medroom.am
Վերջին 30 տարիների ընթացքում բոտոքսը կիրառվում է ստորին միզուղիների հիվանդությունների ժամանակ:
Ո՞ր հիվանդությունների ժամանակ է կիրառվում բոտոքսի ներմիզապարկային ներարկումները:
Բոտոքսի ներմիզապարկային ներարկումները բարձր արդյունավետություն են ցույց տվել ուրոլոգիական հետևյալ հիվանդությունների բուժման ժամանակ՝
- Դետրուզոր – սֆինկտերային դիսսիներգիա:
- Միզապարկի հիպերակտիվություն:
- Ինտերստիցիալ ցիստիտ/ միզապարկի ցավային համախտանիշ:
Բոտոքսի ներմիզապարկային ներարկումներից առավել մեծ արդյունավետություն և հիվանդի կյանքի որակի բարելավում է դիտվել միզապարկի հիպերակտիվության և ինտերստիցիալ ցիստիտի բուժման ժամանակ:
Ի՞նչ մեխանիզմներով է բոտոքսի ներարկումները ազդում հիպերակտիվ միզապարկի և ինտերստիցիալ ցիստիտի ժամանակ:
Բոտոքսը նեյրոտոքսին է, որը արտադրվում է Clostridium botulinum բակտերիաների կողմից: Այդ տոքսինը հատուկ մշակումների և մաքրման արդյունքում դառնում է կենսաբանորեն ակտիվ: Անցնելով նյարդային բջիջներ բոտոքսը արգելափակում է նյարդային իմպուլսների փոխանցմանը մասնակցող նյութերի դուրսբերումը, որոնցից են՝ ացետիլխոլին, ադենոզին եռֆոսֆատ, ազոտի օքսիդ և այլն: Արդյունքում առաջանում է հարթ և միջաձիգ զոլավոր մկանների թուլացում, և հակաբորբոքիչ ազդեցություն: Բոտոքսի ներարկումը կարող է բերել նաև միզապարկի զգացողության նվազման և ցավերի վերացման: Ապացուցվել է նաև, որ բոտոքսի ազդեցության տակ միզապարկում նվազում է Նյարդի Աճի Գործոնի NGF մակարդակը, որը բարձր է հիպերակտիվ միզապարկի և ինտերստիցիալ ցիստիտի ժամանակ:
Բոտոքսի կիրառումը հիպերակտիվ միզապարկի ժամանակ:
Հայտնի է, որ հիպերակտիվ միզապարկի բուժման ժամանակ հիմնականում օգտագործվում են հակամուսկարինային և բետա – 3 ադրենոխթանիչ դեղամիջոցներ: Այնուամենայնիվ, այն դեպքերում, երբ վերոնշյալ հաբերը արդյունավետ չեն լինում, ապա ըստ Եվրոպական և Ամերիկյան Ուրոլոգիական Ասոցիացիաների ուղեցույցների խորհուրդ է տրվում կատարելու բոտոքսի ներմիզապարկային ներարկումներ:
Վերջին տարիներին առավել լայն կիրառում է գտել օնաբոտուլինոտքսին Ա տարբերակը, որի արդյունավետ բուժական դոզան 100 միավոր է:
Բոտոքսի կիրառումը ինտերստիցիալ ցիստիտի/միզապարկի ցավային համախտանիշի ժամանակ:
Ինտերստիցիալ ցիստիտի պատճառագիտությունը վերջնականապես ուսումնասիրված չէ, այնուամենայնիվ հայտնաբերվել են մի շարք գործոններ, որոնք մասնակցում են ինտերստիցիալ ցիստիտի զարգացման մեխանիզմներում: Միզապարկի պատի հյուսվածքաբանական փոփոխությունները ցույց են տվել, որ ինտերստիցիալ ցիստիտի ժամանակ առկա է բորբոքային գործընթաց: Տեղի է ունենում մակերեսային բջիջների ապոպտոզի (բջջի ծրագրավորված մահ) ակտիվացում, որը պայմանավորված է ենթալորձաթաղանթային շերտի բորբոքումով: Բոտոքսի ներմիզապարկային ներարկումը ճնշում է բորբոքային գործընթացը և նվազեցնում հիվանդի գանգատները:
Ինտերստիցիալ ցիստիտի առաջացման մեխանիզմների մեջ մեծ դեր է խաղում նաև միզապարկի ենթալորձաթաղանթային շերտի պարարտ բջիջների կողմից հիստամինի արտադրության ավելացումը, որը բերում է նեյրոն – միջնորդված բորբոքման:
Ապացուցվել է, որ ինտերստիցիալ ցիստիտի ժամանակ բորբոքման արդյունքում արտադրվում են որոշակի միջորդանյութեր, և փոփոխվում է նյարդային ընկալիչների զգայունությունը, որի արդյունքում միզապարկի լցման ժամանակ առաջանում է զգացողական խանգարումներ՝ հաճախացած միզելու ցանկության և ցավ:
Մի շարք հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ ինտերստիցիալ ցիստիտի ժամանակ բոտոքսի ներմիզապարկային ներարկումը մինչև 80% դեպքերում բերում է հիվանդի գանգատների նվազման և կյանքի որակի բարելավման: Արդյունավետության և անվտանգության առումով բոտոքսի օպտիմալ դոզան 100 միավորն է: Առավել արդյունավետ է լինում բուժումը, եթե անհրաժեշտության դեպքում կատարվում է կրկնակի ներարկումներ 6 ամիս միջակայքով՝ մինչև 4 անգամ:
Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ բոտոքսի ներմիզապարկային ներարկումներից:
Ըստ Եվրոպական Ուրոլոգիական Ասոցիացիայի ուղեցույցի բոտոքսի ներմիզապարկային ներարկումները խորհուրդ են տրվում կատարելու ստորին միզուղիների ախտանիշների ժամանակ: Ներարկումների միջև ժամանակահատվածը չպետք է լինի 3 ամսից պակաս, այլ առավել բարձր արդյունավետություն է դիտվել 6 – 9 ամիս միջակայքերով ներարկումները:
Թեև բոտոքսի ներարկումները մեծամասմաբ արդյունավետ են, սակայն որոշ դեպքերում կարող են դիտվել բարդություններ՝
- Մնացորդային մեզի ավելացում:
- Միզային ինֆեկցիա:
- Միզակապություն:
- Արյունամիզություն:
- Մկանային թուլություն:
- Չափավոր հոգնածության զգացում:
Ինչպե՞ս է կատարվում բոտոքսի ներմիզապարկային ներարկումը:
Համապատասխան նախավիրահատական պատրաստումից հետո, ողնուղեղային կամ ընդհանուր անզգայացման ներքո կատարվում է ցիստոսկոպիա: Այնուհետև ցիստոսկոպի միջով դեպի միզապարկ է անց կացվում հատուկ ասեղ, որի միջոցով միզապարկի տարբեր հատվածներում ենթալորձաթաղանթային շերտ ներարկվում է բոտոքսի լուծույթը:
Հիվանդը կլինիկայից դորս է գրվում նույն օրը կամ 1 օր անց:
Միջամտությունը առավել արդյունավետ է լինում, եթե կատարվում է քառակի՝ 6 ամիս ընդմիջումներով: