերանում է մոտ օրերի ընթացքում:

Ցավ գոտկային շրջանում, որը կարող է դիտվել գերլցված միզապարկի դեպքում, երբ հիվանդը երկար ժամանակ զսպում է միզարձակությունը՝ արդյունքում մեզը միզապարկից միզածորանի ստենտով ետ է բարձրանում երիկամի ավազան և վերջինիս մեջ ստեղծելով բարձր ճնշում առաջացնում է ցավ: Հետևաբար ցավերից խուսափելու համար անհրաժեշտ է հաճախակի միզել:

Գոտկային շրջանում ցավեր կարող են դիտվել նաև փորկապության ժամանակ, երբ աղիների գործելու ընթացքում որովայնում ստեղծվում է բարձր ճնշում և արդյունքում միզապարկում առկա նույնիսկ քիչ քանակությամբ մեզը կարող է ստենտի միջոցով բարձրանալ երիկամ և առաջացնել ցավ:

Ցավ կարող է դիտվել նաև միզածորանի ստենտի խցանման դեպքում, եթե հիվանդը ընդունում է քիչ քանակությամբ հեղուկներ և նման դեպքում հնարավոր է կարիք լինի խցանված ստնետի փոխարինման:

Վերոնշյալը հաշվի առնելով հիվանդի կողմից մեծ քանակությամբ հեղուկների ընդունումը, ֆիզիկական ակտիվության սահմանափակումը, աղիների նորմալ գործունեության հետևելը կկանխի թվարկված երևույթների առաջացումը: 

Որքան ժամանակող է տեղադրվում միզածորանի ստենտը ?

Եթե պատճառը միզածորանի կամ երիկամի քարն է, ապա մինչև քարափշրումների արդյունքում քարերի բավարար չափով մանրացումը: 

Միզածորանի քարի էնդոսկոպիկ փշրումից հետո սովորաբար թողնվում է 2 շաբաթ ժամկետով:

Միզածորանի պլաստիկ վիրահատություններից հետո, որը կատարվում է միզածորանի նեղացման ժամանակ, սովորաբար ստենտը հեռացվում է 1 ամսից: 

Ինչպես է կատարվում միզածորանի ստենտի հեռացումը ?

Այն սովորաբար կատարվում է տեղային անզգայացման ներքո ցիստոսկոպ կոչվող գործիքի օգնությամբ, որի աշխատանքային խողովակով դեպի միզապարկ անց կացված սեղմակի օգնությամբ բռնվում է միզածորանի ստենտի միզապարկային ծայրը և հեռացվում:

Շատ հազվադեպ կարող է տեղի ունենալ միզածորանի ստենտի կրակալում, որի ժամանակ հնարավոր չի լինում մեկ փուլով հեռացնել ստենտը: Դա տեղի է ունենում այն դեպքերում, երբ հիվանդը չի հետևում բժշկի խորհրդներին՝ չի խմում բավարար քանակությամբ հեղուկներ և չի ներկայանում նշված ժամկետներում. Ստենտի միզապարկային և երիկամային ծայրերի վրա առաջանում են քարեր, որոնք խոչընդոտում են ստենտի հեռացմանը: Նման պարագայում կատարվում է ստենտի միզապարկային ծայրի և երիկամային ծայրի վրա գոյացած քարերի քարափշրում, որից հետո նոր հնարավոր է լինում հեռացնել միզածորանի ստենտը:

 

Միզածորանի ստենտավորում
6565 դիտում
467