medroom.am

Սուր չբարդացած ցիստիտ

Ուրոլոգիական բորբոքային հիվանդությունների մեջ ամենահաճախ հանդիպող խնդիրներից է սուր չբարդացած ցիստիտը: Ամեն տարի կանանց 10% - ի մոտ դիտվում է սուր չբարդացած ցիստիտ: Բոլոր կանանց առավել քան 50% - ի մոտ կյանքի ընթացքում դիտվում է սուր չբարդացած ցիստիտի նվազագույնը մեկ էպիզոդ: Սուր չբարդացած ցիստիտ առավել քիչ դիտվում է մինչսեռահասուն տարիքում և չբարդացած ցիստիտի դեպքերը ավելանում են 20 – 40 տ. կանանց և աղջիկների մոտ:

Որո՞նք են սուր չբարդացած ցիստիտի առաջացմանը նպաստող գործոնները:

-   Մեզի հոսքի նվազում

-   Ստորին միզուղիների օբստրուկցիա (արգելք միզարձակման ճանապարհին)՝ շագանակագեղձի ադենոմա, շագանակագեղձի քաղցկեղ, միզուկի նեղացում, քար կամ օտար մարմին միզուկում կամ միզապարկում:

-   Նեյրոգեն միզապարկ

-   Հեղուկի անբավարար ընդունում 

Ո՞րոնք են սուր ցիստիտ առաջացնող բակտերիաների կոլոնիզացիայի նպաստող գործոններ:

-   Սեռական հարաբերությունները, որոնք նպաստում են բակտերիաների ներթափանցմանը:

-   Սպերմիցիդ պրեպարատների կիրառումը – նպաստում է բակտերիաների հպմանը հեշտոցի լորձաթաղանթին:

-   Հակաէստրոգենային պրեպարատները – նպաստում են բակտերիաների հպմանը հեշտոցի լորձաթաղանթին:

-   Հակաբակտերիալ դեղամիջոցները – նաև ճնշում կամ վերացնում են պաշտպանիչ նորմալ միկրոֆլորան: 

Ո՞րոնք են սուր ցիստիտին նախորդող բակտերիաների վերել ընթացքին նպաստող գործոնները:

-   Միզապարկի կատետերիզացիա:

-   Անմիզապահությունը:

-   Անկղապահությունը:

-   Միզարձակումից հետո մնացորդային մեզի առկայությունը և միզապարկի պատի բարակումը:

Ո՞ր բակտերիաներն են չբարդացած ցիստիտի առաջացման պատճառը:

75 – 90% ցիստիտների դեպքում մեզի բակտերիոլոգիական քննությամբ հայտնաբերվում է աղիքային ցուփիկ (E. coli) բակտերիան: 10 – 20% դեպքերում ցիստիտի պատճառը մաշկի վրա գտնվող S. saprophyticus բակտերիան է: Klebsiella, Proteus և Enterococcus բակտերիաները հանդիպում են առավել քիչ:

Ի՞նչ գանգատներ են կարող են դիտվել սուր ցիստիտի ժամանակ:

Սուր ցիստիտ ժամանակ մեծամասամբ հանդիպում են հետևյալ 7 գանգատները՝

-   Հաճախամիզություն

-   Միզելու անզուսպ ցանկություն

-   Ցավոտ միզարձակություն

-   Միզելուց հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն

-   Ցավ կամ ճնշող զգացողություն վերցայլային շրջանում

-   Ցավ սրբանային հատվածում

-   Արյունամիզություն

Վերոնշյալ գանգատները ցիստիտից բացի կարող են դիտվել են նաև մի շարք այլ հիվանդությունների ժամանակ (Օր. Միզուկի նեղացում, շագանակագեղձի ադենոմա, շագանակագեղձի քաղցկեղ և այլն): Հետևաբար անհրաժեշտ է կատարել տարբերակիչ ախտորոշում:

Քանի որ ցիստիտի ժամանակ բորբոքային գործընթացի մեջ ընդգրկվում է միզապարկի մակերեսային շերտը, ապա դող և սարսուռ չի դիտվում:

Ի՞նչ լաբորատոր և գործիքային հետազոտություններ են անհրաժեշտ կատարել ցիստիտի ախտորոշման ժամանակ:

Մեզի ընդհանուր քննություն – մեզի մեջ դիտվում է լեյկոցիտների և էրիթրոցիտների քանակի ավելացում: Կարող են դիտվել նաև բակտերիաներ:

Մեզի բակտերիոլոգիական քննություն – այս հետազոտության միջոցով հայտնաբերվում է ցիստիտ առաջացնող բակտերիան կամ բակտերիաները և որոշվում է զգայունություն հակաբիոտիկների նկատմամբ:

Ուրոֆլոումետրիա – այս հետազոտության օգնությամբ գնահատվում է հիվանդի միզարձակումը թվայնացված: Մեզի շիթի թուլացումը և միզելուց հետո մնացորդային մեզի առկայությունը խոչընդոտում է միզուղիներից բակտերիաների վերացմանը:

Միզուղիների գերձայնային հետազոտություն – որի միջոցով կարող են հայտնաբերվել միզային ինֆեկցիայի նպաստող գործոններ՝ միզապարկի քար, միզապարկի դիվերտիկուլ, շագանակագեղձի գերաճ և այլն:

Ինչպե՞ս է բուժվում չբարդացած ցիստիտը:

Չբարդացած ցիստիտի ժամանակ նշանակվում է հակաբակտերիալ բուժում 3 – 7 օր ժամանակով: Հիվանդների 90% - ի մոտ նշված ժամկետում դիտվում է լավացում: Մնացած դեպքերում հնարավոր է լինի երկարատև բուժման կարիք:

Եթե հիվանդի մոտ առկա է միզարձակության վատացում, որը կանանց մոտ մեծամասամբ պայմանավորված է լինում միզապարկի վզիկի սկլերոզով, ապա անհրաժեշտ է վիրահատական բուժում՝ միզապարկի վզիկի էնդոսկոպիկ հատում:

Միզապարկի քարերի դեպքում անհրաժեշտ է կատարել քարափշրում և քարերի հեռացում, քանի որ միզապարկում քարի առկայությունը պահպանում է միզային ինֆեկցիան:

Ցիստիտ, սուր ցիստիտ
3551 դիտում
132