medroom.am

Արդյո՞ք պահպանակի օգտագործումը պաշտպանում է:

Լատեքսային պահպանակների հետևողական և ճշգրիտ կիրառումը մեծամասամբ կարող է կանխել սեռավարակների (այդ թվում ՄԻԱՎ վարակի) փոխանցումը, ինչպես նաև նվազեցնել հղիություն առաջացնելու հավանականությունը: Պահպանակների կիրառումը սեռավարակների փոխանցումից պաշտպանում է ինչպես կրողին, այնպես էլ զույգին:

Պահպանակների 97% - ը լատեքսային են, սակայն առկա են նաև բնական և արհեստական այլ նյութերից պատրաստված պահպանակներ:

Պահպանակները փաթեթավորումից առաջ հատուկ էլեկտրոնային սարքավորումների միջոցով ստուգվում են անցքերից և բարակ հատվածներից: Կատարվում են հատուկ լաբորատոր տեստեր ստուգելով արտահոսքը, ամրությունը, առաձգականությունը և այլ ցուցանիշներ:

Արդյո՞ք պահպանակները ապահով են:

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ ամենափոքր չափեր ունեցող միկրոօրգանիզմները (Օր. Հեպատիտ Բ – ի վիրուսը) չեն կարող անցնել լատեքսային պահպանակի միջով: Պահպանակները կանխում են շփումը սերմնահեղուկի, հեշտոցային հեղուկի, ախտահարված լորձաթաղանթի կամ մաշկի հետ: Պահպանակը պաշտպանում է ինչպես լորձաթաղանթի միջոցով փոխանցվող ինֆեկցիաներից ինչպիսիք են՝ Միավ վարակ, գոնորեա, խլամիդիա, տրիխոմոնիազ, հեպատիտ Բ – ի վիրուս և այլն, այնպես նաև մաշկի միջոցով փոխանցվող վարակներից՝ հերպես, սիֆիլիս, մարդու պապիլոմավիրուս, շանկրոիդ և այլն: Մաշկի այն հատվածները, որոնք ծածկված չեն պահպանակով, սակայն ախտահարված են՝ կարող են վարակման վտանգ ներկայացնել:

Կատարված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հատկապես ՄԻԱՎ – ի փոխանցման առումով լատեքսային պահպանակները ապահով են: Թեև այն սեռավարակների վերաբերյալ հետազոտությունների տվյալները հակասական են, այնուամենայնիվ պահպանակի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է սեռավարակների փոխանցման հավանականությունը:

Արդյո՞ք պահպանակի օգտագործումը պաշտպանում է հղիությունից:

Հղիությունից խուսափելու նպատակով մշտական պահպանակով սեռական հարաբերությունների ժամանակ 1 տարվա ընթացքում կանանց հղիանալու հավանականությունը կազմում է 2%: Պահպանակի ոչ ճիշտ կամ ոչ մշտական օգտագործման պարագայում այդ ցուցանիշը կազմում է 15%, իսկ պահպանակ չօգտագործելու դեպքում՝ մինչև 85%:

Ո՞ր գործոններն են նվազեցնում պահպանակի արդյունավետությունը:

Պահպանակի օգտագործման արդյունավետությունը առավելապես կախված է օգտագործողի հմտությունից և փործից:

Որո՞նք են պահպանակի անարդյունավետության պատճառները՝

- Պահպանակի ոչ մշտական օգտագործումը:

- Եթե պահպանակը օգտագործվում է սեռական հարաբերության ժամանակ մասնակի տևողությամբ – Օր. Պահպանակի կիրառումը սեռական հարաբերությունը սկսելուց հետո, կամ պահպանակի հեռացում սերմնաժայթքումից առաջ:

- Պահպանակի վնասում կամ դուրս գալու դեպքեր: Նմանատիպ իրավիճակներ հանդիպում են մինչև 2% դեպքերում:

- Ոչ ճիշտ լյուբրիկանտների կիրառում: Լատեքսային պահպանակների դեպքում եթե կիրառվում է յուղային հիմքով և ոչ թե ջրային հիմքով լյուբրիկանտներ, ապա պահպանակի վնասման հավանականությունը ավելանում է: Պահպանակը կարող է վնասվել նաև այն դեպքերում, եթե կինը բուժական նպատակով օգտագործում է յուղային հիմքով մոմիկներ:

Սպերմիցիդային լյուբրիկանտներով պահպանակներ:

Սպերմիցիդային լյուբրիկատները պարունակում են հատուկ նյութեր, որոնք սպերմատոզոիդների վրա ունենում են քայքայիչ ազդեցություն: Այս պահպանակները ստեղծվել են հղիության հավանականությունը նվազեցնելու նպատակով, սակայն ապացուցվել է, որ այդ առումով չեն տարբերվում մնացած պահպանակներից: Բացի այդ կարող են առաջացնել հեշտոցի և միզուղիների բորբոքում:

Ոչ լատեքսային պահպանակներ:

Լատեքսային պահպանակներից բացի առկա են նաև բնական հյուսվածքներից ստեղծված պահպանակներ, սակայն հղիության կանխման և սեռավարակների փոխանցման առումով այս պահպանակները զիջում են լատեքսային պահպանակներին:

Սինթետիկ պահպանակներից առկա են նաև պոլիուրետանային հիմքով պահպանակները, որոնք ի տարբերություն լատեքսայինի կարող են կիրառվել և ջրային և յուղային հիմքով լյուբրիկանտների հետ: Սեռավարակների փոխանցման և հղիության կանխարգելման առումով չեն տարբերվում լատեքսային պահպանակներից:

Ամփոփելով հոդվածը պետք է նշել, որ պահպանակների կիրառումը զգալիորեն նվազեցնում է սեռավարակներով վարակվելու հավանականությունը, ինչպես նաև 98% - ով նվազեցնում է հղիության առաջացման հավանականությունը:

Պահպանակ
682 դիտում
12