medroom.am

Ցինկ և տղամարդու անպտղություն

Ցինկը մեր օրգանիզմի կարևոր միկրոէլեմենտներից է, որը մասնակցում է մի շարք կենսաբանական ֆունկցիաների: 200 – ից ավել մետալոէնզիմներ կարգավորվում են ցինկի միջոցով: Այն մասնակցում է ԴՆԹ – ի և ՌՆԹ – ի կազմավորման, բջիջների թաղանթների կայունության և բջիջների կիսման գործընթացներում: Ցինկը առկա է տարբեր օրգան – համակարգերում, առավել մեծ քանակությամբ՝ երիկամներում, թոքերում, աչքերում, մաշկում, գլխուղեղում, սրտամկանում, ենթաստամոքսային գեղձում և այլն:

Ցինկը մասնակցում է նաև իմունային համակարգի գործունեության մեջ՝ իմունային բջիջների ստեղծմանը, զարգացմանը և ակտիվացմանը:

Ցինկի մասնակցությամբ է նաև տեղի ունենում Թիրեոխթանիչ (թիրեոտրոպ) հորմոնի սինթեզը հիպոֆիզում, որը կարգավորում է վահանաձև գեղձի հորմոնների սինթեզը:

Տեստոստերոնի (արական սեռական հորմոն) սինթեզը նույնպես տուժում է ցինկի անբավարարության ժամանակ:  

Ցինկի դերը տղամարդու անպտղության ժամանակ:

Ցինկը մեծ դեր է խաղում տղամարդու վերարտադրողական գործընթացում: Ապացուցվել է, որ անպտուղ տղամարդկանց մոտ ցինկի մակարդակը նվազ է առողջ տղամարդկանց համեմատ: Ցինկի մակարդակը սպերմատոզոիդներում և սերմնահեղուկում ամենաբարձրն է օրգանիզմի մյուս հեղուկների համեմատ և դա պատահական չէ:

Ի՞նչ մեխանիզմներով է ցինկը ազդում տղամակրդու անպտղության վրա:

Ցինկի անբավարարությունը կարող է բերել ամորձիների չափերի փոքրացման և ազդել սպերմատոզոիդների սինթեզի վրա:

Բակտերիաների առկայությունը տղամարդկանց կամ կանանց վերարտադրողական համակարգում բացասաբար է անրադառնում սպերմատոզոիդների որակական ցուցանիշների վրա: Հայտնի է, որ ցինկը ունի նաև բակտերիցիդ ազդեցություն՝ ազդում է գրամ – դրական, գրամ – բացասական բակտերիաների և սպորների վրա:

Ցինկի իոնը նշանակալի ազդեցություն ունի վերարտադրողական գործընթացի կարևոր բաղադրիչների վրա՝ սպերմատոզոիդների շարժունակություն, կապացիտացիա, ակրոսոմալ էկզոցիտոզ: Բեղմնավորման գործընթացի համար անհրաժեշտ է, որ սերմնահեղուկը մի քանի ժամ գտնվի կնոջ վերարտադրողական ուղիներում, որի ընթացքում տեղի են ունենում մի շարք բիոքիմիական և շարժունության փոփոխություններ, որը կոչվում է կապացիտացիա: Վերջինս անհրաժեշտ է սպերմատոզոիդների և ձվաբջջի փոխազդեցության համար: Արդյունքում տեղի է ունենում ակրոսոմալ էկզոցիտոզ և սպրեմատոզոիդը ներթափանցում է ձվաբջիջ: Ցինկը մի շարք մեխանիզմներով մասնակցում է վերոնշյալ գործընթացներին: Ցինկի անբավարարությունը ինչպես նաև ավելցուկը կարող են բերել վերոնշյալ գործընթացների տարբեր օղակների խանգարման և արդյունքում տղամարդու անպտղության:

Ցինկի ազդեցությունը սպերմատոզոիդների շարժունակության վրա:

Ապացուցվել է, որ ցինկի ավելցուկը բերում է սպերմատոզոիդների շարժունակության նվազման: Սեմենոգելին սպիտակուցի ներգործությամբ ցինկի մակարդակի նվազեցումը բերում է սպերմատոզոիդների շարժունակության ավելացման: Արտաբջջային տարածության մեջ ցինկի մակարդակի փոփոխությունները ազդում են շարժունակության վրա:

Սպերմատոզոիդների կազմում ցինկը գտնվում է միտոքոնդրիումների, մտրակի և գերազանցապես արտաքին խիտ մանրաթելերի մեջ:

Ցինկի մակարդակի նվազումը սպերմատոզոիդների կազմում բերում է արտաքին խիտ մանրաթելերի կազմում գտնվող ցիստեին – սուլֆհիդրիլի օքսիդացման և արտաքին խիտ մանրաթելերի ամրացման, որի արդյունքում ակտիվանում է սպերմատոզոիդի պրոգրեսիվ շարժունակությունը, ինչպես նաև հետագա հիպերակտիվ շարժունակությունը, որը անհրաժեշտ է կապացիտացիայի համար: Սպերմատոզոիդի հիպերակտիվ շարժունակությունը անհրաժեշտ է ձվաբջջի ներթափանցման համար:

Բացի այդ ցինկի մակարդակի ավելացումը ընկճում է սպերմատոզոիդի պոչում գտնվող ջրածնային անցուցիները և կանխում հիմնայնացման գործընթացը: Ցիտոպլազմատիկ հիմնայնացումը խթանում է մտրակի կազմում գտնվող կալցիումական CatSper անցուղիների ակտիվացումը՝ արդյունքում բերելով սպերմատոզոիդի հիպերակտիվ շարժունակության ավելացման:

Ցինկի ազդեցությունը կապացիտացիայի և ակրոսոմալ էկզոցիտոզի վրա:

Ապացուցվել է, որ սերմնահեղուկում ցինկի մակարդակի բարձրացումը բերում է կապացիտացիայի որոշ գործընթացների ընկճման և նվազեցնում բեղմնավորման հավանականությունը:

Ցինկը ունի նաև հակաօքսիդանտ ազդեցություն: Թթվածնի ազատ ռադիկալները չափավոր քանակությամբ անհրաժեշտ են կապացիտացիայի գործընթացի ժամանակ, սակայն մեծ քանակությունը ունի վնասակար ազդեցություն: Ցինկի ցածր քանակությունը նվազեցնում է թթվածնի ազատ ռադիկալների մակարդակը, սակայն մեծ քանակությունը նվազեցնելով թթվածնի ազատ ռադիկալների քանակությունը կարող է ճնշել կապացիտացիայի գործընթացը: Այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական ուղիներում ցինկի մակարդակը ցածր է: Սպերմատոզոիդը միանալով ձվաբջջի թաղանթին խթանում է ձվաբջջից ցինկի դուրսբերմանը, որը խոչընդոտում է մյուս սպերմատոզոիդների ներթափանցմանը ձվաբջիջ: Ցինկը և օօցիտների կողմից արտադրվող պրոգեստերոնը ընկճում են սպերմատոզոիդների մոտեցումը (քեմոատտրակցիա) ձվաբջջին:

Ցինկ և օգնող վերարտադրողական տեխնոլոգիաներ:

Վերջին տարիներին լայն կիրառում են գտել օգնող վերարտադրողական միջամտությունները՝ ունենալով բավականին բարձր արդյունավետություն:

Այդ նպատակներով հաճախ կիրառվում է սերմնահեղուկի կրիոկոնսերվացիա հեղուկ ազոտի միջավայրում: Այնուամենայնիվ սառեցման և հալեցման գործընթացը կարող է բացասաբար ազդել սպերմատոզոիդների բեղմնավորման ունակության վրա, որը պայմանավորված է օսմոտիկ ազդեցությամբ և օքսիդատիվ ստրեսով: Արդյունքում կարող է տուժել սպերմատոզոիդների շարժունակությունը, կենսունակությունը, մորֆոլոգիան, միտոքոնդրիումների գործունեությունը, առաջանալ ԴՆԹ – ի ֆրագմենտացիա: Ցինկի, որպես անտիօքսիդանտ կիրառումը սառեցման միջավայրում լայն կիրառում է գտնում վերջին տարիներին, քանի որ ցինկը ունի հակաօսիդանտ ազդեցություն: Ապացուցվել է, որ ցինկի կիրառման դեպքում սպերմատոզոիդների շարժունակությունը ավելանում է 26 – 184% - ով, իսկ պրոգրեսիվ շարժունակությունը՝ 130% - ով ի տարբերություն համեմատական խմբի: Կրիոկոնսերվացիայի ժամանակ ցինկի կիրառումը նաև ավելացնում է գենոմիկ ինտեգրացիան, քրոմոսոմային կայունությունը և պաշտպանում է սպերմատոզոիդների թաղանթը և մորֆոլոգիան վնասակար ազդեցություններից:

Ամփոփելով վերոնշյալը պետք է նշել, որ ցինկը մեծ դեր է խաղում վերարտադրողական գործընթացներում:

Տղամարդու անպտղություն և ցինկ
1081 դիտում
6