medroom.am

Հեմոռագիկ ցիստիտ

Հեմոռագիկ ցիստիտը բնորոշվում է միզապարկի պատերի տարածուն բորբոքումով և արյունահոսությամբ: Հեմոռագիկ ցիստիտը կարող է լինել անցողիկ՝ դեղորայքային բուժման ազդեցության տակ անմիջապես վերանում է, ինչպես նաև կարող է բերել հիվանդի կյանքին սպառնացող իրավիճակների: Մեծամասմաբ հեմոռագիկ ցիստիտը դիտվում է տարեց հիվանդների մոտ, որոնք միևնույն ժամանակ ուեննում են զուգակցված այլ հիվանդություններ: 

Ո՞ր դեպքերում է դիտվում հեմոռագիկ ցիստիտի պատկեր:

Ինֆեկցիոն բնույթի հեմոռագիկ ցիստիտ՝ որը մեծամասմաբ լինում է բակտերիալ, վիրուսային (BK վիրուս, ադնենովիրուս), սնկային կամ պարազիտար: Ճշգրիտ բուժման պայմաններում ինֆեկցիոն ցիստիտը շատ արագ անհետանում է: Ինֆեկցիոն հեմոռագիկ ցիստիտը սովորաբար սկսվում է սուր չբարդացած ցիստիտի ձևով և որոշ դեպքերում կարող է բարդանալ որպես հեմոռագիկ ցիստիտ:

Տրավմայի հետևանքով առաջացած հեմոռագիկ ցիստիտի պատկեր՝ ընդ որում տրավման կարող է լինել ինչպես արտաքինից, ինչպես նաև միզապարկի վիրահատություններից հետո:

Քաղցկեղի պատճառով առաջացած հեմոռագիկ ցիստիտի պատկեր՝ միզապարկի քաղցկեղ, հարակից օրգանների քաղցկեղ որը սերտաճում է միզապարկի պատ:

Քիմիական նյուքերի ազդեցության տակ առաջացող հեմոռագիկ ցիստիտի պատկեր՝ ցիկլոֆոսֆամիդ, բուսուլֆան, թեմոզոլոմիդ, անիլինային ներկանյութեր, եթեր, նոնոքսինոլ (հակաբեղմնավորիչ պրեպարատի սխալմամբ դեպի միզուկ անց կացնելու դեպքում): Ցիկլոֆոսֆամիդով բուժվող հիվանդների 2 – 40% -ի մոտ կարող է դիտվել հեմոռագիկ ցիստիտ, որը պայմանավորված է լյարդում արտադրված և երիկամներով դուրս բերվող ակրոլեին նյութով միզապարկի պատի այտուցով և հետագա ֆիբրոտիկ փոփոխություններով: Նման դեպքում նշանակվում է մերկապտոէթան – սուլֆոնատ ակրոլեինը կապելու և հեմոռագիկ ցիստիտը կանխելու նպատակով:

Ճառագայթային բուժման արդյունքում առաջացող հեմոռագիկ ցիստիտի պատկեր՝ կոնքի օրգանների քաղցկեղների ճառագայթային բուժման արդյունքում: Կախված ճառագայթման դոզայից և տևողությունից հիվանդների 5% - ի մոտ կարող է դիտվել հեմոռագիկ ցիստիտի պատկեր: Հեմոռագիկ ցիստիտ կարող է առաջանալ ինչպես ճառագայքային բուժման վաղ շրջանում՝ 6 ամիս անց, ինչպես նաև հեռավոր ժամկետներում՝ 10 տարի անց: Ճառագայթման ազդեցության տակ միզապարկի պատը և անոթները ենթարկվում է բորբոքային կազմափոխման, ֆիբրոզի, սնուցման խանգարման և քայքայման, որն էլ կարող է բերել արյունահոսությունների:

Դեղամիջոցներով պայմանավորված հեմոռագիկ ցիստիտի պատկեր՝ Պենիցիլինի և իր ածանցյալների ազդեցությամբ, Բլեոմիցին, Ալլոպուրինոլ, քացախաթթու և այլն:

Համակարգային հիվանդություններով պայմանավորված հեմոռագիկ ցիստիտի պատկեր՝ Ամիլոիդոզ, Ռևմատոիդ արթրիտ, Կրոնի հիվանդություն:

Ինչպե՞ս է բուժվում հեմոռագիկ ցիստիտը:

Քանի որ հեմոռագիկ ցիստիտի առաջացման պատճառներից առավել հաճախ հանդիպողը միզուղիների ինֆեկցիան է, ապա վերջինս հայտնաբերելու դեպքում կատարվում է միզուղիների ինֆեկցիայի բուժում:

Եթե հիվանդը ընդունում է վերոնշյալ պրեպարատներից որևէ մեկը, որը բերում է հեմոռագիկ ցիստիտի, ապա այն պետք է անհապաղ դադարեցնել:

Անկախ հեմոռագիկ ցիստիտի առաջացման պատճառից բուժման մեջ մտնում է մեզի քանակի ավելացումը՝ ընդունած հեղուկի քանակի ավելացումով (խմելու միջոցով կամ նեերակային ճանապարհով): Եթե արյունամիզությունը արտահայտված է, ապա հնարավոր է կարիք լինի ուրետրալ կատետերի տեղադրման և իրիգացիոն համակարգի միացման (միզապարկի լվացում):

Եթե վերոնշյալ միջոցառումները չեն դադարեցնում արյունամիզությունը՝ հաջորդ քայլը ցիստոսկոպիան է և արյունահոսող մակերեսների կոագուլյացիան (այրումը):

Հաջորդ փուլում միզապարկ է լցվում ֆորմալինի 1% - անոց լուծույթ, որից հետո ֆորմալինի 4% - անոց լուծույթ: Սակայն մինչ գործողությունը կատարելը պետք է կատարել ցիստոգրաֆիա, միզապարկ – միզածորանային ռեֆլյուքսը բացառելու համար:

Արյունամիզության դադարեցման նպատակով կիրառվում է նաև ամինոկապրոնաթթու (200մգ 1 լիտր ֆիզ լուծույթում) իրիգացիայի միջոցով:

Վերջին տարիներին բարեհաջող արդյունք է դիտվում նաև միզապարկի արյունահոսող հատվածի հիմքում սկլերոզացնող լուծույթների ներարկումը:

Միզապարկի անոթների սելեկտիվ էմբոլիզացիան նույնպես կիրառվում է հեմոռագիկ ցիստիտի արդյունքում չդադարող արյունամիզության ժամանակ:

Եթե որևէ միջամտություն չի դադարեցնում արյունամիզությունը, ապա կենսական ցուցումով կարիք է լինում կատարելու միզապարկի հեռացման վիրահատություն:

ցիստիտ, հեմոռագիկ ցիստիտ, ինչպես բուժել ցիստիտ, դեղեր ցիստիտի համար
2067 դիտում
106