medroom.am

Երիկամների կիստաներ

Երիկամների կիստաները ամենահաճախ հանդիպող բարորակ նորագոյացություններն են երիիկամներում:

Երիկամների կիստաները հանդիպում են բնակչության 10% - ի մոտ:

Ի՞նչ տեսակների են լինում երիկամների կիստաները:

     -   Սպորադիկ՝ երիկամի հասարակ կիստա:

     -   Բննածին՝ երիկամների աուտոսոմ դոմինանտ պոլիկիստոզ հիվանդություն և երիկամների աուտոսոմ ռեցեսիվ պոլիկիստոզ հիվանդություն:

     -   Ձեռքբերովի՝ երիկամների ձեռքբերովի կիստոզ հիվանդություն: 

Երիկամների աուտոսոմ դոմինանտ պոլիկիստոզ հիվանդության ժամանակ տեղի են ունենում գենետիկ մուտացիաներ արդյունքում արտադրվող պոլիցիստին – 1 և պոլիցիստին – 2 նյութերը առաջացնում են կոմպլեքս միացություններ և բերում են երիկամների կծիկների և խողովակիկների մակերեսային բջիջների ներսում կալցիումի նվազման: Արդյունքում ակտիվանում է ցիկլիկ ադենոզին մոնոֆոսֆատ նյութը, որը բերում է մակերեսային հյուսվածքի կիստոզ կազմափոխման: Սկզբնական շրջանում առաջանում է երիկամի խողովակիկի արտափքում, որը ժամանակի ընթացքում առանձնանում է որպես առանձին կիստոզ գոյացություն: Այս մեխանիզմով երիկամի հյուսվածքը աստիճանաբար փոխարինվում է բազմաթիվ կիստոզ գոյացություններով, որը բերում է երիկամային անբավարարության զարգացման:

Երիկամների աուտոսոմ դոմինանտ պոլիկիստոզ հիվանդության մասին կարելի է ենթադրել, եթե՝

-   Մինչ 30տ տարիքում մեկ կամ երկու երիկամներում հայտնաբերվում են նվազագույնը երկու կիստաներ:

-   30 – 59տ հասակում երկու երիկամներում էլ հայտնաբերվում են նվազագույնը 2 կիստաներ:

-   60տ կամ ավելի մեծ տարիքում երկու երիկամներում էլ հայտնաբերվում են նվազագույնը 4 կիստաներ:

Այս հիվանդության ժամանակ կարող են առաջանալ նաև լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի կիստաներ: 

Երիկամների ձեռքբերովի կիստոզ հիվանդությունը առաջանում է քրոնիկ երիկամային անբավարարության արդյունքում: Այն առաջանում է նաև դիալիզ ստացող հիվանդների 80% - ի մոտ մոտակա 10 տարիների ընթացքում: Ի տարբերություն սպորադիկ և գենետիկ կիստաների, երիկամների ձեռբերովի կիստոզ հիվանդությամբ բուժառուների 7% - ի մոտ մոտական 10 տարիների ընթացքում զարգանում է երիկամաբջջային քաղցկեղ: Այս հիվանդության ժամանակ կիստաները ձևավորվում են երիկամների պրոքսիմալ խողովակիկներում, որտեղ և սկսվում է ձևավորվել երիկամաբջջային քաղցկեղը: Իսկ Սպորադիկ և գենետիկ կիստաները առաջանում են երիկամների դիստալ խողովակիկներում: 

Երիկամի սպորադիկ կիստաները հասարակ կիստաներ են, որոնք ի տարբերություն նախորդող կիստաների շատ դանդաղ են աճում՝ տարեկան 1,6մմ, և մեծամասմաբ ունենում են բարորակ ընթացք: 

Ինչպե՞ս են ախտորոշվում երիկամների կիստաները:

Մեծամասամբ երիկամների կիստաները հայտնաբերվում են պատահական, պրոֆիլակտիկ կամ այլ առողջական խնդիրների հետ կապված հետազոտությունների ժամանակ:

Այնուամենայնիվ որոշ հիվանդների մոտ կարող են դիտվել ցավ, շոշափվող գոյացություն, զարկերակային ճնշման բարձրացում, արյունամիզություն:

Երիկամների կիստաների հայտնաբերման համար կատարվող գործիքային հետազոտություններն են՝ միզուղիների գերձայնային հետազոտությունը, համակարգչային շերտագրումը, մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիան: 

Երիկամների կիստաները դասակարգվել են ըստ Բոսնիակ համակարգի, որը օգնում է երիկամի կիստայի չարորակացման վտանգը գնահատելիս: Բոսնիակի դասկարգմանը կարելի է ծանոթանալ հետևյալ հոդվածում: 

Երիկամների կիստաների ո՞ր դեպքերում է կարիք լինում վիրահատական միջամտության:

Երիկամի կիստան վիրահատվում է այն դեպքում, եթե առաջացել են բարդություններ՝

-   Ցավ

-   Զարկերակային ճնշման բարձրացում

-   Կիստայի ինֆեկցում

-   Արյունամիզություն

-   Կիստայի տրավմատիկ պատռվածք

-   Կիստայի չարորակացում 

Ի՞նչ վիրահատական միջամտություններ են կատարվում երիկամների կիստաների ժամանակ:

Ամենահաճախ կատարվող և արդյունավետ վիրահատական միջամտությունը երիկամի կիստայի հեռացումն է: Սակայն որոշ դեպքերում կարող է կատարվել նաև երիկամի կիստայի պունկցիա սկլերոզացնող լուծույթի ներարկումով, երիկամի զարկերակի ճյուղի էմբոլիզացիա, երիկամի հեռացում:

Երիկամի կիստայի չարորակացման ժամանակ հնարավորության դեպքում կատարվում է երիկամի մասնահատում, սակայն կարող է կատարվել նաև երիկամի արմատական հեռացում: Այս վիրահատություններից հետո քաղցկեղ կախյալ ապրելիությունը բավականին լավ է:

Երիկամի կիստա
5601 դիտում
531