medroom.am
Որ դեպքերում է ցուցված կատարելու շագանակագեղձի բիոպսիա ?
- ՊՍԱ ցուցանիշի բարձրացում
- Մատնային ռեկտալ քննության ժամանակ կասկածելի օջախների շոշափում
- Գործիքային հետազոտություններով կասկածելի պատկեր (Օր ՄՌՏ – մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիա հետազոտությամբ)
ՊՍԱ ցուցանիշի մեկանգամյա որոշումը բավարար չէ եզրակացություն կազմելու համար: Այն պետք է վերստուգել 3 շաբաթ անց, ցանկալի է միևնույն լաբորատորիայում, եթե նախորդող օրերին տեղի չի ունեցել սերմնաժայթքում, կամ չի կատարվել գործիքային կամ մատնային ռեկտալ քննություն և եթե չկա միզուղիների կամ շագանակագեղձի բորբոքման նշաններ, քանի որ վերոնշյալ պայմանները նպաստում են ՊՍԱ ցուցանիշի ավելացմանը: Եթե հիվանդի մոտ առկա է միզուղիների կամ սերմուղիների բորբոքման կասկած, ապա նշանակվում է հակաբակտերիալ հակաբորբոքիչ բուժում, ըստ մեզի կամ սերմի բակ քննության տվյալների 2 – 3 շաբաթ ժամկետով, որից հետո ՊՍԱ ցուցանիշը վերստուգվում է:
Շագանակագեղձի բիոպսիան կատարվում է սոնոգրաֆիկ կամ ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) հսկողության տակ: ՄՌՏ հետազոտությունը ցանկալի է կատարել մինչև բիոպսիայի կատարումը: Բիոպսիան կարելի է կատարել ինչպես ուղիղաղիքային այնպես էլ շեքային ճանապարհով: Ըստ որոշ հետազոտությունների շեքային բիոպսիան նախընտրելի է, քանի որ այս դեպքում նվազում է բորբոքային բարդությունների հավանականությունը:
Ինչպես է կատարվում շագանակագեղձի բիոպսիան սոնոգրաֆիկ հսկողության ներքո ?
Շագանակագեղձի բիոպսիայից առաջ սրտաբանի թույլտվությամբ հիվանդը պետք է դադարեցնի հակամակարդիչ դեղորայքի ընդունումը արյունային բարդություններից խուսափելու համար:
Տրանսռեկտալ (միջուղիղաղիքային) բիոպսիայից մեկ օր առաջ հիվանդին նշանակվում է հակաբիոտիկ, և գործողությունից առաջ հիվանդին կատարվում է մաքրող հոգնա և ուղիղ աղու լուսանցքի մշակում բետադինի լուծույթով՝ բորբոքային բարդությունները կանխելու համար: Շագանակագեղձի շեքային բիոպսիայից առաջ շեքը սափրվում է մազածածկույթից և կատարվում է մշակում ախտահանիչ լուծույթներով: Շուրջվիրահատական շրջանում նշանակվում է հակաբիոտիկ:
Բիոպսիան կատարվում է երկու կողմից և մոտավորապես 30 մլ ծավալով շագանակագեղձի դեպքում վերցվում է 8 – ական կտոր շագանակագեղձի գագաթից մինչև հիմք: Եթե շագանակագեղձը մեծ չափերի է, ապա ամեն կողմից վերցվում է 10 – 12 բիոպտատ: Հնարավոր է լրացուցիչ կտրոներ վերցվի նաև կասկածելի օջախներից: 12 – ից ավել վերցնելը անիմաստ է:
Եթե ՊՍԱ ցուցանիշը մեծ է 15 նգ/մլ – ից, ապա հնարավոր է նաև կարիք լինի սերմնաբշտերի բիոպսիայի, եթե պլանավորվում է շագանակագեղձի քաղցկեղի արմատական բուժում:
Ինչ բարդություններ կարող են դիտվել շագանակագեղձի բիոպսիայից հետո ?
- Արյունամիզություն
- Սերմի մեջ արյան առկայություն
- Սուր միզակապություն
- Ջերմության բարձրացում 38 և ավելին
- Այլ բարդություններ
Այնուամենայնիվ վերոնշյալ բարդությունները հանդիպում են հազվադեպ:
Շագանակագեղձի կրկնակի բիոպսիա. Որ դեպքերում է պետք կատարել, եթե նախկին բիոպսիայի պատասխանը բացասական է ?
- Եթե կատարված ՄՌՏ հետազոտությամբ PIRADS ցուցանիշը մեծ է 3 – ից:
- Եթե դինամիկ հսկողության ժամանակ դիտվում է ՊՍԱ ցուցանիշի աճ:
- Եթե մատնային ուղիղաղիքային քննությամբ շոշափվում է կասկածելի օջախ:
High grade PIN (prostatic intraepithelial neoplasia) շագանակագեղձի ներէպիթելային նեոպլազիայի դեպքում կրկնակի բիոպսիայի ժամանակ շագանակագեղձի քաղցկեղի դեպքերը կազմում են 6-8%:
Շագանակագեղձի բիոպսիան կարող է կատարվել և տեղային և ընդհանուր անզգայացման ներքո: Վերջինս նախընտրելի է, քանի որ հիվանդը անհանգիստ չի լինում ի տարբերություն տեղային անզգայացման, դիրքը ֆիքսված է լինում, որը շատ կարևոր է պլանավորված հատվածներից կտորներ վերցնելու առումով:
Շագանակագեղձի բիոպսիան կատարվում է հատուկ բիոպսիոն ատրճանակների օգնությամբ և վերցված կտորները ուղարկվում են հյուսվածքաբանական հետազոտության՝ վերջնական ախտորոշման համար:
Միջամտությունը տևում է մոտ 15 րոպե, որից 1 ժամ անց հիիվանդը ուղարկվում է տուն՝ համապատասխան խորհուրդներով: