medroom.am

Վաղաժամ սերմնաժայթքում

Ո՞րն է կոչվում վաղաժամ սերմնաժայթքում:

Տարբեր ժամանակներում միջազգային տարբեր առողջապահական կազմակերպություններ տվել են վաղաժամ սերմնաժայթքման մի շարք սահմանումներ:

Ըստ International Society of Sexual Medicine (ISSM) սահմանման վաղաժամ սերմնաժայթքումը բնութագրվում է հետևյալ կերպ, և պարունակում է երեք բաղադրիչներ՝

Սերմնաժայթքում, որը միշտ կամ գրեթե միշտ առաջանում է հեշտոց ներթափանցելուց 1 րոպեի ընթացքում (մշտական վաղաժամ սերմնաժայթքում), կամ միշտ կամ գրեթե միշտ՝ մինչև 3 րոպեի ընթացքում (ձեռքբերովի վաղաժամ սերմնաժայթքում):

Միշտ կամ գրեթե միշտ սերմնաժայթքման հետաձգման անկարողություն:

Բացասական հոգեբանական ազդեցություն՝ ստրես, տրամադրության անկում, սեռական հարաբերություններից խուսափում և այլն:

Վաղաժամ սերմնաժայթքումը բավականին տարածված խնդիր է և երիտասարդ տարիքում դիտվում է տղամարդկանց մինչև 30% - ի մոտ, իսկ 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ հանդիպում է 50% - ից ավելի դեպքերում: Չնայած վաղաժամ սերմնաժայթքման տարածվածությանը, տղամարդկանց քիչ տոկոսն է նման խնդրով դիմում բժշկի:

Ի՞նչ տեսակների է լինում վաղաժամ սերմնաժայթքումը:

Վաղաժամ սերմնաժայթքումը բաժանվում է երկու հիմնական տեսակների՝

- Մշտական – կամ ողջ կյանքի ընթացքում:

- Ձեռքբերովի:

Մշտական և ձեռբերովի վաղաժամ սերմնաժայթքման տարբերությունները նշված են սահմանման մեջ:

Կիրառություն են գտել նաև վաղաժամ սերմնաժայթքման հետևյալ ձևերը՝

- Փոփոխական վաղաժամ սերմնաժայթքում, որը հանդիպում է ոչ միշտ և կարող է ունենալ իրավիճակային բնույթ կախված տարբեր գործոններից:

- Սուբյեկտիվ վաղաժամ սերմնաժայթքում, երբ սեռական հարաբերության տևողությունը նորմայի միջակայքում է, սակայն բուժառուին չի բավարարում տևողությունը:

Որո՞նք են վաղաժամ սերմնաժայթքման առաջացման պատճառները:

Վաղաժամ սերմնաժայթման առաջացման վերաբերյալ առկա են մի շարք վարկածներ, որոնք կարիք ունեն վերջնական հաստատման:

Ողջ կյանքի ընթացքում հանդիպող վաղաժամ սերմնաժայթքման պատճառներից է՝

5 – HT2c ընկալիչների թերզգայունությունը և/կամ 5 – HT1a ընկալիչների գերզգայունությունը: 5 - HT (hydroxitryptamine) ընկալիչները նյարդային հաղորդականության մասնակիցներ են սերոտոնինի միջոցով: Այս ընկալիչների զգայունությունը նաև կարող է փոխվել լարվածության կամ դեպրեսիայի ժամանակ:

Ձեռքբերովի վաղաժամ սերմնաժայթքման պատճառներից են՝

- Հոգեբանական պատճառներ

- Սեռական թուլություն

- Պրոստատիտ

- Հիպերթիրոիդիզմ

- Նարկոտիկ դեղամիջոցների դադարեցում

Վաղաժամ սերմնաժայթքում - հոգեբանական պատճառներ:

Հոգեկան լարվածությունը ակտիվացնում է սիմպատիկ նյարդային համակարգը և արդյունքում բերում է վաղաժամ սերմնաժայթքման: Այս պատճառը վաղաժամ սերմնաժայթքման առավել հաճախ հանդիպող պատճառներից է:

Սեռական ցանկության նվազումը նույնպես կարող է բերել վաղաժամ սերմնաժայթքման՝ ենթագիտակցորեն նվազեցնելով ոչ ցանկալի սեռական հարաբերության տևողությունը:

Կանանց մոտ հանդիպող սեքսուալ խանգարումները՝ անօրգազմիան, սեռական ցածր ակտիվությունը, սեռական ցանկության նվազումը և այլ խանգարումներ նույնպես կարող են տղամարդու մոտ բերել վաղաժամ սերմնաժայթքման:

Վաղաժամ սերմնաժայթքում և սեռական թուլություն:

Ապացուցվել է, որ սեռական թուլություն ունեցող տղամարդկանց 50% - ի մոտ դիտվում է վաղաժամ սերմնաժայթքում: Սեռական թուլությամբ տղամարդկանց մոտ սեռական հարաբերության ժամանակ կամ մինչ հարաբերությունը մեծամասմաբ լինում է լարվածություն, որը կարող է կարճացնել կարաբերության տևողությունը:

Վաղաժամ սերմնաժայթում շագանակագեղձի հիվանդությունների ժամանակ:

Ապացուցվել է, որ պրոստատիտի տեսակները՝ քրոնիկ բակտերիալ պրոստատիտը, քրոնիկ կոնքային ցավի համախտանիշը մինչև 70% դեպքերում նույնպես կարող են բերել վաղաժամ սերմնաժայթման, որը պայմանավորված է բորբոքված հյուսվածքներում նյարդային ընկալիչների զգայունության փոփոխությամբ: Հաստատվել է նաև, որ բակտերիալ պրոստատիտի հակաբակտերիալ բուժումից հետո սեռական հարաբերության տևողությունը ավելանում է մինչև 2,6 անգամ:

Վաղաժամ սերմնաժայթքում և հիպերթիրոիդիզմ:

Վահանաձև գեղձի հորմոնալ խանգարումներով հիվանդների մոտ կարող են դիտվել սեռական ֆունկցիայի տարբեր խանգարումներ: Ապացուցվել է, որ թիրեոխթանիչ հորմոնի ցածր մակարդակի դեպքում մինչև 50% տղամարդկանց մոտ առաջանում է վաղաժամ սերմնաժայթքում, որը հորմոնալ բուժման ֆոնի վրա գրեթե բոլոր հիվանդների մոտ վերանում է:

Վաղաժամ սերմնաժայթքում
1165 դիտում
30