medroom.am

Առնանդամի ծռվածության (Պեյրոնիի հիվանդության) ոչ վիրահատական բուժում

Առնանդամի ծռվածության կամ Պեյրոնիի հիվանդության ոչ վիրահատական բուժում կատարվել է դեռևս վաղ ժամանակներից: Քանի որ Պեյրոնիի հիվանդության պատճառագիտությունը և առաջացման մեխանիզմները վերջնականապես հաստատված չեն, հետևաբար առնանդամի ծռվածության բուժման համար կիրառվել են տարբեր դեղամիջոցներ, որոնց մեծ մասի արդյունավետությունը ոչ բավարար է, կամ անիմաստ: 

Ի՞նչ դեղամիջոցներ են կիրառվել առնանդամի ծռվածության (Պեյրոնիի հիվանդության) բուժման համար: 

Կալիումի պարաամինոբենզոատ – ապացուցվել է, որ այն ճնշում է կոլլագենի սինթեզը նվազեցնելով առնանդամի ծռվածության զարգացումը: Սակայն Պեյրոնիի հիվանդության բուժման համար խորհուրդ չի տրվում, քանի որ այն միայն ստաբիլացնում է առնանդամի ծռվածությունը և ոչ թե վերացնում:

Վիտամին E – ճարպալույծ վիտամին է, որը ունի հակաօքսիդանտ ազդեցություն՝ կանխելով թթվածնի ազատ ռադիկալների առաջացումը, որոնք ընկճում են NO – ի մակարդակը: Վերջինսիս անոթալայնիչ ազդեցության շնորհիվ լավանում է արյունամատակարարումը՝ կանխելով առնանդամի ծռվածության զարգացումը: Այնուամենայնիվ բազմաթիվ հետազոտություններ հիմնավորել են, որ վիտամին E – ն որևէ դրական փոփոխության չի բերում Պեյրոնիի հիվանդության ժամանակ:  

Տամոքսիֆեն – նպաստում է Ուռուցքային Աճի Գործոն բետտայի սիթեզին, որը մեծ քանակության դեպքում ունի հակաֆիբրոտիկ էֆեկտ: Չնայած դրան, վերոնշյալ դեղամիջոցը որևէ դրական ազդեցություն չի թողնում առնանդամի ծռվածության բուժման ժամանակ: 

Կոլխիցին – ճնշում է բջիջների բազմացումը և շարժունակությունը, լեյկոցիտների ադհեզիան ադրյունքում նվազեցնելով բորբոքային գործընթացը: Մյուս կողմից խթանում է կոլլագենազա ֆերմենտի սինթեզը և բերում ֆիբրոտիկ (պնդացած) հյուսվածքների լուծմանը: Սակայն առնանդամի ծռվածության բուժման ժամանակ որևէ էական ազդեցություն չունի:

Կառնիտին – ունի հակաօքսիդանտ ազդեցություն, սակայն առնանդամի ծռվածության բուժման ժամանակ արդյունք չի տվել:

Ֆոսֆոդիէսթերազա 5 – ի ինհիբիտորներ – լավացնում են առնանդամի արյունահոսքը, ընկճում կոլագենի սինթեզը: Այնուամենայնիվ առնանդամի ծռվածության բուժման ժամանակ բավարար արդյունավետություն ցույց չեն տվել: Սակայն լայնորեն կիրառվում են սեռական թուլության բուժման նպատակով:

Ամերիկյան Ուրոլոգիական Ասոցիացիայի կողմից վերոնշյալ դեղամիջոցները խորհուրդ չեն տրվում կիրառել առնանդամի ծռվածության բուժման համար: 

Ի՞նչ դեղամիջոցներ են կիրառվում առնանդամի ծռվածության կամ Պեյրոնիի հիվանդության ներարկումներով բուժման համար: 

Վերապամիլ – կալցիումական անցուղիների պաշարիչ է: Այս խմբի դեղամիջոցները մեծամասամբ կիրառվում են զարկերակային գերճնշման բուժման ժամանակ: Վերապամիլը թույլ չի տալիս պրոլին ամինոթթվի ներառումը արտաբջջայի մատրիքսի սպիտակուց կոլագենի սինթեզի ժամանակ՝ նվազեցնում է ֆիբրոտիկ հյուսվածքի զարգացումը: Ապացուցվել է նաև, որ կոլագենը քայքայվում է Վերապամիլի ազդեցության տակ: Առնանդամի ծռվածության ժամանակ ըստ տարբեր հետազոտությունների ստացվել են հակասական տվյալներ:

Ինտերֆերոն ալֆա-2b – նվազեցնում է կոլագենի սինթեզը, ակտիվացնում է կոլագենազա ֆերմենտը: Ըստ կատարված մի շարք հետազոտությունների առնանդամի ծռվածության բուժման ժամանակ ստացվել են տարբեր արդյունքներ, մի շարք կողմնակի ազդեցություններով:

Կոլագենազա Կլոստրիդիում հիստոլիտիկում – ստացվում է վերոնշյալ բակտերիայից, որը ունի կոլագենը քայքայող հատկություն: Առնանդամի ծռվածության բուժման տարբեր հետազոտություններով ստացվել են դրական արդյունքներ, սակայն որպես կողմնակի երևույթ դիտվել է նաև առնանդամի կոտրվածք:

Ներարկվող միջոցներով առնանդամի ծռվածության բուժումը թույլ է տրվում Ամերիկյան Ուրոլոգիական Ասոցիացիայի կողմից, սակայն պետք է հիվանդին զգուշացնել բոլոր հնարավոր բարդությունների մասին: 

Ի՞նչ քսուկներ են օգտագործվել առնանդամի ծռվածության կամ Պեյրոնիի հիվանդության բուժման ժամանակ:

Առնանդամի ծռվածության բուժման նպատակով օգտագորվել են մի շարք դեղամիջոցներ՝ բետա – ամինոպրոպրիոնիտրիլ, մարդու լիպոսոմալ ռեկոմբինանտ սուպերօքսիդ դիսմուտազա, վերապամիլ և այլն: Արդյունքները եղել են հակասական, և կատարված հետազոտությունները եղել են ոչ լայնածավալ:

Ամերիկյան Ուրոլոգիական Ասոցիացիայի կողմից քսուկների կիրառումը Պեյրոնիի հիվանդության բուժման ժամանակ խորհուրդ չի տրվում: 

Առնանդամի ծռվածության կամ Պեյրոնիի հիվանդության Արտամարմնային Հարվածալիքային Բուժում (ԱՀԲ):

Առնանդամի ծռվածության բուժման ժամանակ ԱՀԲ – ի ազդեցությունը պարզաբանված չէ, սակայն առկա է երկու վարկած՝ հարվածային ալիքների ազդեցության տակ առնանդամի պնդացած հյուսվածքի քայքայում և արյունահոսքի լավացում, որը բերում է բորբոքման, և մակրոֆագերի կողմից ֆիբրոտիկ հյուսվածքի լուցման:

Ըստ տարբեր հետազոտությունների արդյունքների առնանդամի ծռվածության ԱՀԲ – ը նվազեցնում է հիվանդի ցավերը, սակայն ֆիբրոտիկ հյուսվածքի վրա էական ազդեցություն չունի և չի բերում ծռվածության վերացման, այլ ընդհակառակը՝ կարող է բերել ծռվածության խորացման:

Ամերիկյան Ուրոլոգիական Ասոսիացիայի կողմից ԱՀԲ – ը խորհուրդ չի տրվում կիրառել առնանդամի ծռվածության շտկման կամ ֆիբրոտիկ հյուսվածքի լուծման նպատակով, այլ միայն ցավերի վերացման համար: 

Առնանդամի ծռվածության կամ Պեյրոնիի հիվանդության բուժում ծգող սարքերի օգնությամբ:

Առնանդամը ծգող սարքերը՝ էսպանդերներ, որոնք կիրառվում են առնանդամի չափերի մեծացման նպատակով, կիրառություն են գտել նաև առնանդամի ծռվածության բուժման ժամանակ և որոշ դեպքերում, երբ ծռվածությունը չի գերազանցում 50 աստիճանը՝ դիտվել են բավարար արդյունքներ:  

Այնուամենայնիվ Ամերիկյան Ուրոլոգիական Ասոցիացիան իր խորհուրների մեջ չի ներառել Պեյրոնիի հիվանդության ժամանակ կիրառել այս բուժման եղանակը: 

Առնանդամի վակուումային սարքերի կիրառումը Պեյրոնիի հիվանդության բուժման ժամանակ:

Առնանդամի վակուումային սարքավորումները մեծ հաջողությամբ կիրառվում են սեռական թուլության բուժման ժամանակ, սակայն առնանդամի ծռվածության առումով ունեցել են աննշան արդյունք: Ամերիկյան Ուրոլոգիական Ասոցիացիայի կողմից առնանդամի ծռվածության բուժման ուղեցույցում այս մեթոդը ներառված չէ:

Առնանդամի ծռվածության վիրահատական բուժման եղանակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: 

Առնանդամի ծռվածություն կամ Պեյրոնիի հիվանդություն
1193 դիտում
59