medroom.am

Սուր զարկերակային անբավարարություն

Ի՞նչ է սուր զարկերակային անբավարարությունը 

Սուր զարկերակային անբավարարությունը կամ անանցանելիությունը դա մի համախտանիշ է, որի ժամանակ այս կամ այն պատճառով առաջանում է որևէ օրգանի կամ վերջույթի զարկերակների հանկարծակի խցանում, ինչը բերում է զարկերակային արյան հոսքի նշանակալի խանգարման և տվյալ հատվածի սուր իշեմիայի (թերսնուցման) առաջացման։

Ի՞նչն է բերում սուր զարկերակային անբավարարության զարգացմանը

Զարկերակների սուր խցանում առաջացնող հիմնական հիմնական պատճառներն են՝ էմբոլիաները, սուր թրոմբոզները և սպազմը։

Էմբոլիայի մասին խոսում ենք , երբ արյան շրջանառության որևէ հատվածում թրոմբ է առաջանում, որը պոկվում է իր առաջնային ձևավորման տեղից և արյան հոսքի հետ տեղաշարժվելով դեպի ավելի հեռակա հատվածները, ի վերջո խցանում է որևէ մագիստրալ զարկերակ։ Էմբոլները առավել հաճախ (մինչև 95%) ձևավորվում են սրտում, երբ առկա են բնածին կամ ռևմատիկ արատներ, սրտամկանի սուր ինֆարկտ, հետինֆարկտային անևրիզմաներ, արհեստական փականներ։ Հատկապես, երբ վերը նշված պաթոլոգիաները զուգակցվում են սրտի ռիթմի խանգարումների հետ, կտրուկ մեծանում է սուր զարկերակային թրոմբոէմբոլիայի հավանականությունը։ Պատճաառներից են նաև աորտայի և նրա մագիստրալ ճյուղերի տարբեր տեղակայման անևրիզմաները, որոնցից նույնպես կարող է նկատվել էմբոլիզացիա դեպի ծայրամաս։ 

Սուր թրոմբոզների դեպքում թրոմբը առաջանում է տեղում՝ տվյալ զարկերակում։ Հիմնական պատճառներից են աթերոսկլերոզը, թրոմբանգիիտը, ուռուցքները, վնասվածքները, որոշ բժշկական ինվազիվ միջամտությունները։ Վերը նշված պատճառները որոշ դեպքերում թրոմբոզի առաջացման չեն բերում , բայց կարող է նկատվել ծայրամասային մկանային կամ խառը տիպի զարկերակների խիստ արտահայտված սպազմ, որը ֆունկցիոնալ վիճակ է, սակայն նույնպես կարող է բերել իշեմիայի առաջացման։

Ինչպե՞ս է արտահայտվում կլինիկորեն

Կլինիկորեն արտահայտվում է հանկարծակի առաջացած սուր ցավերով, թմրածության և սառելու զգացումով, տարբեր տեսակի պարեսթեզիաներով։ Մաշկի լինում է խիստ գունատ, երբեմն կապտավուն երանգով, ծանր իշեմիայի դեպքում նկատվում է մաշկի «մարմարանման պատկեր»։ Խցանված հատվածից ավելի հեռակա հնարավոր չի լինում շոշափել զարկերակային պուլսացիան, նկատվում է արտահայտված թերմոասիմետրիա, խանգարվում է մակերեսային և խորանիստ զգացողությունը, մկանների պարեզի կամ պարալիչի հետևանքով բացակայում են կամ խիստ դժվարանում են ակտիվ շարժումները, իշեմիայի ավելի ծանր փուլերում զարգանում է նաև մասնակի կամ տարածուն կոնտրակտուրա (կարկամվածություն) համապատասխանաբար հեռակա փոքր և ավելի մոտ մեծ հոդերում, դժվարանում են նաև պասիվ շարժումները։

Ինչպե՞ս բուժել

Բուժումը բոլոր դեպքերում նախատեսում է անհետաձգելի միջոցառումների շարք։ Եզակի դեպքերում, երբ իշեմիայի երևույթները շատ խիստ արտահայտված չեն, բուժումը սկսվում է դեղորայքի կիրառումից։ Բայց դեպքերի ճնշող մեծամասնությունը պահանջում է նաև շտապ վիրաբուժական միջամտություն, կատարվում են զարկերակի լուսանցքը վերականգնող վիրահատություններ, երբեմն շունտավորող վիրահատություններ, հաճախ կարիք է առաջանում կրկնակի վիրահատությունների, վերջույթների առաջնային կամ երկրորդային անդամահատումների տարբեր մակարդակներում, կախված վնասման մասշտաբներից։

Ցավոք, անկախ նորագույն ախտորոշիչ և բուժական մեթոդների ներդրումից, վերջին սերնդի լավագույն դեղորայքի կիրառման հնարավորություններից, դեռևս շատ բարձր են սուր զարկերակային անանցանելիության պարագայում գրանցվող մահացությունը՝ հասնելով ընդհուպ մինչև 35% և տարբեր տեսակի անդամահատումների քանակը, որը գերազանցում է 40%-ի շեմը։

Տիգրան Քամալյան անոթային վիրաբույժ
2389 դիտում
100