medroom.am

Միզածորանի քար: Ժամանակակից ախտորոշման եղանակները

Ցանկացած հիվանդության ախտորոշման առաջին փուլը հիվանդի հետ զրույցն է, որի ժամանակ բժիշկը կարող է ստանալ շատ կարևոր տեղեկատվություն հիվանդության ընթացքի վերաբերյալ, որը կհուշի բժշկին թե ինչ ուղղությաբմ պետք է հետազոտել հիվանդին:

Ինչ գանգատներ կարող են դիտվել հիվանդների մոտ միզածորանի քարերի ժամանակ ?

Ցավ – երիկամների կամ միզածորանների քարերի դեպքում ցավը ունի որոշակի առանձնահատկություններ: Այս դեպքերում ցավը մեղմացնելու համար որևէ դիրք չի կարողանում գտնել հիվանդը:

Կախված միզածորանի քարի դիրքից ցավերը կարող են դիտվել մարմնի տարբեր հատվածներում՝

Միզածորանի վերին երրորդականի քարերի դեպքում ցավը կարող է դիտվել գոտկային և ենթակողային շրջաններում:

Միզածորանի միջին երրորդականի քարերի դեպքում ցավը կարող է դիտվել գոտկային, գոտկասրբանային շրջաններում և որովայնի միջին հատվածում:

Միզածորանի ստորին երրորդականի քարերի դեպքում ցավը կարող է դիտվել գոտկասրբանային, աճուկային շրջաններում, իսկ երբ քարը գտնվում է միզածորանի միզապարկին միացման հատվածում ցավը կարող է ճառագայթել նաև դեպի միզուկ:

Սրտխառնոց և փսխում – այս գանգատները երբեմն զուգորդում են երիկամային խիթի ժամանակ:

Արյունամիզություն (մեզի մեջ արյան առկայություն) – երիկամի կամ միզածորանի քարերով հիվանդների մոտ արյունամիզություն դիտվում է երիկամային խիթից հետո, որի պատճառը ոչ թե այն է, որ քարը քերում է միզածորանը, այլ խիթի ժամանակ բարձրանում է բաժակ-ավազանային համակարգում ճնշումը, որի արդյունքում վնասվում է բաժակներում մանր մազանոթներ և բերում արյունամիզության:

Դող – սարսուռ, ջերմության բարձրացում – այս գանգատները առաջանում են ռեֆլյուքսի հետևանքով, որը մեզի բաղադրիչների հետադարձ հոսքն է դեպի արյան շրջանառություն, որի պատճառը երիկամի բաժակ – ավազանային համակարգում ճնշման բարձրացումն է:

Ինչ լաբորատոր հետազոտություններ են անհրաժեշտ կատարել միզածորանի քարերի դեպքում ?

Արյան և մեզի ընդհանուր քննություն – որոնց միջոցով կարող ենք տվյալ ստանալ բորբոքային պրոցեսսի առկայության վերաբերյալ:

Կրեատինին – երիկամների ֆիլտրացիոն ֆունկցիայի գնահատման համար:

Գլյուկոզա – քանի որ, ցանկացած հիվանդության ընթացքը առավել բարդ կարող է լինել շաքարային դիաբետի դեպքում:

Կոագուլոգրամմա (արյան մակարդելիության համակարգի հետազոտություն) – որը կարող է շեղվել նաև սուր բորբոքային պրոցեսսի ժամանակ: Այն նաև կատարվում է քարափշրումից առաջ, քանի որ վերջինիս խանգարումները հակացուցում են համարվում քարափշրման միջամտության անցկացման համար:

C – ռեակտիվ սպիտակուց – բորբոքման արտահայտվածությունը գնահատելու համար: Եթե այս ցուցանիշը մեծ է 50մգ/լ -ից, ապա պետք է մտածել սեպսիսի զարգացման մասին, սակայն սեպսիսի գնահատման առավել լավ հետազոտություն է պրոկալցիտոնինը:

Ինչ գործիքային հետազոտություններ են անհրաժեշտ միզածորանի քարերի ախտորոշման համար ?

Միզուղիների գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) – Այս հետազոտությունը առավելությունը այն է, որ մատչելի է (առկա է գրեթե բոլոր բուժ հաստատություններում), անվնաս է հիվանդի առողջության համար և կարելի է կատարել դինամիկ հսկողություն:

Միզուղիների շրջադիտակային ռենտգեն հետազոտություն – Այս մեթոդի օգնությամբ կարելի  է տեսնել քարի ստվերը, եթե քարը ռենտգեն պոզիտիվ է, սակայն քանի որ միզածորանը չի երևում, ապա հստակ եզրակացություն անել հնարավոր չէ:

Էքսկրետոր ուրոգրաֆիա (միզուղիների ռենտգեն հետազոտություն կոնտրաստ նյութի ներարկումից հետո) – այս մեթոդի առավելությունը այն է, որ կարող ենք տեսնել վերին միզուղիների կառուցվածքը, քարի հստակ դիրքը, հայտնաբերել անատոմիական շեղումները, եթե առկա են:

Համակարգչային շերտագրում (կոմպյուտերային տոմոգրաֆիա) – այս հետազոտությունը, եթե կատարվում է կոնտրաստ նյութի կիրառմամբ, ապա այն համարվում է միզածորանի քարերի գնահատման ամենաժամանակակից եղանակը, քանի որ պատկերվում է վերին միզուղիների կառուցվածքը, քարի հստակ տեղակայությունը, չափերը և խտությունը, որը օգնում է հետագա բուժման եղանակի ընտրությանը:

Միզածորանի քար
3417 դիտում
151