Երիկամի և միզածորանի քարերի փշրում

Շագանակագեղձի աբսցես – շագանակագեղձի թարախակույտ

Շագանակագեղձի աբսցես կամ թարախակույտ պետք է կասկածել սուր պրոստատիտով այն հիվանդների մոտ, որոնց բուժման 48 ժամում կլինիկորեն կամ լաբորատոր հետազոտություններով դրական դինամիկա չի դիտվում: Շագանակագեղձի աբսցեսը համարվում է սուր բակտերիալ պրոստատիտի բարդություն:

Որո՞նք են շագանակագեղձի աբսցեսի կամ թարախակույտի առաջացման վտանգի գործոնները:

Շագանակագեղձի աբսցես հաճախ զարգանում է ընկճված իմունային համակարգ ունեցող տղամարդկանց մոտ, որին նպաստում են՝

- Միզապարկի կատետերիզացիա

- Միզասեռական համակարգի կրած վիրահատություններ

- Հարակից հիվանդություններ

- Մեծ տարիքը

- Ստորին միզուղիների գործիքային միջամտություններ

- Ստորին միզուղիների նեղացում

- Սուր բակտերիալ պրոստատիտ

- Քրոնիկ բակտերիալ պրոստատիտ

- Շագանակագեղձի բիոպսիա

- Շաքարային դիաբետ

- Ցիռոզ

- Մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ)

- Տուբերկուլյոզ

Ի՞նչ գանգատներ են դիտվում շագանակագեղձի աբսցեսի ժամանակ:

Շագանակագեղձի աբսցեսի ժամանակ հիվանդի մոտ դիտվում են գրեթե նայն գանգատները ինչ սուր պրոստատիտի կամ սուր միզային ինֆեկցիայի ժամանակ՝  հաճախամիզություն, մեզի շիթի թուլացում, միզելու ժամանակ այրոցի զգացողություն: Քանի որ շագանակագեղձի աբսցեսի ժամանակ շագանակագեղձի հյուսվածքը այտուցվում է, ապա հաճախ կարող է զարգանալ սուր միզակապություն: Եթե շագանակագեղձի աբսցեսը բարդանում է սուր միզակապությամբ, ապա միզային կատետեր չի կարելի տեղադրել, այլ տեղադրվում է վերցայլային խողովակ՝ տրոակար էպիցիստոստոմիա:

Շագանակագեղձի աբսցեսի ժամանակ հիվանդի մոտ դիտվում է նաև ընդհանուր թուլություն, դող, սարսուռ, ջերմության հեկտիկ բարձրացում:

Շագանակագեղձի աբսցեսի ուշացած ախտորոշման ժամանակ կարող է հիվանդի մոտ զարգանալ սեպսիս, սեպտիկ շոկ՝ հիվանդին կյանքին սպառնացող իրավիճակ:

Ինչպե՞ս է ախտորոշվում շագանակագեղձի աբսցեսը:

Շագանակագեղձի աբսցեսի ժամանակ դիտվում են գրեթե նույն գանգատները ինչ – որ շագանակագեղձի սուր բորբոքման ժամանակ: Շագանակագեղձի սուր բորբոքման դեպքում դեղորայքային բուժման ֆոնի վրա դիտվում է դրական դինամիկա, իսկ շագանակագեղձի աբսցեսի դեպքում կլինիկորեն կամ լաբորատոր հետազոտություններով դինամիկայում բարելավում չի դիտվում:

Շագանակագեղձի աբսցեսի ախտորոշման առավել պարզ եղանակ է գերձայնային հետազոտությունը, որի միջոցով շագանակագեղձի հյուսվածքում կարող է հայտնաբերվել թանձր հեղուկ պարունակությամբ հոռոչ:

Առավել ճշգրիտ տվյալներ կարելի է ստանալ կոնքի համակարգչային շերտագրումով կամ ՄՌՏ հետազոտությամբ:

Շագանակագեղձի աբսցեսի բուժման ի՞նչ մոտեցումներ կան:

Եթե շագանակագեղձի աբսցեսը փոքր է 2 սմ – ից, ապա կարելի է կատարել միայն դեղորայքային բուժում, սակայն բուժումը կարող է բավական երկար տևել: Շագանակագեղձի 2 սմ – ից մեծ աբսցեսները խորհուրդ է տրվում դրենավորել՝ սոնոգրաֆիկ հսկողության ներքո կատարել շագանակագեղձի աբսցեսի ասեղային պունկցիա և թարախակույտի դատարկում: Եթե շագանակագեղձի աբսցեսը հնարավոր չի լինում դատարկել պունկցիայի միջոցով, ապա խորհուրդ է տրվում կատարելու շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում՝ աբսցեսի պատի հատում և թարախի էվակուացիա: Այս վիրահատության ընթացքում խորհուրդ է տրվում կատարելու շագանակագեղձի մատնային ռեկտալ մերսում՝ թարախակույտի պարունակությունը ամբողջությամբ դատարկելու նպատակով:

Որոշ դեպքերում, երբ թարախային պրոցեսը տարածվել է շագանակագեղձի սահմաններից դուրս, հնարավոր է կարիք լինի կատարելու բաց վիրահատական միջամտություն:

Շագանակագեղձի աբսցես - շագանակագեղձի թարախակույտ
711 դիտում
209