medroom.am

Առնանդամի գլխիկի բորբոքում (Բալանիտ)

Առնանդամի գլխիկի բորբոքումը կոչվում է բալանիտ, իսկ եթե հիվանդը թլպատված չէ, և պրոցեսի մեջ ընդգրկված է նաև ծայրային թլիպը՝ կոչվում է բալանոպոստիտ: Մեծամասամբ առնանդամի գլխիկը և ծայրային թլիպը բորբոքվում են միասին: Տղամարդկանց 3-10% - ի մոտ կյանքի ընթացքում հանդիպում է առնանդամի գլխիկի բորբոքման ամենաքիչը մեկ դեպք: Բալանիտը կամ բալանոպոստիտը կարող է դիտվել ցանկացած տարիքում: Թլպատված տղամարդկանց մոտ առնանդամի գլխիկի բորբոքուման հավանականությունը 68% - ով ցածր է չթլպատվածների համեմատ: Թլպատվածների մոտ նաև 3,8 անգամ պակաս է առնանդամի քաղցկեղի առաջացման հավանականությունը: 

Որո՞նք են առնանդամի գլխիկի բորբոքման պատճառները:

Առնանդամի գլխիկի բորբոքման պատճառները բազմազան են՝ բորբոքային, ինֆեկցիոն, նախաքաղցկեղային, քաղցկեղային և այլն: Այնուամենայնիվ առնանդամի գլխիկի բորբոքմանը նպաստում է հիգիենային կանոններին չհետևելը: Քանի որ առնանդամի գլխիկի և ծայրային թլիպի միջև խոնավ և տաք միջավայր է, ապա այլ բարենպաստ պայման է ստեղծում բակտերիաների բազմացման համար, մյուս կողմից այդ հատվածում արտադրվող սմեգման չլվանալու դեպքում առաջացնում է գրգռում և բորբոքային պրոցեսս: 

Առնանդամի գլխիկի բորբոքման ինֆեկցիոն գործոններից են՝

- Candida ցեղի սնկերը (հաճախ հանդիպում են շաքարային դիաբետով հիվանդների մոտ)

- B խմբի և A խմբի բետա – հեմոլիտիկ ստրեպտոկոկերը

- Neisseria gonorrhea – գոնորեայի հարուցիչը

- Խլամիդիայի տեսակները

- Անաէրոբ ինֆեկցիաները

- Մարդու պապիլոմավիրուսը

- Գարդներելլայի հարուցիչը

- Treponema pallidum (Սիֆիլիսի հարուցիչը)

- Տրիխոմոնոզի (Տրիխոմոնիազի) հարուցիչը

- Բորելիոզի հարուցիչները 

Առնանդամի գլխիկի բորբոքման ոչ ինֆեկցիոն գործոններ՝

- Անձնական հիգիենայի կանոնների չպահպանում (առավել հաճախ հանդիպող պատճառներից է)

- Քիմիական գրգռիչներ – որոնք գտնվում են ապահովիչների քսուկներում, օճառներ, շամպուններ

- Դեղորայքային ալերգիա

- Արտահայտված ճարպակալում

- Տրավմա

- Քաղցկեղային կամ նախաքաղցկեղային հիվանդություններ 

Ինչպե՞ս է ախտորոշվում առնանդամի գլխիկի բորբոքումը:

Առնանդամի գլխիկի բորբոքման մասին առաջին հերթին կարող է ենթադրել հիվանդը, եթե առկա են հետևյալ ախտանիշները՝

- Առնանդամի գլխիկի կարմրածություն:

- Առնանդամի գլխիկի ձգվածություն և փայլ մակերեսին:

- Մրմռոցի, այրոցի, գրգռվածության զգացողություն առնանդամի գլխիկի շրջանում:

- Ծայրային թլիպի տակ և առնանդամի գլխիկի շրջանում սպիտակավուն փառ:

- Տհաճ հոտ:

- Ցավոտ միզարձակում:

- Առնանդամի գլխիկի այտուցվածություն:

Բժշկի կողմից զննման կամ ինքնազննման ժամանակ կարող է հայտնաբերվել ֆիմոզ՝ ծայրային թլիպի նեղացում, որը կարող է լինել բալանիտի պատճառ:

Կասկածի դեպքում կարիք է լինում ստուգել սեռավարակների առկայությունը՝ լաբորատոր քննության միջոցով:

Անհրաժեշտ հետազոտություններից է նաև առնանդամի գլխիկից վերցված քսուկի բակտերիոլոգիական քննությունը:

Կարիք է լինում ստուգելու նաև գլյուկոզայի (շաքար) մակարդակը արյան մեջ, քանի որ հաճախ առնանդամի գլխիկի բորբոքում դիտվում է շաքարային դեաբետով հիվանդների մոտ:

Հիվանդը պետք է իր բժշկին ներկայացնի նաև արդյոք ալերգիկ է, թե ոչ: 

Ի՞նչ հիվանդություններից է պետք տարբերակել առնանդամի գլխիկի բորբոքումը:

- Նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդություններ:

- Զոոնի բալանիտ:

- Պսորիազ:

- Ցիրկուլյար բալանիտ:

- Պսևդոէպիթելիոմատոզ կեռատոտիկ և փայլարային բալանիտ: 

Ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել առնանդամի գլխիկի բորբոքումը:

- Առնանդամի գլխիկի խոցոտում:

- Ֆիմոզի զարգացում:

- Պարաֆիմոզ:

- Միզուկի արտաքին բացվածքի նեղացում (մեատոստենոզ) կամ միզուկի նեղացում: 

Ինչպե՞ս է բուժվում առնանդամի գլխիկի բորբոքումը:

Եթե հիվանդը ալերգիկ է, ապա առաջին հերթին պետք է բացառել նոր ձեռք բերված օճառների, շամպունների օգտագործումը, կամ նոր ներքնազգեստների կրումը, քանի որ վերոնշյալ գործոնները կարող են լինել առնանդամի գլխիկի ալերգիկ բորբոքման պատճառ:

Եթե հիվանդի մոտ առկա է սեռավարակ, ապա բժշկի կողմից նշանակվում է համապատասխան բուժում:

Ոչ սեռավարակային ինֆեկցիաների ժամանակ նույնպես նշանակվում է դեղորայքային բուժում:

Եթե հիվանդի մոտ առկա է շաքարային դիաբետ, ապա գլյուկոզայի բարձրացած ցուցանիշները պետք է շտկել էնդոկրինոլոգի միջամտությամբ:

Եթե հիվանդի մոտ առնանդամի գլխիկի բորբոքումը պարբերաբար կրկնվում է կամ հիվանդի մոտ առկա է ֆիմոզ, ապա խորհուրդ է տրվում կատարելու թլպատում:

Առնանդամի գլխիկի բորբոքում
6337 դիտում
477