medroom.am
Միզածորանի քարի փշրումը էնդոսկոպիկ եղանակով կատարվում է ուրետերոռենոսկոպ կոչվող գործիքի օգնությամբ: Վերջինս բարակ գործիք է, որի միջոցով կարելի է անցնել միզուկով (միզային խողովակ) դեպի միզապարկ և այնտեղից միզածորանով (երիկամը միզապարկին միացնող ծորան) դեպի երիկամի բաժակ – ավազանային համակարգ: Այս գործիքը ունի օպտիկա, որը ապահովում է տեսանելիությունը և ունի աշխատանքային խողովակներ տեսադաշտը մաքրող հեղուկի ներմուծման և դուրս բերման համար և մյուս խողովակի միջոցով կարելի է անց կացնել օժանդակող գործիքներ՝ քարափշրման զոնդ, քարերի էվակուացիայի զամբյուղ կամ սեղմակներ քարի բեկորների դուրս բերման համար:
Ուրետերոռենոսկոպիայի (միզածորանի և երիկամի բաժակ – ավազանային համակարգի դիտում) անհրաժեշտություն է լինում նաև մի շարք այլ խնդիրների դեպքում՝ միզածորանի նորագոյացության կասկած, արյունամիզություն, միզածորանում օտար մարմինների առկայություն, միզածորանի խուղակներ և այլն, սակայն մեծամասամբ այս միջամտությունը կատարվում է միզածորանի քարերի փշրման և դուրս բերման համար:
Միզածորանի միջին և ստորին երրորդականի քարերի դեպքում անկախ քարի չափից առաջին գիծ բուժական եղանակ է: Իսկ միզածորանի վերին երրորդականի քարերի դեպքում հեռահար քարափշրման հետ գրեթե հավասար արդյունավետություն ունի:
Ռենտգեն նեգատիվ քարերի դեպքում, երբ վիզուալիզացիան հեռահար քարափշրման համար դժվարացած է:
Եթե քարի խտությունը մեծ է 1000 HU (Hounsfield unit) – ից, որը չափվում է համակարգչային շերտագրման եղանակով:
Երիկամի ավազանի մինչև 2սմ չափի կարծր քար խտությունը մեծ է 1000 HU – ից:
Հեռահար քարափշրումից կամ պերկուտան քարափշրումից հետո մնացած մնացորդային քարեր, steinstrasse (քարերի շարան միզածորանում):
Հեռահար քարափշրման անարդյունավետություն հատկապես ավելորդ քաշով հիվանդների մոտ:
Մակարդելիության շեղումներով կամ հակամակարդիչ դեղորայք ընդունող հիվանդների մոտ, որոնց հեռահար քարափշրումը հակացուցված է:
Եթե առկա է միզային ինֆեկցիա սուր փուլում
Եթե առկա է միզածորանի նեղացում
Երկու դեպքերում էլ կատարվում է միզածորանի ստենտավորում: Սուր միզային ինֆեկցիայի դեպքում հակաբակտերիալ բուժումից և մեզի բակտերիոլոգիական անալիզի բավարար պատասխանից հետո կարելի է կատարել քարափշրում: Իսկ միզածորանի նեղացման դեպքում միզածորանի ստենտավորումից 2 – 4 շաբաթ անց կարելի է կատարել քարափշրումը:
Վիրահատությունը կատարվում է ողնուղեղային կամ ընդհանուր անզգայացման ներքո՝ վերջինս նախընտրելի է, քանի որ հնարավոր է քարի միգրացիա միզածորանի ավելի բարձր դիրք, կամ դեպի երիկամ, որի ժամանակ ողնուղեղային ցավազրկումը կարող է բավարար չլինել:
Հիվանդներին զգուշացվում է, որ հնարավոր է կարիք լինի կրկնակի միջամտության, եթե պարզվի, որ հիվանդի մոտ առկա է միզածորանի նեղացում, կամ արյունային մեզ, որը կխանգարի միջամտությանը:
Վիրահատության տևողությունը կախված է քարի դիրքից, չափերից, կարծրության աստիճանից և միջինը տևում է 20 րոպե: Երբեմն վիրահատության վերջում կարիք է լինում միզածորանի ստենտի տեղադրման, որը հեռացվում է 2 շաբաթ անց:
Հիվանդները դուրս են գրվում վիրահատության օրը, կամ 1 օր անց կախված ընդհանուր վիճակից: