medroom.am

Միզուղիների ինֆեկցիաների առաջացման մեխանիզմները

Միզուղիների ինֆեկցիաները դասվում են ամենահաճախ հակաբիոտիկ նշանակվող հիվանդությունների շարքին: Կարող են հանդիպել ցանկացած տարիքում թե կանանց և թե տղամարդկանց մոտ: Միզուղիների ինֆեկցիաները կարող են առաջացնել մի շարք բարդություններ և որոշ դեպքերում կարող են բերել հիվանդի կյանքին սպառնացող իրավիճակների:

Եթե ինֆեկցիոն գործընթացի մեջ ընդգրկված է միզապարկը, ապա այն դրսևորվում է ցիստիտի ձևով, իսկ եթե՝ երիկամների բաժակ - ավազանային համակարգը՝ պիելոնեֆրիտի ձևով: 

Վերջին հետազոտությունները ապացուցել են, որ մեզը ստերիլ չէ: Մեզում առկա են բակտերիաներ, որոնք ունեն պաշտպանական նշանակություն, որոնց դեմ պայքարել պետք չէ:

Ո՞րն է միզուղիների ինֆեկցիայի սահմանումը:

Միզուղիների ինֆեկցիան միզուղիների լորձաթաղանթի պատասխան բորբոքային ռեակցիան է բակտերիաների ներթափանցման ժամանակ, որը սովորաբար ուղեկցվում է բակտերիուրիայով և պիուրիայով (թարախային մեզ):

Բակտերիուրիան մեզի մեջ բակտերիաների առկայությունն է: Մեզի մեջ բակտերիաների առկայությունը կարող է լինել միզուղիների ինֆեկցիաների կամ բակտերիաների գաղութացման նշան: Որոշ դեպքերում մեզում կարող է բակտերիա չհայտնաբերվել, սակայն բակտերիաները լինեն միզուղիների լորձաթաղանթի մեջ:

Պիուրիան մեզի մեջ արյան սպիտակ գնդիկների քանակի ավելացումն է, որը կարող է լինել ինչպես ինֆեկցիոն այլնպես էլ ոչ ինֆեկցիոն բորբոքման արդյունքում:

Միզուղիներ ինֆեկցիաների թափանցման ի՞նչ ճանապարհներ կան:

Միզուղիների ինֆեկցիաների վերել ճանապարհ - երբ բակտերիաները միզուկով անցնում են դեպի միզապարկ և այնտեղից միզածորանով կարող են բարձրանալ դեպի երիկամների բաժակ – ավազանային համակարգ: Միզապարկից դեպի երիկամ բակտերիաների անցման գործընթացին կարող են նպաստել գրամ – բացասական բակտերիաների տոքսինները, միզածորանի նեղացումները, հղիությունը, որոնք ունենում են հակապերիստալտիկ էֆֆեկտ:   

Միզուղիների ինֆեկցիաների հեմատոգեն ճանապարհ - երբ բակտերիաները կամ սնկերը երիկամ են թափանցում արյունատար անոթների միջոցով: Այս ճանապարհով թափանցումը հազվադեպ է լինում: Մասնավորապես կարող է լինեն Staphilococcus aureus բակտերիայի թափանցում խրոնիկ բորբոքման օջախի (քթում, ականջներում, ըմպանում) պարագայում:  

Միզուղիների ինֆեկցիաների լիմֆատիկ ճանապարհայս դեպքում բակտերիաները հարակից հպվող օրգանների կամ կառուցվածքների սուր բորբոքային պրոցեսսի ժամանակ կարող են անցնել դեպի միզուղիներ: Օրինակ աղիների սուր բորբոքման ժամանակ:

Մեզի մեջ հիմնականում հայտնաբերվում են աղիքային բակտերիաներ: Staphylococcus epidemidis բակտերիան և Candida albicans սնկերը մեզի մեջ հայտնվում են հեշտոցից կամ շեքից անցման պատճառով:

Մեզում հայտնաբերվող բակտերիաների 85% դեպքերում դիտվում է E. coli (աղիքային ցուփիկ): Սակայն կարող են հայտնաբերվել նաև Proteus, Klebsiella, Enterococcus faecalis և այլ բակտերիաներ:

Երբեմն մեզի ստանդարտ բակտերիոլոգիական քննությամբ կարող ենք ստանալ մաքուր պատկեր, սակայն մեզում կարող են հայտնաբերվել Ureaplasma urealyticum, Mycoplasma hominis կամ Gardnerella vaginalis:  

Միզուղիներում հազվադեպ կարող է լինել նաև տուբերկուլյոզի հարուցիչ, որի հայտնաբերման համար անհրաժեշտ են յուրահատուկ հետազոտության մեթոդներ:

Քանի որ միզուղիների ինֆեկցիաների դեպքերի մեծ մասը պայմանավորված է լինում աղիքային ցուփիկով, հետազոտությունների ուշադրության կենտրոնում հենց այդ հարուցիչն է, և հոդվածում առավել մեծ ուշադրություն է դարձվել աղիքային ցուփիկի վրա:

Որո՞նք են աղիքային ցուփիկի (E. coli) միզուղիներ ներթափանցման փուլերը:

-   Խմբավորում հարմիզուկային, հեշտոցային և ներմիզուկային հատվածում:

-   Բարձրացում դեպի միզապարկ:

-   Հպում միզապարկի լորձաթաղանթին և պայքար պաշտպանական մեխանիզմների հետ:

-   Բիոֆիլմի ստեղծում:

-   Ներբջջային բակտերիալ կոմունաների ստեցծում ենթալորձաթաղանթային շերտում:

-   Որոշ դեպքերում կոլոնիզացիա երիկամներում, հյուսվածքների վնասում և սեպսիսի առաջացում:

Աղիքային ցուփիկի հպումը լորձաթաղանթին տեղի է ունենում հատուկ ելունների միջոցով՝ pili-1, որը մաննոզա զգայուն է՝ Մաննոզան արգելակում է ադհեզիան (բակտերիայի հպումը լորձաթաղանթին): Այս ելուններով աղիքային ցուփիկները մեծամասամբ հայտնաբերվում են ցիստիտների ժամանակ: Իսկ P -pili ելուններ ունեցող աղիքային ցուփիկի տեսակները 90% դեպքերում հայտնաբերվում են պիելոնեֆրիտների ժամանակ:  

Ինչ դե՞ր ունեն հեշտոցի լորձաթաղանթի բջիջները միզուղիների ինֆեկցիաների զարգացման ժամանակ:

Ապացուցվել է, որ միզային ինֆեկցիաներով առավել հաճախ հիվանդանում են այն կանայք, որոնց հեշտոցի լորձաթաղանթի բջիջները ավելի մեծ հակվածություն ունեն բակտերիաների հետ միացման: Պարզվել է նաև, որ այդ կանանց բերանի լորձաթաղանթի բջիջները նույնպես հակվածություն ունեն բակտերիաների հետ միացման:

Մենստրուալ ցիկլի սկզբնական օրերին  բակտերիաների կոնցենտրացիան լորձաթաղանթի բջիջների մակերեսին ավելի բարձր է վերջին օրերի համեմատ: Այն ավելանում է նաև պոստմենոպաուզալ կանանց մոտ: Այսինքն հորմոնալ փոփոխությունները նույնպես ազդում են բակտերիաների կոնցենտրացիայի վրա, հետևաբար հորմոնալ բուժումը՝ նույնպես: Այսինքն էստրոգենների փոխարինող բուժումը նվազեցնում է միզային ինֆեկցիաների առաջացման հավանականությունը:

Հեշտոցի լորձաթաղանթի կողմից արտադրով լորձի իմմունոգլոբուլին A – ն ճնշում է բակտերիաների կոլոնիզացիան:

Ի՞նչ դեր ունեն միզապարկի լորձաթաղանթի բջիջները միզուղիների ինֆեկցիայի զարգացման ժամանակ:

Միզապարկի լորձաթաղանթի մակերեսային բջիջների վրա առկա են սպիտակուցներ, որոնք կոչվում են ուրոպլակին: Պարզվել է, որ աղիքային ցուփիկը pili – 1 ելուններով կապվում է ուրոպլակին UPIa և UPIb սպիտակուցներին և թափանցում ներբջջային տարածություն: Բջջի ցիտոպլազմայում բակտերիաները բազմանում են առաջացնելով բակտերիալ կոմմունաներ: Այս կոմմունաները իրենց շուրջ ստեղծում են հատուկ ծածկույթ (բիոֆիլմ), որը պաշտպանում է օրգանիզմի իմմուն պատասխանից: Այս տեղից հասուն ձևերը նորից կարող են անցնել միզապարկի լուսանցք և ակտիվացնել միզուղիների ինֆեկցիոն գործընթացը՝ նաև ներթափանցելով բջիջների մեջ առաջացնելով արատավոր շրջան:

Բակտերիաների դեմ միզային համակարգի ի՞նչ պաշտպանական մեխանիզմներ կան:

Հարմիզուկային շրջանում և միզուկում նորմայում առկա են միկրոօրգանիզմներ (լակտոբացիլներ, կոագուլազա-բացասական ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր, կորինեբակտերիաներ և այլն), որոնք կանխում են ախտածին բակտերիաների գաղութացումը և ներթափանցումը: Հեշտոցում էստրոգենների հետ կապված իմմունոգլոբուլին A – ի կոնցենտրացիայի փոփոխությունը, թթվա-հիմնային հավասարակշռության փոփոխությունը կարող է անբարենպաստ պայմաններ ստեղծել պաշտպանիչ բակտերիաների բնակեցման համար: Առավել վնասակար ազդեցություն ունի հակաբիոտիկների և հակասպերմալ դեղամիջոցների կիրառումը:

Մեզի օսմոլյարությունը, միզաթթվի կոնցենտրացիան, օրգանական թթուների առկայությունը, pH – ը: Բակտերիաների աճը ճնշվում է նոսր մեզի՝ բարձր օսմոլյար մեզի և pH – ի նվազեցման պարագայում:

Երիկամների կողմից արտադրվող Ուրոմոդուլինի (Թամ-Հորսֆոլի սպիտակուց) արտադրությունը կապում է բակտերիաների pili – 1 ելունները և կանխում է բակտերիաների միացումը ուրոպլակինին և ներթափանցումը բջջի ներս:

Միզապարկի պաշտպանական մեխանիզմներից մեկը պարբերաբար մեզից դատարկվելն է: Մյուս մեխանիզմը լորձաթաղանթի բջիջների մեռուկացումը և փոխարինումը նոր բջիջներով:

Ինչպե՞ս է արձագանքում իմունային համակարգը միզուղիների ինֆեկցիաների ժամանակ:

Միզուղիների լորձաթաղանթի մակերեսային բջիջների վրա առկա են Toll-like ընկալիչներ TLR, որոնք կապվելով բակտերիաների մակերեսին գտնվող պոլիսախարիդներին կարողանում են ճանաչել օտարը և ակտիվացնում են բնածին իմուն պատասխան: Միզապարկում հայտնաբերվել են TLR-4 ընկալիչներով բջիջներ իսկ երիկամներում՝ TLR-11: Բնական իմունիտետին մասնակցում են նաև մի շարք այլ բջիջներ՝ նեյտրոֆիլներ, մակրոֆագեր, բնական քիլլերներ, պարարտ բջիջներ, դենտրիտիկ բջիջներ: Հարմարողական իմուն պատասխանը կատարվում է T և B լիմֆոցիտների ներգրավմամբ, որը առավել բարդ գործընթաց է:

Աղիքային ցուփիկի որոշ ենթատեսակներ կազմափոխում են TLR ընկալիչները, այդպիսով շրջանցելով այդ պաշտպանական մեխանիզմը:

Միզային ինֆեկցիայի զարգացման ի՞նչ նպաստող գործոններ կան:

Միզուղիների նեղացում: Ցանկացած նեղացում, որը խանգարում է մեզի հոսքին բարենպաստ պայմաններ է ստեղծում մեզի կանգի, և բակտերիաների բազմացման համար:

Միզապարկ-միզածորանային ռեֆլյուքս (հետհոսք):

Նորմայում միզածորանի միզապարկին միացման հատվածում առկա է փականային մեխանիզմ, որը թույլ չի տալիս մեզի հետհոսք միզապարկից դեպի միզածորան և երիկամներ: Սակայն, եթե այդ մեխանիզմը բնածին կամ ձեռքբերովի մեխանիզմներով նորմալ չի գործում, ապա բարենպաստ պայման է ստեղծվում բակտերիաների անցման համար դեպի վերին միզուղիներ:

Շաքարային դիաբետ:

Այս հիվանդության ժամանակ մեծանում է միզելուց հետո մնացորդային մեզի առաջացման հավանականությունը, նվազում է իմուն պատասխանը, որոնք նպաստում են միզային ինֆեկցիայի զարգացմանը:

Միզուղիների ինֆեկցիաների զարգացմանը նպաստում են նաև իմունային անբավարարության հիվանդություններ, ողնաշարի վնասվածքներ, հղիության ժամանակ առաջացող բակտերիուրիան, մենոպաուզան (դաշտանադադար), երիկամի փոխպատվաստումը և այլն:

Միզուղիների ինֆեկցիա
3241 դիտում
114