medroom.am
Ի՞նչ կառուցվածք ունի առնանդամը:
Առնանդամը կազմված է երեք հիմնական հատվածներից՝ արմատային հատվածից, մարմնից և գլխիկից:
Եթե նայենք լայնական կտրվածքի վրա, ապա առնանդամը վերին հատվածում կազմված է երկու կավեռնոզ մարմիններից և ստորին հատվածում սպոնգիոզ մարմնից:
Կավեռնոզ մարմինները բաղկացած են մանր խոռոչներից, որոնք սեռական գրգռված վիճակում լցվում են արյունով և ապահովում են էրեկցիան:
Սպոնգիոզ մարմինը ունի խողովականման կառուցվածք, որի միջով անցնում է միզուկը (միզային խողովակը): Գլխիկի շրջանում սպոնգիոզ մարմինը ընդլայնվում է ձևավորելով առնանդամի գլխիկը: Սպոնգիոզ մարմինը ունի սպունգանման կառուցվածք, որը նույնպես արյունով լցվելով մասնակցում է էրեկցիային:
Հիմնականում կավեռնոզ մարմինների, ինչպես նաև սպոնգիոզ մարմնի արյուլալեցման գործընթացի խանգարումը բերում է սեռական թուլության:
Ի՞նչ մկաններ են ընդգրված առնանդամի կազմում:
Հիմքի շրջանում սպոնգիոզ մարմնին միանում է բուլբոսպոնգիոզ մկանը, որը կրճատվելով նպաստում է միզելուց հետո մնացորդային մեզի կաթիլներից միզուկի դատարկմանը ինչպես նաև սերմնաժայթքումից հետո սերմի վերջին կաթիլների դուրսբերմանը:
Իսխիոկավեռնոզ մկան – հիմքի շրջանում միանում է կավեռնոզ մարմիններին և կծկումով մասնակցում է էրեկցիայի գործընթացին:
Ո՞ր կապաններն են մասնակցում առնանդամի ֆիքսմանը:
Առնադամի կախակալ կապանը, որը ֆիքսում է առնանդամի հիմքը ցայլոսկրին:
Ֆունդալ կապան, որը ավելի մակերեսային է և ժապավենաձև կողմնայնորեն առնանդամը ֆիսում է ցայլոսկրին:
Այս կապանները էրեկցիայի ժամանակ ապահովում են առնանդամի ուղղվածությունը դեպի վեր:
Լիգամենտոտոմիա վիրահատության ժամանակ վերոնշյալ կապանները հատելու միջոցով հնարավոր է առնանդամը երկարացնել մինչև 4 սմ:
Ի՞նչ առանձնահատկություններ ունի առնանդամի մաշկը:
Առնանդամը պատված է էլաստիկ մաշկով, որը գլխիկի հատվածում ձևավորում է ծայրային թլիպը: Վերջինս ամբողջությամբ կամ մասնակի ծածկում առնանդամի գլխիկը: Այն գլխիկին ֆիքսվում է սանձիկի միջոցով: Երբեմն տարբեր պատճառներից ծայրային թլիպը նեղ է լինում, որը կոչվում է ֆիմոզ: Նման դեպքերում պետք է դիմեք Ձեր բժշկին, քանի որ կարող են առաջանալ լուրջ բարդություններ:
Ի՞նչ փակեղներից է կազմված առնանդամը:
Մակերեսային փակեղ, որը գտնվում է ամիջապես մաշկի տակ և որովայնի առաջային պատի Սկարպյան փակեղի շարունակությունն է:
Խորանիստ փակեղ կամ Բակի փակեղ, որը խորանիստ շեքային փակեղի շարունակությունն է և պատում է կավեռնոզ և սպոնգիոզ մարմինները:
Սպիտապատյան, որը պատում է կավեռնոզ մարմինները առանձին-առանձին և կենտրոնական հատվածում առաջացնում խտրոց:
Առնանդամը կատարում է հիմնականում երկու դեր՝
Սեռական ֆունկցիա (վերարտադրողական)
Միզարձակության ֆունկցիա
Առնանդամի չափսերի վերաբերյալ հետաքրքիր տեղեկատվություն ստանալու համար կարդացեք հետևյալ հոդվածը:
Որո՞նք են առնանդամի առավել հաճախ հանդիպող հիվանդությունները:
- Սեռական թուլություն
- Սեռական գորտնուկներ կամ կոնդիլոմաներ
- Էպիսպադիա
- Հիպոսպադիա
- Առնանդամի քաղցկեղ
- Պեյրոնիի հիվանդություն կամ առնանդամի ծռվածություն
- Ֆիմոզ կամ ծայրային թլիպի նեղացում
- Պրիապիզմ