medroom.am
Միկրոպլաստիկի տարածվածությունը
Արդյունաբերության զարգացումը բերել է մի շարք բացասական հետևանքների, որը պայմանավորված է վնասակար նյութերով շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի ախտահարումներով: Մասնավորապես առօրյա լայնօրեն կիրառում գտած ապրանքների ստեղծման համար կիրառվում են ֆտալատներ և բիսֆենոլներ, որոնք հետագայում բերում են բնության ախտոտման: Հատկանշական է բիսֆենոլ A – ի կիրառումը ֆենոլային ռեզինների, պոլիակրիլների, պոլիէսթերների, էպոքսի ռեզինների և պոլիկարբոնատային պլաստիկների արտադրության համար, որոնք կիրառվում են սննդամթերքի և հեղուկի փաթեթավորման և պահեստավորման նպատակով: Ջերմաստիճանի բարձրացման և pH – ի փոփոխության պայմաններում այս նյութերը ներթափանցում են սննդամթերքի և հեղուկների մեջ առաջացնելով էկոտոքսիկոլոգիական և առողջական լուրջ խնդիրներ:
Պարզվում է, որ սերմնահեղուկի որակի վատացման մինչև 40% դեպքերում հնարավոր չի լինում հայտնաբերել պատճառը: Հետևաբար վերջին տարիներին ուսումնասիրության առարկա է դարձել շրջակա միջավայրի վնասակար գործոնների ազդեցությունը: Մասնավորապես ուսումնասիրությունների է ենթարկվում միկրոպլաստիկի ազդեցությունը սերմնահեղուկի որակի վրա:
Արդյո՞ք միկրոպլաստիկը վտանգ է ներկայացնում առողջությանը:
Հաշվարկվել է, որ 1950 – ից մինչև 2015 թ. – ը շրջակա միջավայր է արտանետվել 4,9 միլլիարդ տոննա պլաստիկ նյութ: Մինչև 2050թ – ը սպասվում է, որ այդ ցուցանիշը կկազմի 12 միլլիարդ տոննա:
Պլաստիկի քայքայման արդյունքում առաջանում է միկրոպլաստիկ, որը թափանցելով մարդու օրգանիզմ կուտակվում է հյուսվածքներում:
Պատկերավոր դարձնելու համար բերվում են հետևյալ օրինակները. 1 կգ աղի մեջ առկա է 50 – 280 միկրոպլաստիկ, կաթում 6,5 միկրոպլաստիկ 1 լիտրում, իսկ թղթե բաժակով սուրճ կամ թեյ խմելիս մարդ ընդունում է 75000 միկրոպլաստիկ 1 բաժակից: Մարդու օրգանիզմ միկրոպլաստիկ ներթափանցում է նաև կոսմետիկ պարագաների և հագուստի միջոցով:
Միկրոպլաստիկի մարդու օրգանիզմ ներթափանցումը կատարվում է հետևյալ ուղիներով՝
Սնունդ – ստամոքս – աղիքային տրակտ:
Շնչառություն – շնչառական համակարգ:
Կոնտակտային – մաշկ և լորձաթաղանթներ:
Ապացուցվել է, որ միկրոպլաստիկը կենսաքայքայման չի ենթարկվում և կուտակվելով պահպանվում է ողջ կյանքի ընթացքում բերելով մի շարք ախտաբանական փոփոխությունների: Միկրոպլաստիկի բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա հետազոտվել է մի շարք ոլորտներում՝
- Աղիների դիսբակտերիոզ և բորբոքում:
- Միկրոպլաստիկի տոքսիկ ազդեցություն լյարդի վրա:
- Միկրոպլաստիկի տոքսիկ ազդեցություն երիկամների վրա:
- Էներգետիկ և ճարպային փոխանակության խանգարում:
- Միկրոպլաստիկի նեյրոտոքսիկ ազդեցություն:
- Միկրոպլաստիկի ազդեցությամբ ձվարանների ֆիբրոզ և ապոպտոզի ակտիվացում:
Վերոնշյալ խնդիրներից բացի միկրոպլաստիկը առաջացնում է նաև այլ խնդիրներ, որոնք պայմանավորված են հյուսվածքներում օքսիդատիվ ստրեսի ակտիվացմամբ:
Միկրոպլաստիկի ազդեցությունը սպերմատոգենեզի վրա կենդանիների մոտ:
Ապացուցվել է, որ միկրոպլաստիկի ազդեցությամբ նվազում է կենդանի սպերմատոզոիդների քանակը, ինչպես նաև ընդհանուր քանակը սերմնահեղուկում: Հայտնաբերվել է նաև մորֆոլոգիական շեղումներ միկրոպլաստիկի ազդեցության տակ, որը բացատրվում է օքսիդատիվ ստրեսի ակտիվացմամբ և բորբոքային միջնորդանյութերի ակտիվության բարձրացմամբ:
Միկրոպլաստիկ հայտնաբերվել է նաև Սերտոլիի և Լեյդիգի բջիջներում, և դիտվել է տեստոստերոնի սինթեզի նվազում միկրոպլաստիկի ազդեցության տակ:
Մյուս կողմից ապացուցվել է միկրոպլաստիկի ՚՚սպունգանման՚՚ հատկությունը կլանելու ծանր մետաղներ և այլ վնասակար նյութեր, որոնք իրենց հերթին բացասաբար են ազդում վերոնշյար գործընթացների վրա:
Թեև տղամարդկանց մոտ դեռ ուսումնասիրություններ չեն կատարվել, սակայն վերոնշալից կարելի է ենթադրել, որ միկրոպլաստիկը կարող է բացասական ազդեցություն ունենալ սերմնահեղուկի վրա ինչպես նաև տեստոստերոնի սինթեզի վրա բերելով տղամարդու վերարտադրողական առողջության վատթարացման: