Սուր պրոստատիտ առավել հաճախ հանդիպում է 20 – 40 տ, ինչպես նաև 60 տ – ից բարձր տղամարդկանց մոտ: Շագանակագեղձի սուր բակտերիալ բորբոքման պատճառները բազմազան են:
Սուր բակտերիալ պրոստատիտի ժամանակ բատերիաների ներթափանցման ի՞նչ ճանապարհներ կան:
Վերել ճանապարհ - Միզուկից ինֆեկցիաների բարձրացում դեպի շագանակագեղձ, որի պատճառը միզուկի բորբոքումն է՝ ուրեթրիտ:
Անմիջական – շագանակագեղձի բիոպսիայի ընթացքում բիոպսիոն ասեղի միջոցով անցում դեպի շագանակագեղձ՝ առաջացնելով շագանակագեղձի սուր բորբոքում:
Միզուկ – շագանակագեղձային ռեֆլուքս (հետհոսք), որը տեղի է ունենում դժվարամիզության ժամանակ՝ միզուկի շագանակագեղձային հատվածում ստեղծվում է բարձր ճնշում, և բորբոքված մեզի բաղադրիչները բակտերիաների հետ միասին ներթափանցում են շագանակագեղձ առաջացնելով սուր բակտերիալ պրոստատիտ:
Ուղիղ աղիքային ճանապարհ – ավշային ուղիների միջոցով, որը հանդիպում է ոչ հաճախ:
Հեմատոգեն ճանապարհ – ինֆեկցիան օրգանիզմի այլ հատվածից արյան միջոցով թափանցում է շագանակագեղձի հյուսվածք, որը հազվադեպ է դիտվում:
Սուր բակտերիալ պրոստատիտի (շագանակագեղձի սուր բորբոքման) առաջացմանը նպաստող գործոններն են՝
- Չպաշտպանված սեռական հարաբերություններ
- Անալ սեռական հարաբերություններ
- Ֆիմոզ
- Միզապարկի կատետերիզացիա
- Միզուղիների գործիքային միջամտություններ
- Միզուկի ստրիկտուրա (նեղացում)
- Մակամորձու սուր բորբոքում և այլն
Ո՞ր բակտերիաներն են առավել հաճախ հայտնաբերվում սուր պրոստատիտի ժամանակ:
Սուր բակտերիալ պրոստատիտի ժամանակ առավել հաճախ՝ 60 – 80% դեպքերում հայտնաբերվում է աղիքային ցուփիկ (Escherichia coli) հարուցիչը: Մյուս հաճախ հանդիպող միկրոօրգանիզմներն են՝ Pseudomonas Aeruginosa, Proteus mirabilis, Klebsiella և այլն:
Սեռավարակներից առավել հաճախ սուր պրոստատիտ կարող են առաջացնել գոնորեայի հարուցիչը՝ Neisseria gonorrhoeae, խլամիդիայի հարուցիչը՝ Chlamydia trachomatis, տրիխոմոնիազի հարուցիչը՝ Trichomonas vaginalis: Շագանակագեղձի սուր բորբոքման հազվադեպ դեպքերում հայտնաբերվում են գարդներելլայի հարուցիչը՝ Gardnerella Vaginalis, տրիխոմոնոզի հարուցիչը՝ Trichomonas vaginalis: Սուր բակտերիալ պրոստատիտի եզակի դեպքեր են հանդիպում նաև տուբերկուլյոզի ժամանակ, որի դեպքում կարող է առաջանալ շագանակագեղձի աբսցես (թարախակույտ), և խուղակներ:
Ի՞նչ գանգատներ կարող են դիտվել սուր պրոստատիտի ժամանակ:
Սուր պրոստատիտի գանգատները շատ նման են սուր միզային ինֆեկցիայի ժամանակ դիտվող գանգատներին՝ հաճախամիզություն, մեզի շիթի թուլացում, միզելու ժամանակ այրոցի զգացողություն: Քանի որ սուր պրոստատիտի ժամանակ շագանակագեղձի հյուսվածքը այտուցվում է, ապա որոշ դեպքերում կարող է զարգանալ սուր միզակապություն: Եթե սուր պրոստատիտը բարդանում է սուր միզակապությամբ, ապա միզային կատետեր չի կարելի տեղադրել, այլ տեղադրվում է վերցայլային խողովակ՝ տրոակար էպիցիստոստոմիա:
Սուր պրոստատիտի ժամանակ հիվանդի մոտ կարող է դիտվել նաև ընդհանուր թուլություն, դող, սարսուռ, ջերմության բարձրացում:
Ինչպե՞ս է ախտորոշվում շագանակագեղձի սուր բակտերիալ բորբոքումը:
Առաջին հերթին շագանակագեղձի սուր բորբոքման ժամանակ հիվանդների մոտ կարող են դիտվել վերոնշյալ գանգատները:
Մատնային ռեկտալ զննման ժամանակ մինչև 90% դեպքերում սուր պրոստատիտի ժամանակ շոշափվում է շագանակագեղձի փափկացած կոնսիստենցիա: Այս դեպքում մատնային զննումը պետք է կատարվի շատ նուրբ, քանի որ զննման հետևանքով կարող է տեղի ունենալ շագանակագեղձի հյուսվածքից բակտերիաների տարածում արյան շրջանառություն և հիվանդի մոտ զարգանա սեպսիս:
Շագանակագեղձի սուր բորբոքման կասկածի դեպքում նշանակվում են հետևյալ լաբորատոր հետազոտությունները՝
Արյան և մեզի ընդհանուր քննություն, Գլյուկոզա, C – ռեակտիվ սպիտակուց:
Շատ կարևոր է նաև մեզի միջին չափաբաժնի բակտերիոլոգիական քննությունը: Եթե հիվանդի մոտ առկա է միզուկից թարախային արտադրություն, ապա ստուգվում է նաև սեռավարակները ՊՇՌ մեթոդով միզուկից քսուկում:
Գերձայնային հետազոտության միջոցով կարելի է հայտնաբերել շագանակագեղձի այտուցվածություն, որոշ դեպքերում շագանակագեղձի աբսցես: Նաև պետք է գնահատել միզարձակումից հետո մնացորդային մեզի ծավալը, որը նույնպես ազդում է բուժման եղանակի ընտրության վրա:
Ինչպե՞ս է բուժվում սուր պրոստատիտը:
Սուր բակտերիալ պրոստատիտի ժամանակ նշանակվում է հակաբակտերիալ բուժում մեզի միջին չափաբաժնի բակ քննության համար նմուշը հանձնելուց հետո: Նախնական նշանակվում է լայն սպեկտրի հակաբիոտիկ, որը հնարավոր է փոխվի բակ քննության արդյունքներից հետո: Սուր վիճակից դուրս գալուց հետո պարբերաբար անհրաժեշտ է կատարել սերմնահեղուկի բակ քննություն և վերջինիս հիման վրա հակաբակտերիալ բուժում մինչև մաքուր պատասխանին հասնելը: Դրանով կանխվելու է քրոնիկական պրոստատիտի առաջացումը:
Դժվարացած միզարձակումը բարելավելու համար նշանակվում է համապատասխան դեղորայք նաև միզուկ – շագանակագեղձային հետհոսքը կանխելու նպատակով:
Սուր պրոստատիտի ժամանակ նաև նշանակվում է ոչ ստերոիդ հակաբորբոքիչները ցավը նվազեցնելու կամ վերացնելու նպատակով:
Եթե սուր պրոստատիտով հիվանդի մոտ առկա է արտահայտված դժվարամիզություն, որի արդյունքում առկա է մեծ քանակությամբ մնացորդային մեզ, կամ զարգացել է սուր միզակապություն, ապա հիվանդին տեղադրվում է էպիցիստոստոմիա: