medroom.am

Ավազան – միզածորանային սեգմենտի նեղացում

Ավազան – միզածորանային սեգմենտի նեղացումը (ԱՄՍ նեղացում) բնածին խնդիր է, որի ժամանակ խանգարվում է երիկամից դեպի միզածորան մեզի հոքսը, և արդյունքում առաջանում է երիկամի բաժակ – ավազանային համակարգի լայնացում՝ հիդրոնեֆրոզ: Թեև ավազան – միզածորանային սեգմենտի նեղացումը գերազանցապես բնածին պաթոլոգիա է, այնուամենայնիվ այս խնդրի հետ կապված գանգատներ մեծամասամբ դիտվում են հասուն տարիքում, երբ առաջանում են բարդություններ: Այս հոդվածում նկարագրված է ավազան – միզածորանային սեգմենտի նեղացման բնածին պաթոլոգիան:

Ավազան – միզածորանային սեգմենտի նեղացումը կարող է լինել նաև ոչ բնածին. Օր. երիկամի քարի, ուռուցքների, հետբորբոքային կամ հետվիրահատական սպիերի կողմից այդ հատվածի նեղացման պատճառով:

Որո՞նք են ավազան – միզածորանային սեգմենտի նեղացման մեխանիզմները:

Նորմայում միզածորանը կազմված է սպիրալաձև և երկայնական մկանաթելերից, որոնց ներդաշնակ կծկումների (ցիստոիդների) արդյունքում մեզը երիկամից միզածորանով անցնում է դեպի միզապարկ:

Ավազան – միզածորանային սեգմենտի նեղացման պատճառներից առավել հաճախ հանդիպում է այդ հատվածի կծկանքների բացակայությունը: Հյսուվածքաբանական հետազոտությամբ հայտնաբերվել է, որ նման դեպքերում բացակայում է սպիրալաձև մկանային շերտը, որը փոխարինված է անկանոն երկայնական մկանաթելերով կամ ֆիբրոտիկ հյուսվածքով: Նման դեպքերում ավազան – միզածորանային սեգմենտում կծկանքները բացակայում են: Թեև միզածորանի լուսանցքի տրամաչափը լայն է լինում (ընդհուպ մինչև 14Fr), միևնույն է անհրաժեշտ է կատարել ավազան – միզածորանային սեգմենտի պլաստիկա, քանի որ սեգմենտը իր դերը չի կատարում:

Կատարվել են հյուսվածքաբանական հետազոտություններ, որոնք ցույց են տվել, որ ավազան – միզածորանային սեգմենտի նեղացումով երեխաների մոտ ինտերստիցիալ հյուսվածքում նվազած է Քաջալի բջիջների խտությունը:

Ավազան – միզածորանային սեգմենտի նեղացման մի շարք հետազոտություններ ցույց են տվել կենսաբանորեն ակտիվ նյութերի կապը այս խնդրի առաջացման հետ, որոնցից են՝ Տրանսֆորմացնող աճի գործոն, էպիդերմալ աճի գործոն, ազոտի օքսիդ, նեյրոպեպտիդ Y և այլն:

Ավազան – միզածորանային սեգմենտի նեղացման առավել քիչ հանդիպող պատճառներից է իրական ստրիկտուրան: Այս դեպքում հյուսվածքաբանական հետազոտության միջոցով հայտնաբերվում է կոլագենի մեծ քանակություն:

Միզածորանի լորձաթաղանթի ծալքերը կամ փականները ավազան – միզածորանային սեգմենտի նեղացման պատճառներից են:

Ավազան – միզածորանային սեգմենտի նեղացում դիտվել են նաև միզածորանի հարակից հյուսվածքներին կպումների ադրյունքում: Այս դեպքում կպումների անջատումը կարող է վերականգնել երիկամից մեզի արտահոսքը, սակայն ավազան – միզածորանային սեգմենտի պլաստիկայի դեպքում դիտվել են առավել բարեհաջող արդյունքներ:

Միզածորանի ելքի բարձր տեղակայում, որը նույնպես բերում է երիկամից մեզի հոսքի խանգարման:

Երիկամի հավելյալ անոթների՝ երակների կամ զարկերակների առկայությունը նույնպես կարող է բերել ավազան – միզածորանային սեգմենտի նեղացման: Մի կողմից անոթների մեխանիկական ճնշումը, մյուս կողմից միզածորանում զարգացող բորբոքային գործընթացները բերում են մեզի արտահոսքի խանգարման:

Ինչպե՞ս է ախտորոշվում ավազան – միզածորանային սեգմենտի նեղացումը:

Նորածինների մոտ շոշափման ժամանակ երբեմն կարող է դիտվել գոտկային շրջանի ուռածություն: Եթե առկա է երկկողմանի ավազան – միզածորանային սեգմենտի նեղացում, ապա կարող է դիտվել ազոտէմիա: Նորածինների մոտ կարող է ախտորոշվել նաև բնածին այլ համակցված արատների հետ զուգահեռ՝ Օր. Սրտի արատներ:

Ավելի մեծ տարիքում՝ սեռական հասունացման շրջանում կարող են դիտվել գոտկային շրջանի բութ կամ սուր բնույթի ցավեր: Որոշ դեպքերում կարող է դիտվել արյունամիզություն, միզուղիների ինֆեկցիա: Ավազան – միզածորանային սեգմենտի նեղացման հազվադեպ դեպքերում դիտվում է զարկերակային գերճնշում:

Գերծայնային հետազոտության լայն կիրառումը օգնում է ավազան – միզածորանային սեգմենտի նեղացման վաղ հայտնաբերման համար: Հնարավոր է հայտնաբերել բաժակ – ավազանային համակարգի լայնացումը, նեղացման մակարդակը:

Էքսկրետոր ուրոգրաֆիա – այս մեթոդով հետազոտության ժամանակ դիտվում է ախտահարման կողմում կոնտրաստավորման ուշացում: Դիտվում է նաև բաժակ – ավազանային համակարգի լայնացում, սեգմենտի նեղ հատվածը, որից հետո շարունակվում է լայն միզածորանը: Դիուրետիկ ուրոգրաֆիայի ճշգրտությունը հասարակ էքսկրետոր ուրոգրաֆիայի համեմատ բարձր է: Միզամուղի կիրառումը հետազոտության սպեցիֆիկությունը ավելացնում է 49% - ից մինչև 73%:

Միզուղիների համակարգչային շերտագրում կոնտրաստավորումով – այս մեթոդով ավազան – միզածորանային սեգմենտի նեղացումից բացի հնարավոր է տեսնել նաև հավելյալ անոթների առկայությունը:

Երիկամների ստինտիգրաֆիա – հնարավորություն է տալիս հայտնաբերելու ավազան – միզածորանային սեգմենտի նեղացումը, ինչպես նաև գնահատել երիկամների ֆունկցիոնալ վիճակը:

Վիտակեռի տեստը – եթե հիդրոնեֆրոզի կապակցությամբ հիվանդին կատարվել է պերկուտան նեֆրոստոմիա, ապա հնարավորություն կա կատարելու նաև Վիտակեռի տեստը՝ նեֆրոստոմային խողովակի միջոցով լցվում է ֆիզ լուծույթ 10մլ/ր արագությամբ: Նորմայում ավազանի ճնշումը պետք է կազմի 12 – 15 սմ ջրի սյան, սակայն, եթե առկա է երիկամից մեզի արտահոսքի խանգարում ապա ներավազանային ճնշումը կարող է բարձրանալ 15 – 20 սմ ջրի սյան:

Ավազան - միզածորանային սեգմենտի նեղացման ո՞ր դեպքերում է ցուցված կատարելու վիրահատական միջամտություն:

Ոչ բոլոր ավազան – միզածորանային սեգմենտի նեղացում ունեցող հիվանդներին է առաջարկվում վիրահատական բուժում: Այնուամենայնիվ հաճախ անհրաժեշտ է լինում կատարել վիրահատություն հետևյալ դեպքերում՝

- Եթե հիվանդի մոտ առկա են գանգատներ:

- Եթե առկա է երիկամների ֆունկցիայի նվազում:

- Եթե առկա է մյուս երիկամի ֆունկցիայի նվազում:

- Երիկամում քարի առաջացում:

- Միզային ինֆեկցիայի զարգացում:

- Զարկերակային գերճնշում:

Միջամտության նպատակը ախտանիշների վերացումն է և երիկամի ֆունկցիայի բարելավումը:

Ի՞նչ վիրահատական միջամտություններ են կատարվում ավազն -միզածորանային սեգմենտի նեղացման դեպքում:

Քանի որ ավազան – միզածորանային սեգմենտի նեղացման դեպքում առկա է հիդրոնեֆրոզ (երիկամի բաժակ – ավազանային համակարգի լայնացում), ապա բարենպաստ պայմաններ են ստեղծված միզային ինֆեկցիայի զարգացման համար: Որոշ դեպքերում նման խնդրով հիվանդների մոտ դիտվում է սուր պիելոնեֆրիտ (երիկամի բաժակ – ավազանային համակարգի սուր բորբոքում): Այս իրավիճակում պլաստիկ վիրահատություն չի կատարվում, այլ առաջնային նպատակը երիկամից մեզի արտահոսքի վերականգնումն է, և բորբոքային պրոցեսի վերացումը: Այդ նպատակով կատարվում է պերկուտան նեֆրոստոմիա: Սուր պիելոնեֆրիտի բուժումից հետո է որոշվում հետագա վիրահատական եղանակի ընտրությունը:

Եթե հետազոտությունների արդյունքում դիտվում է երիկամի պարենքիմայի բարակում, ապա անհրաժեշտ է կատարել երիկամների ռադիոնուկլիդային հետազոտություն ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար: Այն դեպքերում, երբ երիկամի ֆիլտրացիոն ֆունկցիան նվազած է լինում մինչև 15 – 20% ցուցված է կատարելու երիկամի հեռացում:

Ավազան – միզածորանային սեգմենտի նեղացման դեպքում սեգմենտի նեղացումը շտկելու նպատակով կատարվում են մի շարք վիրահատական միջամտություններ՝

- Էնդոսկոպիկ հատում և միզածորանի ստենտավորում:

- Բալոնային լայնացում և միզածորանի ստենտավորում:

- Միզածորանի երկարաժամկետ ստենտերի տեղադրում:

- Ավազան – միզածորանային սեգմենտի պլաստիկա:

Վերոնշյալ եղանակներից առավել բարձր արդյունավետություն ունի ավազան – միզածորանային սեգմենտի պլաստիկան, որը հնարավորություն է տալիս նաև հավելյալ երիկամային անոթի առկայության դեպքում շտկել նաև այդ խնդիրը: Կիրառություն են գտել ավազան միզածորանային սեգմենտի պլաստիկայի մի շարք եղանակներ՝

- Մասնատված պլաստիկա կամ Հայնս – Անդերսենի պիելոպլաստիկա:

- Պլաստիկա ըստ Կալպ դե Վիրդի:

- Պլաստիկա ըստ Սկարդինոյի և այլն:

Այս վիրահատական եղանակների արդյունավետությունը կազմում է 95% - ից ավելի:

Ավազան – միզածորանային սեգմենտի նեղացում
668 դիտում
9