medroom.am

Մեատոստենոզ (միզուկի արտաքին բացվածքի նեղացում)

Միզուկի արտաքին բացվածքի նեղացումը սովորաբար լինում է ձեռքբերովի, սակայն կարող է լինել նաև բնածին: Մեատոստենոզը եթե արտահայտված է, ապա առաջացնում է միզարձակման խնդիրներ, կարող է բերել միզապարկի ոչ լրիվ դատարկման, միզային ինֆեկցիայի զարգացման և այլ խնդիրների: 

Որոնք են մեատոստենոզի առաջացման պատճառները ?

Վաղ մանկական հասակում մեատոստենոզի առաջացմանը նպաստում են մեզի մեջ գտնվող միզաթթվի և ամոնիումի բյուրեղները, որոնք մանկական տակդիրների ուշ փոխելու պարագայում բերում են միզուկի արտաքին բացվածքի թեթևակի բորբոքման և հետագա նեղացման:

Մեատոստենոզի առաջացման նպաստող գործոններից են նաև՝

- Առնանդամի գլխիկի տրավման:

- Առնանդամի գլխիկի բորբոքումները (Բալանիտ, բալանոպոստիտ):

- Ֆիմոզ (Ծայրային թլիպի նեղացում):

- Միզային կատետերների երկարաժամկետ տեղադրումը:

- Որոշ ուրոլոգիական վիրահատություններ (Օր. Հիպոսպադիայի վիրահատական շտկում): 

Ինչ գանգատներ կարող են դիտվել մեատոստենոզի ժամանակ ?

- Միզարձակման ժամանակ ցավոտություն կամ այրոցի զգացում:

- Հաճախամիզություն:

- Մեզի շիթի թուլացում:

- Միզարձակման անզուսպ ցանկություն:

- Միզարձակության վերջում աննշան արյան հետք միզուկի արտաքին բացվածքում: 

Ինչպես է ախտորոշվում մեատոստենոզը ?

Միզուկի արտաքին բացվածքի նեղացումը կարելի է հայտնաբերել ինքնազննման ժամանակ կամ բժշկի կողմից զննման ժամանակ: 

Ինչպես է բուժվում մեատոստենոզը ?

Մեատոստենոզի բուժման հիմնավոր եղանակը վիրահատական շտկումն է (մեատոպլաստիկա): Այս վիրահատությունը սովորաբար կատարվում է տեղային անզգայացման ներքո: Վիրահատության ժամանակ միզուկի արտաքին բացվածքը հատվում է և կարվում ներծծվող թելերով: Եթե հետվիրահատական շրջանում կատարվում են բժշկի բոլոր խորհուրդները, ապա կրկնակի նեղացման հավանականությունը մինիմալ է: 

Ինչ է պետք կատարել մեատոպլաստիկայից հետո ?

Հետվիրահատական շրջանում ընդունել բժշկի նշանակված դեղորայքը:

Կատարել առնանդամի գլխիկի լվացումներ և մշակումներ հակաբորբոքիչ լուծույթներով կամ քսուկներով:

Խմել մեծ քանակությամբ հեղուկներ, քանի որ քիչ քանակության հեղուկ ընդունելու դեպքում մեզը խտանում է՝ մեզի մեջ ավելանում է միզաթթվային բյուրեղների քանակը, որոնք կարող են բերել բորբոքման և կրկնակի մեատոստենոզի զարգացման:

Մեատոստենոզ (միզուկի արտաքին բացվածքի նեղացում)
3364 դիտում
355