medroom.am

Առնանդամի ծռվածության վիրահատական բուժում

Ո՞ր դեպքերում է կարիք լինում կատարելու առնանդամի ծռվածության վիրահատական բուժում: 

- Եթե առնանդամի ծռվածությունը 6 ամսից ավելի է:

- Եթե առնանդամի ծռվածությունը խանգարում է բավարարված սեռական հարաբերություն ունենալուն:

- Եթե առնանդամի ծռվածությունը առաջացնում է ցավ հիվանդի կամ զուգընկերուհու մոտ սեռական հարաբերության ընթացքում:

- Եթե էրեկցված վիճակում առնանդամի ծռվածությունը տհաճություն է պատճառում հիվանդին:

- Բոլոր վերոնշյալ դեպքերում, եթե ոչ վիրահատական բուժումը անարդյունավետ է:

- Եթե հիվանդը ցանկանում է առնանդամի ծռվածության արագ և հավաստի շտկում: 

Առնանդամի ծռվածությամբ հիվանդի նախավիրահատական խորհրդատվություն:

Նախ հիվանդին պետք է բացատրել, որ վիրահատության նպատակը առնանդամի ծռվածության ուղղումն է, սակայն ոչ միշտ է հաջողվում հասնել իդեալական ուղղվածության: Ըստ Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի ուղեցույցի մինչև 15 աստիճան ծռվածությունը համարվում է հաջողված վիրահատություն:

Առնանդամի ծռվածությամբ հիվանդին նաև պետք է զգուշացնել, որ հնարավոր է վիրահատությունից հետո էրեկցված առնանդամի երկարությունը նվազի մինչև 20 % - ով, որը հետագայում կարելի է շտկել առնանդամը երկարացնող վիրահատության միջոցով:

Որոշ հիվանդների մոտ կարող է դիտվել առնանդամի զգացողության նվազում, որը սովորաբար վերանում է վիրահատությունից հետո 6 ամսվա ընթացքում:

Եթե առնանդամի ծռվածությունից բացի հիվանդի մոտ նախավիրահատական շրջանում առկա է նաև սեռական թուլություն, ապա վերջինս կարող է նաև խորանալ: Նման դեպքերում առաջարկվում է նաև միաժամանակ կատարելու առնանդամի էնդոպրոթեզավորում՝ սեռական ֆունկցիան վերականգնելու նպատակով: 

Ի՞նչ վիրահատական եղանակներ են կիրառվում առնանդամի ծռվածության շտկման նպատակով:

Պեյրոնիի հիվանդության կամ առնանդամի ծռվածության ժամանակ կիրառվող վիրահատությունները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբի՝

Պլիկացիոն վիրահատություններ

Գրաֆտային վիրահատություններ

Այս վիրահատությունները ունեն տարբեր մոդիֆիկացիաներ, որոնք կիրառվում են առնանդամի ծռվածության տարբեր դեպքերում:

Պլիկացիոն վիրահատությունները կարող են կատարվել առնանդամի ֆիբրոտիկ հյուսվածքի մասնակի կամ լրիվ հեռացմամբ, կամ առանց հեռացման: Հակառակ կողմից դրվում են կարեր առնանդամը ուղղելու նպատակով: Այս վիրահատության ժամանակ առնանդամի երկայնական չափսը տուժում է:

Գրաֆտային վիրահատության ժամանակ առնանդամի ֆիբրոտիկ հյուսվածքը հեռացվում է, և դեֆեկտը փակվում է լաթով, որի համար կարող է կիրառվել հիվանդի մաշկը, երակի պատը, փակեղ կամ այլ բնական կամ արհեստական հյուսվածքներ: Այս վիրահատության ժամանակ նոր առաջացած սեռական թուլության հավանականություն կա, սակայն առնանդամի երկարությունը գրեթե չի տուժում: Այնուամենայնիվ, եթե հիվանդի մոտ նախավիրահատական շրջանում դիտվում են սեռական թուլության նշաններ, ապա առնանդամի ծռվածության գրաֆտային վիրահատության ժամանակ ցանկալի է միաժամանակ կատարել առնանդամի էնդոպրոթեզավորում: 

Առնանդամի ծռվածության շտկման հետվիրահատական շրջանը:

Հետվիրահատական շրջանում առնանդամի կրկնակի ծռվածությունից խուսափելու համար հիվանդներին խորհուրդ է տրվում 2 – րդ օրվանից սկսել առնանդամի ծգումներ օրական մի քանի անգամ 5 րոպե տևողությամբ մինչև 1 ամիս:

Վերջին տարիներին հաջողությամբ կիրառվում են նաև առնանդամը ձգող սարքերը՝ էսպանդերները, որոնք առնանդամի ուղիղ վիճակը պահպանելուց բացի նաև նպաստում են առնանդամի երկարացմանը: Էսպանդերները խորհուրդ են տրվում կիրառել օրը 2 – 3 ժամ տևողությամբ 3 – 6 ամիս միջակայքում:

Առնանդամի ծռվածության ոչ վիրահատական բուժման եղանակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: 

Առնանդամի ծռվածություն կամ Պեյրոնիի հիվանդություն
1762 դիտում
53