medroom.am
Ցիտոմեգալովիրուսը հայտնաբերվել է 20 – րդ դարի սկզբին, երբ նորածինների մոտ դիտվել են մահացության դեպքեր:
Քանի որ Ցիտոմեգալովիրուսը կառուցվածքով, գենետիկ կազմվածքով և մարդու օրգանիզմում երկար տարիներ գաղտնի ընթացքով նման է հերպես վիրուսներին, ապա դասվել է հերպես վիրուսների բետա ենթաընտանիքին:
Թեև ցիտոմեգալովիրուսով վարակվածները մեծամասամբ գանգատներ չեն նշում, սակայն իմունային անբավարարությամբ օրգանիզմներում ցիտոմեգալովիրուսը կարող է բերել հիվանդի կյանքին սպառնացող իրավիճակների: Առանց կլինիկական նշանների ընթացքի դեպքում կա վարկած, որ ցիտոմեգալովիրուսը կարող է բերել քրոնիկ հիվանդությունների զարգացման՝ օրինակ աթերոսկլերոզ: Ցիտոմեգալովիրուսը դասվում է սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսների շարքին, որը զգալիորեն կարող է ազդել վերարտադրողական գործընթացի վրա:
Ցիտոմեգալովիրուսը կարող է թափանցել օրգանիզմի գրեթե բոլոր տեսակի բջիջներ և բազմանալով մնալ գաղտնի կամ ունենալ կլինիկական դրսևորում: Մարդու օրգանիզմը բավականին արդյունավետ պաշտպանական մեխանիզմներ ունի Ցիտոմեգալովիրուսի դեմ: Դրա ապացույցն է այն, որ Ցիտոմեգալովիրուսով վարակվում են ընկճված իմունային համակարգ ունեցող հիվանդները: Ցիտոմեգալովիրուսի դեմ մարդու օրգանիզմը հիմնական պայքարը մղում է CD8 T բջիջների միջոցով: Ապացուցվել է, որ այս բջիջները արդյունավետ չեն գործում CD4 T – helper բջիջների անբավարար գործունեության պայմաններում, որը դիտվում է ՄԻԱՎ վարակով հիվանդների մոտ:
Ցիտոմեգալովիրուսի տարածվածությունը:
ԱՄՆ – ում մինչև 6 տարեկան երեխաների 5 – 30% - ի մոտ հայտնաբերվում է Ցիտոմեգալովիրուս: Սեռահասուն տարիքում Ցիտոմեգալովիրուս հայտնաբերվում է բնակչության մինչև 40% – ի մոտ:
Ցիտոմեգալովիրուս հետերոսեքսուալների մոտ:
Սեռոպոզիտիվ (լաբորատոր հետազոտությամբ Ցիտոմեգալովիրուսը հաստատված է) զուգընկերուհի ունեցող տղամարդկանց մոտ Ցիտոմեգալովիրուս հայտնաբերվում է 74% դեպքերում, իսկ սեռոնեգատիվ (լաբորատոր հետազոտությամբ Ցիտոմեգալովիրուս չի հայտնաբերվել)զուգընկերուհի ունեցողների մոտ՝ 31% դեպքերում:
Ցիտոմեգալովիրուսի հայտնաբերման հավանականությունը ավելանում է այն մարդկանց մոտ, ովքեր՝
- Վաղ տարիքից սկսել են ապրել սեռական կյանքով:
- Ունեցել են տարբեր զուգընկերուհիներ կամ զուգընկերներ:
- Ունեցել են այլ սեռավարակներ:
Ցիտոմեգալովիրուսը առավել հաճախ և առավել մեծ տիտրերով հայտնաբերվում է արգանդի վզիկից քսուկում և սերմնահեղուկում:
Ցիտոմեգալովիրուս հոմոսեքսուալների մոտ:
Ապացուցվել է, որ սեռավարակների կասկածով հետազոտության համար դիմած հոմոսեքսուալ տղամարդկանց 93.5% - ի մոտ հայտնաբերվել է Ցիտոմեգալովիրուս: Իսկ Հետերոսեքսուալ տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմել է 54.3%: Ցիտոմեգալովիրուս հայտնաբերվել է հոմոսեքսուալ տղամարդկանց մեզի մեջ մինչև 7% դեպքերում, իսկ հետերոսեքսուալների մոտ չի հայտնաբերվել:
Ցիտոմեգալովիրուս նորածինների մոտ:
Նորածինների կամ պտղին Ցիտոմեգալովիրուսը փոխանցվում է մոր օրգանիզմից և կարող է պահպանվել երեխայի օրգանիզմում տարիներ: Ցիտոմեգալովիրուսով վարակված երեխաներ նույնպես վարակի տարածման աղբյուր են: Վերջիններիս բիոլոգիական հեղուկների հետ շփումը կարող է բերել բուժ անձնակազմի վարակման և վարակի տարածման այլ նորածինների շրջանում:
Մորից երեխային Ցիտոմեգալովիրուսը կարող է տարածվել 3 ճանապարհներով՝
- Հղիության ընթացքում ընկերքի միջոցով 20 – 40% դեպքերում:
- Ծննդաբերության ընթացքում մինչև 50% դեպքերում:
- Կաթով սնելու ճանապարհով 30 – 70% դեպքերում:
Ցիտոմեգալովիրուսի փոխանցում արյան կամ փոխպատվաստված օրգանների միջոցով:
Արյան փոխներարկման միջոցով Ցիտոմեգալովիրուսը կարող է փոխանցվել մինչև 1% դեպքերում: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ցիտոմեգալովիրուսը մեծամասամբ փոխանցվում է արյան լեյկոցիտների միջոցով: Հետևաբար արյան փոխներարկման ժամանակ լեյկոցիտներից ֆիլտրված արյան բաղադրիչների կիրառումը նվազեցնում է Ցիտոմեգալովիրուսով վարակման հավանականությունը:
Օրգանների փոխպատվաստման ժամանակ Ցիտոմեգալովիրուսի փոխանցման հավանականությունը կազմում է 70 – 80%: Քանի որ փոխպատվաստվող հիվանդին նշանակվում է իմունաճնշիչ դեղամիջոցներ (նոր օրգանի դեմ օրգանիզմի պայքարը ճնշելու նպատակով), ապա Ցիտոմեգալովիրուսի դեմ պայքարը խիստ ճնշված է, որը ավելացնում է վարակման հավանականությունը:
Ի՞նչ ախտանիշներ են դիտվում Ցիտոմեգալովիրուսով վարակված հիվանդների մոտ:
Ցիտոմեգալովիրուս և նորման իմունային համակարգ ունեցող հիվանդներ:
"Առողջ" մարդկանց մոտ Ցիտոմեգալովիրուսը մեծամասամբ կլինիկական դրսևորումներ չի ունենում: Սակայն որոշ դեպքերում կարող է դիտվել մոնոնուկլեոզի նման համախտանիշ՝
- Ջերմության բարձրացում
- Լիմֆադենոպաթիա
- Պերֆերիկ արյան մեջ լիմֆոցիտոզ:
Մոնոնուկլեոզի դեպքերի մեծամասնությունը պայմանավորված է լինում Էպշտեյն – Բարի վիրուսով: Սակայն եթե այս վիրուսը չի հայտնաբերվում, ապա մնացած մոնոնուկլեոզի դեպքերի 50% - ը պայմանավորված է լինում Ցիտոմեգալովիրուսով: Ի տարբերություն Էպշտեյն – Բարի վիրուսով պայմանավորված մոնոնուկլեոզի, Ցիտոմեգալովիրուսի ժամանակ չեն դիտվում նշիկների բորբոքման կամ ֆարինգիտի նշաններ:
Ցիտոմեգալովիրուսով վարակված հիվանդների մոտ կարող են դիտվել նաև՝
- Ընհանուր թուլություն
- Քրտնարտադրություն
- Դեղնություն
- Լյարդի անալիզների շեղումներ:
- Ցիտոմեգալովիրուսի ժամանակ հազվադեպ կարող են դիտվել նաև՝
- Կոլիտ
- Թոքաբորբ
- Հեպատիտ
- Գիյեն – Բարե համախտանիշ
- Մենինգոէնցեֆալիտ
- Միոկարդիտ
Ցիտոմեգալովիրուսի դրսևորումները նորածինների մոտ:
ԱՄՆ – ում նորածինների 1% - ի մոտ հայտնաբերվում է ներարգանդային կյանքում վարակված Ցիտոմեգալովիրուսի դեպքեր, որոնցից 7% - ը ունենում են կլինիկական դրսևորումներ: Ցիտոմեգալովիրուսով վարակված նորածինների մոտ կարող են դիտվել հետևյալ ախտանշանները՝
- Դեղնություն
- Հեպատոսփլենոմեգալիա
- Թրոմբոցիտոպենիա
- Միկրոցեֆալիա
- Խորիոռետինիտ
- և այլն:
Մինչև 20% դեպքերում վերոնշյալ ախտանիշները կարող են բերել նորածնային մահացության: Մնացած երեխաների մոտ կարող են առաջանալ որոշակի խանգարումներ՝
- Մտավոր ունակությունների նվազում:
- Տեսողության կորուստ:
- Լսողության կորուստ:
Ցիտոմեգալովիրուս ընկճված իմունային համակարգ ունեցող հիվանդների մոտ:
Ցիտոմեգալովիրուս առավել հաճախ հայտնաբերվում է ընկճված իմունային համակարգ ունեցող հիվանդների մոտ՝
- Օրգանի կամ ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում անցած հիվանդներ:
- Քրոնիկ ալկոհոլիկներ:
- ՄԻԱՎ վարակով հիվանդներ:
Ցիտոմեգալովիրուսը համարվում է ամենահաճախ հանդիպող զուգակցված ինֆեկցիան ՄԻԱՎ վարակով հիվանդների մոտ: CD4 T – helper բջիջների քանակի նվազումը ՄԻԱՎ վարակակիրների մոտ ավելացնում է Ցիտոմեգալովիրուսով վարակաման կամ լատենտ ձևի դրսևորման հավանականությունը: Այս դեպքերում Ցիտոմեգալովիրուսի առավել հաճախ կլինիկական դրսևորումներից է ռետինիտը: Ավլի սակավ կարող է դիտվել նաև պոլիռադիկուլոպաթիա, մենինգոէնցեֆալիտ, խոցային էզոֆագիտ, կոլիտ, սկլերոզացնող խոլանգիտ:
Ինչպե՞ս է ախտորոշվում Ցիտոմեգալովիրուսը հիվանդի մոտ:
Նախ պետք է գնահատել հիվանդի գանգատները, արդյո՞ք հիվանդը մտնում է Ցիտոմեգալովիրուսով վարակման ռիսկի խմբի մեջ:
Լաբորատոր հետազոտություններից առավել ճշգրիտ և արագ արդյունք է ստացվում ՊՇՌ հետազոտության միջոցով: Ինչպես արդեն նշվել է՝ տղամարդկանց մոտ Ցիտոմեգալովիրուսը առավել հաճախ հայտնաբերվում է սերմնահեղուկում իսկ կանանց մոտ արգանդի վզիկից քսուկում:
Ինչպե՞ս է բուժվում Ցիտոմեգալովիրուսով վարակված հիվանդը:
Ցիտոմեգալովիրուսի բուժման համար առկա են մի շարք հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք հիմնականում նշանակվում են, եթե հիվանդի մոտ առկա են Ցիտոմեգալովիրուսի կլինիկական դրսևորումներ: Քանի որ հակավիրուսային դեղամիջոցները կարող են առաջացնել մի շարք բարդություններ՝ լեյկոպենիա, նեյտրոպենիա, փորլուծություն, ջերմության բարձրացում, նաև կյանքին սպառնացող բարդություններ՝ երիկամային անբավարարություն, հիպոկալցիէմիա, հիպոմագնեզիէմիա, հիպոֆոսֆատէմիա: