medroom.am

Շագանակագեղձի ադենոմա: առաջացման պատճառները և ախտորոշումը

Շագանակագեղձի բարորակ գերաճը կամ շագանակագեղձի ադենոման տղամարդկանց մոտ ամենահաճախ հանդիպող բարորակ գոյացությունն է: Այն կարող է առաջացնել ստորին միզուղիների ախտանիշներ, այդ իսկ պատճառով խմբավորվել է ստորին միզուղիների ախտանիշներ պաթոլոգիայի անվան տակ:

41 – 50 տարեկան տղամարկանց մոտ շագանակագեղձի ադենոման հայտնաբերվում է 20% դեպքերում, 51 – 60տ հասակում 50% դեպքերում և աստիճանաբար ավելանում է 60տ – ից հետո: 

Որոնք են շագանակագեղձի ադենոմայի առաջացման վտանգի գործոնները ?

Շագանակագեղձի ադենոմայի առաջացումը կարող է պայմանավոված լինել մի շարք գործոններով՝

Ժառանգական գործոնապացուցվել է, որ շագանակագեղձի ադենոմայով հիվանդների առաջին կարգի տղամարդ հարազատների մոտ ադենոմայի առաջացման հավանականությունը քառակի ավելանում է:

Հորմոնալ գործոնապացուցվել է, որ շագանակագեղձի ադենոմայի առաջացման և զարգացման մեջ մեծ դեր են խաղում տեստոստերոնի (տղամարդկանց հորմոն) և էստրոգենի (կանանց հորմոն, որը քիչ քանակությամբ առկա է նաև տղամարդկանց մոտ) հարաբերակցության փոփոխությունը արյան մեջ: Նաև այդ պատճառով է բացատվում այն փաստը, որ շագանակագեղձի ադենոմայի առաջացման հավանականությունը ավելանում է տարիքի հետ կապված, քանի որ տարիքի ավելացման հետ զուգահեռ տղամարդկանց մոտ նվազում է տեստոստերոնի մակարդակը և ավելանում է էստրոգենների մակարդակը:

Բորբոքային գործոնապացուցվել է, որ շագանակագեղձի խրոնիկ բորբոքային պրոցեսսը (խրոնիկ պրոստատիտ) նույնպես նպաստում է շագանակագեղձի ադենոմայի զարգացմանը, քանի որ բորբոքման ժամանակ արտադրվում են նյութեր, որոնք խթանում են հյուսվածքների աճը:

Նստակյաց ապրելակերպըապացուցվել է, որ նման պարագայում վատանում է կոնքի օրգանների արյան շրջանառությունը, որը բերում է նաև շագանակագեղձի թերսնուցման և թթվածնաքաղցի: Այս պայմաններում արտադրվում են նյութեր, որոնք խթանում են շագանակագեղձի հյուսվածքի աճը և նպաստում են շագանակագեղձի ադենոմայի զարգացմանը: 

Ինչ հետազոտություններ են անհրաժեշտ շագանակագեղձի ադենոմայի ախտորոշման համար ? 

Հիվանդության պատմությունառաջին ամենակարևոր փուլն է հիվանդի հետ զրույցը, քանի որ այս ընթացքում ստացվում են տվյալներ հիվանդության տևողության, զարգացման և առաջացրած բարդությունների  վերաբերյալ:

Շագանակագեղձի ադենոմայով հիվանդներին կարող է առաջարկվել լրացնել ստորին միզուղիների ախտանիշների գնահատման միջազգային հարցաշար, որի միջոցով կարելի է պատկերացում կազմել գանգատների ինտենսիվության և բնույթի մասին:

Ինչ գանգատներ կարող են դիտվել շագանակագեղձի ադենոմայի ժամանակ ?

Շագանակագեղձի ադենոմայով հիվանդների մոտ կարող են դիտվել՝

- Դժվարամիզություն

- Մեզի շիթի թուլացում

- Հաճախամիզություն

- Գիշերային հաճախացած միզարձակում

- Միզելու անզուսպ ցանկություն

- Միզելուց հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն

- Ընդհատումներով միզարձակում

- Արյունամիզություն

Շագանակագեղձի ադենոմայի ժամանակ ստորին միզուղիների ախտանիշների գնահատման համար ցանկալի է հիվանդը լրացնի միզարձակման օրագիր 3 օր ժամանակահատվածի համար՝ նշելով ընդունած հեղուկի ժամերը և քանակը, և միզարձակման ժամերը և մեզի ծավալը:

Շագանակագեղձի ադենոմայի ախտորոշման ժամանակ անհրաժեշտ է կատարել մարմնի զննում, և մատնային ռեկտալ քննություն:

Մատնային ռեկտալ քննության ժամանակ գնահատվում է շագանակագեղձի չափերը, սիմետրիկ է, թե ոչ, շագանակագեղձի հյուսվածքի կոնսիստենցիան(քարացած է, թե պինդ-էլաստիկ), ցավոտ է, թե ոչ, ուղիղ աղու լորձաթաղանթի շարժունակությունը, սերմնաբշտերը շոշափվում են թե ոչ, ուղիղ աղու փականի տոնուսը: Հիվանդը պետք է նկատի ունենա, թե որքան ինֆորմատիվ է այս հետազոտությունը և չպետք է խուսափի այն կատարելուց:

Ինչ լաբորատոր անալիզներ է պետք կատարել շագանակագեղձի ադենոմայի ախտորոշման ժամանակ ?

Մեզի ընդհանուր քննությունորի միջոցով կարող ենք տվյալներ ստանալ միզուղիներում բորբոքային վիճակի առկայության վերաբերյալ, երիկամների գործունեության վերաբերյալ:

Պրոստատ սպեցիֆիկ անտիգենի (ՊՍԱ) որոշումը արյան մեջ, որը օգնում է կանխորոշել շագանակագեղձի գերաճի հյուսվածքային բնույթը (բարորակ գերաճ է – շագանակագեղձի ադենոմա, թե չարորակ):

Երիկամների ֆունկցիան գնահատելու համար կծիկային ֆիլտրացիայի կամ կրեատինինի որոշում:

Գլյուկոզայի որոշում արյան մեջ, քանի որ դիաբետով հիվանդների մոտ ստորին միզուղիների ախտանիշները կարող են ընթանալ առավել արտահայտված:

Ինչ գործիքային հետազոտություններ են անհրաժեշտ շագանակագեղձի ադենոմայի ախտորոշման փուլում ?

Միզուղիների գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) – այս հետազոտության միջոցով կարելի է գնահատել շագանակագեղձի չափերը, մեծացման բնույթը, ներմիզապարկային բաղադրիչի առկայությունը և ձևը, միզապարկը, երիկամները, միզարձակումից հետո մնացորդային մեզի առկայությունը: Միզապարկի պատի հաստությունը 250մլ – ից ավել լցվածության դեպքում կանխորոշիչ նշանակություն ունի: Այս հետազոտության առավելությունը այն է, որ մատչելի է, առողջության համար անվնաս է, առկա է գրեթե բոլոր բուժ հաստատություններում:

Ուրոֆլոումետրիա – այս հետազոտության միջոցով գնահատվում է միզարձակման մաքսիմալ արագությունը, միջին արագությունը և մի շարք այլ ցուցանիշներ:

Ցիստոտոնոմետրիա – եթե կասկած կա միզապարկի ֆունկցիոնալ խանգարման:

Շագանակագեղձի ադենոմա վերջնական ախտորոշումը դրվում է շագանակագեղձի բիոպսիայի կամ շագանակագեղձի վիրահատությունից հետո հյուսվածքաբանական հետազոտության արդյունքում:

Շագանակագեղձի ադենոմա
4664 դիտում
154