medroom.am
Ի՞նչ է վարիկոցելեն:
Վարիկոցելեն սերմնալարի ներքին երակային համակարգի անոմալ ծռմռվածությունն ու լայնացումն է, որը զգալիորեն բերում է պտղաբերության նվազեցման:
Այն մեծամասամբ լինում է ձախ կողմից, սակայն վերջին տարիներին փոշտի դոպլեր հետազոտության լայն կիրառման հետևանքով ավելի հաճախ են հայտնաբերվում վարիկոցելեի երկկողմանի դեպքերը:
Միայն աջակողմյան վարիկոցելե դիտվում է հազվադեպ, որը կարող է լինել հետորովայնամզային տարածության կամ երիկամի նորագոյացության հետևանքով:
Ինչու՞ է վարիկոցելեն ավելի հաճախ հանդիպում ձախ կողմից:
Առավել հաճախ վարիկոցելեն լինում է ձախ կողմից, քանի որ ձախ սերմնալարի ներքին երակը լցվում է ձախ երիկամային երակի մեջ ուղիղ անկյան տակ, որի արդյունքում առաջանում է արյան տուրբուլենտ հոսք՝ հետևաբար բարձրացնելով ձախ սերմնալարի ներերակային ճնշումը նպաստելով վարիկոցելեի առաջացմանը: Իսկ աջ սերմնալարի երակը լցվում է ստորին սիներակի մեջ փոքր անկյան տակ, որտեղ ստեղծվում է արյան լամինար հոսք՝ արդյունքում արյունահոսքի դիմադրությունը նվազ է: Մյուս գործոնը այն է, որ աջից սերմնալարի երակը 8 – 10 սմ – ով կարճ է ձախի համեմատ, որը նույնպես նվազեցնում է աջից վարիկոցելեի առաջացման հավանականությունը:
Ի՞նչ մեխանիզմներով է ազդում վարիկոցելեն սերմի որակի վրա:
Փոշտում ջերմաստիճանը որովայնի ջերմաստիճանից ցածր է 2,5 – 40C – ով, որը անհրաժեշտ ջերմաստիճանն է սպերմատոզոիդների առաջացման և զարգացման համար: Այդ ջերմաստիճանի նվազ միջակայքը պահպանվում է նրանով, որ փոշտում ենթամաշկային ճարպաբջջանքը բացակայում է: Բացի այդ փոշտը ունի կրճատվելու և ընդարձակվելու հնարավորություն կախված սառը կամ տաք միջավայրից, որին մասնակցում է կրեմաստեր մկանը: Ապացուցվել է, որ վարիկոցելեի ժամանակ փոշտի ջերմաստիճանը բարձրանում է միջինը 2,50C – ով, որը բացասաբար է ազդում սպերմատոզոիդների զարգացման վրա:
Մյուս գործոններն են HSP (Heat Shock Protein – ջերմային շոկի սպիտակուց) և HSF (Heat Shock Factors – ջերմային շոկի գործոններ), որոնք պաշտպանում են ամորձիների հյուսվածքների սպիտակուցները վնասակար ջերմային ազդեցություններից: Ապացուցվել է, որ վարիկոցելե ունեցող հիվանդների մոտ վերոնշյալ գործոնների սինթեզը նվազած է, որի արդյունքում վարիկոցելեն բացասաբար է ազդում սպերմատոզոիդների արտադրության վրա: Իսկ վարիկոցելեի վիրահատությունից հետո վերոնշյալ գարծոնների ցուցանիշները ավելանում են:
Քանի որ վարիկոցելե ունեցող տղամարդկանց մոտ խանգարվում է փոշտում արյան շրջանառությունը, առաջանում է թթվածնաքաղց, որի արդյունքում ավելանում է (HIF-1alfa) գործոնի արտադրությունը, ավելանում են նաև թթվածնի ազատ ռադիկալները, որոնք խթանում են օքսիդատիվ ստրեսը: Արդյունքում վնասվում է սպերմատոզոիդների զարգացման գործընթացը:
Ապացուցվել է նաև, որ 30 տ – ից բարձր տղամարդկանց մոտ, որոնք ունեն վարիկոցելե, տեստոստերոնի մակարդակը ավելի ցածր է վարիկոցելե չունեցող տղամարդկանց համեմատ:
Որո՞նք են վարիկոցելեի առաջացման պատճառները:
- Ձախ երիկամի ներերակային ճնշման բարձրացումը
- Երիկամների միջև կոլլատերալ բերանակցումները (երակների հաղորդակցումը)
- Սերմնալարի ներքին երակի փականային անբավարարությունը երիկամային երակին միացման հատվածում
- Որոշ դեպքերում աորտո-մեզենտերիալ պինցետը (երակը սեղմվում է աորտայի և միջընդերային զարկերակի միջև)
- Ժառանգական գործոնը
- Ցածր մարմին-զանգված ինդեքսը
Ինչպե՞ս է ախտորոշվում վարիկոցելեն:
Մեծամասամբ վարիկոցելեն հայտնաբերվում է պատահական ինքնազննման կամ բժշկի կողմից զննման ժամանակ: 2-11% դեպքերում վարիկոցելեն հայտնաբերվում է դիսկոմֆորտի պատճառով:
Վարիկոցելեի ախտորոշման համար փոշտի դոպլեր հետազոտությունը ունի բարձր զգայունություն:
Ի՞նչ աստիճանների է լինում Վարիկոցելեն:
- Սուբկլինիկական վարիկոցելե - շոշափումով կամ վիզուալ չի հայտնաբերվում Վալսալվայի* փորձի ժամանակ:
- Առաջին աստիճանի վարիկոցելե - շոշափվում է միայն Վալսալվայի փորձի ժամանակ:
- Երկրորդ աստիճանի վարիկոցելե - շոշափվում է հանգստի ժամանակ, բայց չի վիզուալիզացվում:
- Երրորդ աստիճան վարիկոցելե - տեսանելի է և շոշափվում է հանգստի ժամանակ:
Պառկած դիրքում երակները պետք է դատարկվեն, եթե այդ տեղի չի ունենում, ապա պետք է կասկածել որովայնի, հետորովայնամզային տարածության կամ կոնքի նորագոյացություն:
Ի՞նչ հետևանքների կարող է բերել վարիկոցելեն:
- Ամորձու թերզարգացում:
- Սերմի որակի նվազեցում:
- Պտղաբերության պոտենցիալի նվազեցում: Ըսդ որում հյուսվածքաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշանակություն չունի, թե վարիկոցելեն ո՞ր աստիճանի է. բոլոր դեպքերում էլ լինում է բացասական հյուսվածքաբանական փոփոխություններ:
Վարիկոցելեի ազդեցությունը հորմոնալ համակարգի վրա դեռ ուսումնասիրությունների փուլում է:
*Վալսալվայի փորձը կատարվում է հետևյալ կերպ - խորը ներշնչումից հետո կտրուկ արտաշնչման փորձ բերանը և քիթը փակած վիճակում, որի ժամանակ բարձրանում է ներորովայնային ճնշումը, և օգնում վարիկոցելեի ախտորոշման ժամանակ: Կիրառվում են Վալսալվայի փորձի տարբեր մոդիֆիկացիաներ:
Ո՞ր դեպքերում է պետք վիրահատել վարիկոցելեն: Այս հարցի պատասխանը կարող եք ստանալ հետևյալ հովածում: