medroom.am
Ի՞նչ են սեռական գորտնուկները (կոնդիլոմաները):
Սեռական կոնդիլոմաները բարորակ մաշկային գոյացություններ են, որոնք կարող են ունենալ հարթ, հանգուցանման կամ ոտիկայի գոյացության տեսք: Սովորաբար լինում են 1-5մմ չափերի, սակայն բարդացած դեպքերում կարող են հանդիպել նաև կոնդիլոմաների միաձուլման ավելի մեծ չափերի օջախներ: Գունային երանգը սովորաբար մոտ է լինում մաշկի գույնին, սակայն հանդիպում են նաև ավելի մուգ գույնի ախտահարումներ:
Օրգանիզմում որտե՞ղ կարող են առաջանալ սեռական կոնդիլոմաներ:
Կոնդիլոմաները կարող են ախտահարել սեռական օրգանների մաշկը, լորձաթաղանթները, շեքի շրջանը, հետանցքի շրջանը, աճուկային կամ ցայլային շրջանները:
Որ հարուցիչներն են կոնդիլոմաների առաջացման պատճառը ?
Ավելին քան 95% դեպքերում կոնդիլոմաները առաջանում են Մարդու Պապիլոմավիրուսի HPV 6 և 11 ենթատեսակները, սակայն հետազոտության ժամանակ զուգահեռ կարող են հայտնաբերվել նաև քաղցկեղ առաջացնող HPV 16 և 18 տարատեսակները:
Վարակումից որքա՞ն ժամանակ անց կարող են հայտնաբերվել կոնդիլոմաներ:
Վարակի փոխանցումը կատարվում է գերազանցապես սեռական ճանապարհով: Վարակումից մինչև կոնդիլոմաների առաջացումը կանաց մոտ միջինը տևում է 2.9 ամիս իսկ տղամարդկանց մոտ միջինը 11 ամիս:
Ի՞նչ գանգատներ են դիտվում կոնդիլոմաների ժամանակ:
Մեծավասամբ հիվանդները նշում են միայն կոնդիլոմաների առկայությունը, սակայն որոշ դեպքերում կարող է դիտվել քոր, արյունային արտադրություն, դիսպարունիա (ցավ սեռական հարաբերության ընթացքում):
Կոնդիլոմաները կարող են նաև բացասաբար ազդել հիվանդի հոգեբանական վիճակի վրա առաջացնելով ջղայինություն, տագնապի և ինքնագնահատականի նվազեցման:
Ինչպե՞ս տարբերակել կոնդիլոման մաշկի նախաքաղցկեղային կամ չարորակ նորագոյացությունից:
Եթե գոյացությունը արյունահոսում է, մակերեսը խոցոտված է կամ հարակից մաշկը շոշափման ժամանակ պնդացած է, ապա պետք է կասկածել գոյացության վատ բնույթի վերաբերյալ: Նման դեպքում անհրաժեշտ է անհապաղ կատարել բիոպսիա, գոյացության բնույթը պարզելու համար:
Սեռական կոնդիլոմաների ի՞նչ բուժման եղանակներ կան:
Բուժումը կատարվում է ինչպես լոկալ դեղորայքների կիրառումով, այնպես էլ վիրահատական միջամտության միջոցով:
Ըստ կատարված հետազոտությունների կոնդիլոմաների բուժման վիրահատական եղանակը առավել արդյունավետ է և ապահովում է կոնդիլոմաների վերացում մինչև 100%-ով:
Վիրահատական միջամտություններից ամենաարդյունավետը լազերային եղանակով հեռացումն է, որի դեպքում կրկնման հավանականությունը ամենացածրն է: