medroom.am

Սեռական թուլության բուժման ժամանակակից մոտեցումները

Սեռական թուլության (իմպոտենցիա) բուժումը ոչ միայն լուծում է անհատի կամ զույգի սեռական խնդիրները և կյանքի որակը, այլ նաև ունի կարևոր հասարակական նշանակություն:

Սեռական թուլության բուժումը սկսելուց առաջ ի՞նչ կարևոր տեղեկատվության պետք է ծանոթանալ:

Սեռական թուլության բուժման ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հաճախ սեռական թուլությունը զուգակցվում է այլ հիվանդությունների հետ՝ շաքարային դիաբետ II տիպ, ճարպակալում, սիրտ – անոթային համակարգի հիվանդություններ, զարկերակային գերճնշում, ճարպաթթուների նյութափոխանակության խանգարում, շագանակագեղձի հիվանդություններ, փսորիազ, ատոպիկ դերմատիտ, խոցային կոլիտ, ստամոքսի խոցային հիվանդություն, վիրուսային հեպատիտ, էպիլեպսիա, դեպրեսիա և այլն: Այս զուգակցված հիվանդությունների ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում մի շարք ախտաֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք առաջացնում են կամ խորացնում են սեռական թուլությունը հետևյալ մեխանիզմներով՝ անոթների էնդոթելիալ շերտի դիսֆունկցիա, զարկերակների նեղացում, համակարգային բորբոքային պրոցեսսներ և այլն:

Վերոնշյալը հաշվի առնելով կարելի է եզրակացնել, որ սեռական թուլությունը մի յուրահատուկ “ինդիկատոր” է, որով կարելի է պատկերացում կազմել տղամարդու ընդհանուր առողջության վերաբերյալ:

Սեռական թուլության առաջացման պատճառները մանրամասն ներկայացված են հետևյալ հոդվածում:

25% դեպքերում սեռական թուլություն առաջանում է նաև որոշ դեղորայքների կիրառման արդյունքում՝

Թիազիդային միզամուղներ

Բետտա – ադրենոպաշարիչներ

Փսիխոթերապևտիկ դեղորայք մասնավորապես սերոտոնինի հետզավթումը ընկճող դեղորայք:

Այս դեղամիջոցները կարող են ազդել սեռական հարաբերության գործընթացի տարբեր օղակների վրա՝ սեռական ցանկության, գրգռվածության, օրգազմի, երկրորդային մեղանիզմով բարդացնելով սեռական թուլությունը: Հետևաբար այս դեղամիջոցների դադարեցումը կամ փոխարինումը այլ դեղամիջոցներով դրական ազդեցություն կունենա սեռական թուլության բուժման ընթացքում: 

Սեռական թուլության բուժման արդյունավետության վրա մեծ ազդեցություն ունի զուգընկերուհու կողմից հոգեբանական աջակցությունը:

Հիվանդին խորհուրդ է տրվում փոխել կենսակերպը՝ նվազեցնել ավելորդ քաշը, զբաղվել ֆիզիկական մարմնամարզությամբ, թողնել ծխելը: Որոշ դեպքերում միայն կենսակերպի փոփոխությունը կարող է բավարար լինել սեռական առողջության վերականգնման առումով:

Բուժումը սկսելուց առաջ պետք է հիվանդի հետ վերլուծել սեռական թուլության բուժման բոլոր հնարավոր տարբերակները, եղանակների դրական և բացասական կողմերը, բժշկական ցուցումները և հակացուցումները:

Սեռական թուլությունը բուժելուց առաջ շատ կարևոր է նաև գնահատել հիվանդի սիրտ – անոթային համակարգի վիճակը: Այս առումով ըստ Պրինցտոնի էքսպերտային հանձնաժողովի ուղեցույցի հիվանդները բաժանվում են բարձր, միջին և ցածր ռիսկի խմբերի: Բարձր ռիսկի խմբում գտնվող հիվանդների (ստաբիլ կամ ոչ ստաբիլ ստենոկարդիայի նոպա ունեցող հիվանդներ, վերջին ժամանակներում սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդներ, առիթմիաների որոշ տեսակներ ունեցող հիվանդներ, չկարգավորվող բարձր զարկերակային գերճնշումով հիվանդներ) սեռական թուլության բուժումը խորհուրդ է տրվում հետաձգել, մինչ սիրտ – անոթային համակարգի խնդիրների կարգավորումը:  

Սեռական թուլության բուժման ի՞նչ եղանակներ կան: 

Սեռական թուլության դեղորայքային բուժում հաբերի միջոցով: 

Հիմնական օգտագործվող դեղորայքը ֆոսֆոդիէսթերազա 5 - ի ինհիբիտորների խումբն, որոնց ազդեցության մեխանիզմը առնանդամի զարկերակների և կավեռնոզ մարմինների լայնացումն է, և արդյունքում առնանդամի արյունալեցումն է: Այս խմբի դեղամիջոցները նշանակվում են բժշկի կողմից ամեն հիվանդի համար անհատական մոտեցմամբ, քանի որ այս դեղամիջոցները ունեն հակացուցումներ և կարող են առաջացնել սիրտ - անոթային համակարգի կողմից լուրջ խնդիրներ: Նշանակման ժամանակ հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, թե այլ առողջական խնդիրների պատճառով ինչ դեղամիջոցներ է ընդունում հիվանդը: Քանի որ որոշ դեղամիջոցների ընդունումը ուժեղացնում է ազդեցությունը, իսկ այլ դեղամիջոցներ կարող են թուլացնել:

Սեռական թուլության բուժման ժամանակ եթե հիվանդի մոտ առկա է տեստոստերոնի ցածր մակարդակ, ապա դեղորայքային բուժումը պետք է ուղղված լինի նաև տեստոստերոնի մակարդակի բարձրացմանը: Եթե հիվանդը երիտասարդ է, կամ դեռ ցանկանում է երեխա ունենալ՝ տեստոստերոնի նշանակում չի կատարվում որևէ եղանակով (մաշկային գելեր, միջմկանային ներարկումներ և այլն), քանի որ արդյունքում առաջանում է սերմի որակի չափազանց վատացում, որը կարող է լինել անդարձելի:

Պրոլակտինի բարձր մակարդակով հիվանդների մոտ նույնպես կարող է դիտվել սեռական թուլություն: Այս դեպքում եթե պատճառը ադենոման է, ապա վերջինս պետք է հեռացնել, իսկ եթե ավելացումը ֆունկցիոնալ է, ապա նշանակվում է դեղորայքային բուժում, որը առավել արդյունավետ է 40նգ/մլ – ից ավել պրոլակտինի մակարդակ ունեցող հիվանդերի մոտ: 

Սեռական թուլության բուժում ներկավեռնոզ ներարկումներով: 

Այս մեթոդի ժամանակ ամեն սեռական հարաբերությունից առաջ հիվանդին սովորեցվում է, որ ինքնուրույն ներարկումներ կատարի առնանդամի կավեռնոզ մարմինների մեջ: Ներարկվող դեղի ազդեցության տակ կավեռնոզ մարմինները արյունալեցվում են, և տեղի է ունենում էրեկցիա: Այս եղանակը հակացուցված է հոգեբանորեն ոչ ստաբիլ հիավդներին, արյան մակարդելիության խանգարումներով հիվանդներին, զարկերակային գերճնշում ունեցող հիվանդներին:

Սեռական թուլության բուժում հարվածալիքային սարքավորումների միջոցով:

Հարվածալիքային սարքավորումները վերջին տարիներին լայն կիրառում են ստացել: Ըստ գեներատորների տեսակների լինում են՝ էլեկտրոհիդրավլիկ, էլեկտրոմագնիսական, պիեզոէլեկտրիկ և էլեկտրոպնևմատիկ: Այս սարքավորումների իմպուլսների ազդեցության տակ տեղի է ունենում անոթալայնիչ էֆեկտ, որը բարելավում է առնանդամի արյունալեցումը: Անոթային ծագման սեռական թուլության ժամանակ հարվածալիքային բուժումը ունի մինչև 80% արդյունավետություն:  

Սեռական թուլության բուժում վակուումային - էրեկցիոն սարքավորումների միջոցով:

Այս սարքավորումները նույնպես ուղղված են առնանդամի արյունահոսքի բարելավմանը և ունեն բարձր արդյունավետություն:

Երբեմն վակուումային - էրեկցիոն սարքավորումների կիրառման վերջում առնանդամի հիմքի մոտ դրվում է սեղմող օղակ՝ առնանդամից արյան արտահոսքը կանխելու և էրեկցիայի պրոցեսսի տևողության ավելացման համար, սակայն այն պետք է կատարել զգուշությամբ, և սեղմող օղակը պահել 30 րոպեից ոչ ավելին, քանի որ կարող է առաջանալ առնանդամի մեռուկացում:

Սեռական թուլության վիրահատական բուժում

 

Սեռական թուլության բուժում
5000 դիտում
530