medroom.am

Գարդներելլա տղամարդկանց մոտ

Գարդներելլայի հարուցիչը առաջին անգամ հայտնաբերվել է 1953թ – ին: Քանի որ այն առավել հաճախ դիտվել է կանանց հեշտոցում այդ իսկ պատճառով անվանվել է Gardnerella vaginalis: Երկար տարիներ շատ գինեկոլոգներ համարել են գարդներելլայի հարուցիչը հեշտոցի նորմալ միկրոֆլորայի բաղադրիչ, սակայն Gardner – ը պնդել է, որ հեշտոցի ոչ սպեցիֆիկ բորբոքումների 90% դեպքերը պայմանավորված են գարդներելլայի հարուցիչով:

Գարդներելլան ավելի հաճախ ամուսնու կամ զուգընկերոջ մոտ է դրսևորվում և բնորոշվում է առնանդամից տհաճ հոտի զգացողությամբ:

Այն դասվում է ամենահաճախ հանդիպող սեռավարակների շարքին և հանդիպում է սեռավարակներով հիվանդ տղամարդկանց մինչև 58% - ի մոտ:

Ինչպե՞ս է դրսևորվում գարդներելլան տղամարդկանց մոտ:

Որոշ դեպքերում տղամարդկանց մոտ գարդներելլան կարող է որևէ գանգատներ չառաջացնել: Վերոնշյալ տղամարդիկ համարվում են գարդներելլայի <<ռեզերվուարներ>>: Սակայն գարդներելլան ավելի հաճախ առաջացնում է մի շարք բարդություններ՝

- Բալանիտ կամ բալանոպոստիտ - առնանդամի գլխիկի բորբոքում:

- Ուրեթրիտ - միզուկի բորբոքում:

- Պրոստատիտ - շագանակագեղձի բորբոքում:

- Ցիստիտ - միզապարկի բորբոքում:

- Ասիմպտոմատիկ բակտերիոսպերմիա - սերմի մեջ բակտերիաների առկայություն առանց գանգատների:

- Ասիմպտոմատիկ բակտերիուրիա - մեզի մեջ բակտերիաների առկայություն առանց գանգատների:

Գարդներելլա հարուցիչով պայմանավորված առնանդամի գլխիկի բորբոքում (բալանիտ, բալանոպոստիտ):

Սեռավարակներով պայմանավորված առնանդամի գլխիկի բորբոքման ոչ սնկային ծագման դեպքերի մինչև 31% - ի պատճառը գառդներելլայի հարուցիչն է: Գարդներելլայի ժամանակ առնանդամի գլխիկի վրա կարող է դիտվել բծային կամ հանգուցային ցանավորում, տհաճ հոտ (ձկան հոտ): Մինչև 75% դեպքերում միաժամանակ հայտնաբերվում է նաև Bacteroides տեսակի հարուցիչներ, որոնք խորացնում են առնանդամի գլխիկի բորբոքային պրոցեսսը:

Ինչպե՞ս է դրսևորվում Գարդներելլա հարուցիչով պայմանավորված ուրեթրիտը (միզուկի բորբոքում):

Սեռավարակներով պայմանավորված միզուկի բորբոքման դեպքերի մինչև 13% - ի մոտ հայտնաբերվում է գարդներելլայի հարուցիչ: Գարդներելլայի ժամանակ միզուկի բորբոքումը կարող է դրսևորվել միզուկից բորբոքային արտադրությամբ, միզուկում այրոցի, ցավի զգացողությամբ, միզուկի արտաքին բացվածքի կարմրությամբ, տհաճ հոտի առկայութմաբ:

Ինչպե՞ս է արտահայտվում Գարդներելլա հարուցիչով պայմանավորված պրոստատիտը (շագանակագեղձի բորբոքում):

Առավել հաճախ գարդներելլայի հարուցիչը գտնվելով շագանակագեղձի հյուսվածքում կարող է որևէ գանգատներ չառաջացնել, սակայն գրականության մեջ նկարագրված են դեպքեր սուր պրոստատիտի պատկերով, որի ժամանակ հիվանդների մոտ դիտվել են ցավոտ միզարձակություն, դժվարամիզություն, հաճախամիզություն, արյունամիզություն, միզակապություն:

Ինչպե՞ս է արտահայտվում Գարդներելլա հարուցիչով պայմանավորված ցիստիտը (միզապարկի բորբոքում):

Գարդներելլայի հարուցիչով պայմանավորված ցիստիտների դեպքերը հաճախ չեն հանդիպում, սակայն կարող են ընթանալ սուր չբարդացած ցիստիտի կամ հեմոռագիկ ցիստիտի ձևով՝ հաճախամիզության, ցավոտ միզարձակման, արյունամիզության գանգատներով:

Ասիմպտոմ (առանց ախտանշանների) բակտերիոսպերմիան (բակտերիաների առկայությունը սերմի մեջ) և բակտերիուրիան (բակտերիաների առկայությունը մեզի մեջ) գարդներելլայի հարուցիչի դեպքում հայտնաբերվում է ավելի հաճախ:

Նկարագրված են նաև գարդներելլայի հարուցիչով պայմանավորված սեպսիսի եզակի դեպքեր:

Մեր կենտրոնում (Վ. Ավագյանի անվան բուժ. Կենտրոնի ուրոլոգիական բաժանմունք) ունեցել ենք գարդներելլայի դրսևորում երիկամի թարախակույտի ձևով, որի կապակցությամբ հիվանդը վիրահատվել է:

Ի՞նչ հետազոտությունների միջոցով կարելի է հայտնաբերել գարդներելլայի հարուցիչը:

- Միզուկից քսուկի, մեզի կամ սերմի բակտերիոլոգիական քննություն ապարատային մեթոդով:

- Միզուկից քսուկի, մեզի կամ սերմի հետազոտություն ՊՇՌ տեստի միջոցով:

Ի՞նչ բուժում է կատարվում Գարդներելլայի հարուցիչի հայտնաբերման ժամանակ:

Բուժման եղանակը կախված է այն բանից, թե ինչ օրգաններ են ներգրավված բորբոքման պրոցեսի մեջ:

Այսպիսով ամփոփելով հոդվածը պետք է նշել, որ գարդներելլայի հարուցիչը դասվում է ամենատարածված սեռավարակների շարքին, որը կարող է առաջացնել մի շարք բարդություններ:

Գարդներելլա, Gardnerella vaginalis
5262 դիտում
117