medroom.am
Միզապարկի քարերը կազմում են միզաքարային հիվանդության դեպքերի 5% - ը:
Ի՞նչ տեսակների են բաժանվում միզապարկի քարերը ըստ առաջացման պատճառների:
- Միզապարկի միգրացիոն քարեր:
- Միզապարկի առաջնային քարեր:
- Միզապարկի երկրորդային քարեր:
Ո՞րն է համարվում միզապարկի միգրացիոն քար:
Միզապարկի միգրացիոն քարը ի սկզբանե առաջանում է երիկամներում: Երիկամից միզածորանով քարը անցնում է միզապարկ և սովորաբար նորմալ միզարձակություն ունեցող մարդկանց մոտ վերջինս դուրս է գալիս: Սակայն, եթե հիվանդի մոտ առկա է դժվարամիզություն, մեզի շիթի թուլացում՝ այսինքն միզապարկի քարի ինքնուրույն դուրս բերման խոչընդոտ, ապա քարը մնում է միզապարկում և ժամանակի ընթացքում կարող է աստիճանաբար չափերով մեծանալ:
Ո՞րն է համարվում միզապարկի առաջնային քար:
Միզապարկի առաջնային քար համարվում են այն քարերը, որոնք առաջացել են առանց նախատրամադրող գործոնների: Դեպքերի մեծամասնության ժամանակ հանդիպում են միզապարկի երկրորդային քարեր, որոնց առաջացման համար առկա են նախատրամադրող գործոններ:
Միզապարկի առաջնային քար առաջանում է թերի սնուցման արդյունքում: Այս քարերը առաջանում են մեզի քանակության նվազման, մեզի թթվահիմնային հավասարակշռության շեղումների և նյութափոխանակային խանգարումների հետևանքով: Սննդակարգում վիտամինների և սպիտակուցների անբավարար քանակը խթանում է միզապարկի առաջնային քարերի առաջացումը: Մեծամասամբ հացահատիկեղենով սնվող երեխաների մոտ առաջանում է սպիտակուցային և ֆոսֆատային դեֆիցիտ, որի հետևանքով առաջանում է հիպոֆոսֆատուրիա՝ մեզի մեջ ֆոսֆատների նվազում: Վերջինս նպաստում է կալցիում օքսալատային և ամոնիում ուրատային բյուրեղների առաջացմանը: Միզապարկի առաջնային քարերը մեծամասամբ հանդիպում են մինչև 10 տարեկան երեխաների մոտ՝ առավել հաճախ տղաների մոտ: Միզապարկի առաջնային քարերը հիմնականում պարունակում են կալցիումի օքսալատ, ամոնիումի ուրատ, միզաթթու:
Ո՞րն է համարվում միզապարկի երկրորդային քար:
Միզապարկի երկրորդային քարի առաջացման հիմքում մեծամասամբ առկա է նախատրամադրող գործոն: Այս քարերը ավելի հաճախ հանդիպում են 60 տ – ից բարձր տղամարդկանց մոտ, որոնք ունեն ստորին միզուղիների ախտանիշներ: Միզապարկի երկրորդային քարը մեծամասամբ առաջանում է միզապարկում, սակայն մինչև 17% դեպքերում կարող են լինել երիկամներից միգրացիայի ենթարկված քարեր, որոնք չեն կարողացել դուրս գալ վատ միզարձակման պատճառով: Եթե միզապարկի քարի կորիզը կալցիում օքսալատ է, ապա մեծ հավանականությամբ այն միգրացիայի է ենթարկվել երիկամներից:
Կանանց մոտ միզապարկերի քարերի առաջացման պատճառներից առավել հաճախ հանդիպում են գինեկոլոգիական բժշկական միջոցների միգրացիան արգանդից կամ հեշտոցից դեպի միզապարկ: Այդ միջոցներից են՝ ներհեշտոցային պեսսարիաներ, դիաֆրագմաներ, կլիպսեր, որոնց վրա ժամանակի ընթացքում ձևավորվում են միզապարկի քարեր:
Միզապարկի երկարատև կատետերիզացիան նույնպես կարող է բերել միզապարկի քարերի առաջացման՝ մինչև 2,2% դեպքերում:
Որոշ դեղամիջոցների երկարատև կիրառումը նույնպես կարող է նպաստել միզապարկի քարերի առաջացմանը՝ միզամուղներ, Ինդինավիր:
Առավել հաճախ միզապարկի քարերը առաջանում են դժավարամիզության հետևանքով:
Որո՞նք են դժվարամիզության պատճառները:
Դժվարամիզությունը ժամանակի ընթացքում կարող է բերել միզելուց հետո միզապարկում մնացորդային մեզի առկայության, որը բարենպաստ պայման է ստեղծում միզապարկի քարերի առաջացման համար:
Դժվարամիզության առավել հաճախ հանդիպող պատճառներն են՝
- Շագանակագեղձի ադենոմա կամ շագանակագեղձի բարորակ գերաճ:
- Միզուկի նեղացում կամ միզուկի ստրիկտուրա:
- Միզապարկի վզիկի սկլերոզ կամ Մորիոնի հիվանդություն:
- Նեյրոգեն միզապարկ:
- Աղիքային միզային ռեզերվուար: