medroom.am
Աշխարհի բոլոր ընտանիքներում հղիության փաստը իրավմամբ ընդունվում է որպես ամենասպասված ուրախ լուր, ավետիս։ Հղիությունը լինելով բնականոն ֆիզիոլոգիական պրոցես, միևնույն ժամանակ նույնիսկ ամենաառողջ կնոջ օրգանիզմի համար հանդիսանում է սթրես և երբեմն ուղեկցվում է որոշ պաթոլոգիական շեղումների և հիվանդությունների զարգացմամբ կամ սրացմամբ։
Անոթային հիվանդություններից առավել հաճախ հղիության ժամանակ գլուխ է բարձրացնում վարիկոզ հիվանդությունը։ Պատճառը այն է, որ միաժամանակ ի հայտ են գալիս մի շարք ռիսկի գործոններ՝ փոխվում է հորմոնալ ֆոնը, չափերով մեծացող արգանդը սկսում է ճնշել կոնքի երակներին, հղիները դառնում են քիչ շարժուն, հաճախ ավելացնում են մարմնի քաշը, իհարկե կարևոր է նաև գենետիկական նախատրամադրվածությունը։ Հիվանդությունը հիմնականում արտահայտվում է ստորին վերջույթների մակերեսային երակային համակարգերում, բայց վարիկոզ լայնացած երակներ կարող են ի հայտ գալ նաև սեռական օրգանների շրջանում և որովայնի առաջային պատին։ Սովորաբար ծննդաբերությունից հետո լայնացած երակները, հատկապես սեռական օրգանների շրջանում, որոշ չափով հետ են քաշվում, բայց ամեն հաջորդող հղիության ընթացքում ավելի են արտահայտվում և երբեմն էլ պատճառ են դառնում կեսարյան հատումների։ Այդ պատճառով կանայք, ովքեր ունեն գենետիկական նախատրամադրվածություն կամ նախորդ հղիությունների ընթացքում նկատել են անոթային խնդիրներ, պետք մյուս հղիությունների ընթացքում գտնվեն նաև անոթային վիրաբույժի հսկողության տակ։ Բնականաբար բժշկի արսենալը հղության պարագայում սահմանափակ է, բայց այնուամենայնիվ կան որոշ պրեպարատներ՝ հաբեր, քսուքներ, որոնք կարելի է օգտագործել հոգնածության, ծանրության զգացողությունը նվազեցնելու, այտուցները պակասեցնելու, երակների պատերը հնարավորինս ամրացնելու և հիվանդության զարգացումը հնարավորինս կանխելու նպատակով։ Այս առումով անփոխարինելի դեր ունի բժշկական էլաստիկ տրիկոտաժը նախատեսված հղիների համար՝ էլաստիկ զուգագուլպաներ, գուլպաներ, գոտիներ, որոնք պետք է կրել հղիության ընթացքում, ծննդաբերության կամ կեսարյան հատման ժամանակ, ինչպես նաև հետծննդյան շրջանում։
Վարիկոզ հիվանդությունը հաճախ պատճառ է դառնում նաև թրոմբոֆլեբիտների առաջացման, ինչը արդեն սուր պրոցես է և եթե դեղորայքային բուժումը արդյունավետ չի լինում, կարիք է առաջանում կատարելու վիրահատական միջամտություններ, իհարկե հղիության փաստը հաշվի առնելով, հնարավորինս փոքր ծավալով՝ հիմնականում երակների կապում։
Քիչ չեն նաև հղիների մոտ խորանիստ երակային համակարգի թրոմբոզների առաջացման դեպքերը։ Սա արդեն և՛ հղիի, և՛ պտղի կյանքերի համար վտանգավոր բարդություն է, քանի որ կարող է ուղեկցվել թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայով։ Հիմնական բուժում դեղորայքային է, կիրառվում է արյան մակարդելիությունը կարգավորող դեղորայք։ Սակայն եթե հայտնաբերվել է անոթի մեջ ազատ լողացող գլխիկով թրոմբ, ինչը շատ ավելի ռիսկային է թրոմբոէմբոլիայի առումով, ստորին սիներակի մեջ տեղադրվում է այսպես կոչված կավա-ֆիլտր, որը յուրահատուկ համաձուլվածքից պատրաստված ցանց է և կանխում է մեծ չափերի թրոմբների տեղաշարժը դեպի թոքային զարկերակի համակարգ։
Ինչպես վարիկոզի ֆոնին առաջացած թրոմբոֆլեբիտները, այնպես էլ գործնականում առողջ խորանիստ երակների թրոմբոզները հաճախ հետևանք են արյան մակարդելիության գործոնների գենետիկական մուտացիաների՝ թրոմբոֆլիլիաների։ Թրոմբոֆիլիաների առկայության մասին է խոսում նաև կրկնվող վիժումների փաստը, որը հետևանք է լինում ընկերքի կամ պորտալարի անոթների թրոմբոզների։ Նման դեպքերում հղիին վարող թիմում ընդգրկվում է նաև արյունաբանը։
Հղիության ընթացքում կանանց անհանգստացնող մյուս անոթային խնդիրը լիմֆոստազն է։ Այն արտահայտվում է հատկապես ստորին վերջույթների սիմետրիկ այտուցներով, հոգնածությամբ, ծանրության զգացողությամբ։ Կիրառվում է հիմնականում դեղորայքային բուժում և կրկին էլաստիկ տրիկոտաժ։
Հղիության ժամանակ անոթային հիվանդությունների ախտորոշման հիմնական եղանակը ուլտրաձայնային դուպլեքս հետազոտություն է։ Այն անվտանգ է և՛ մայրիկի, և՛ պտղի համար, միևնույն ժամանակ տալիս է բավարար չափով ինֆորմացիա հասկանալու համար ինչ վիճակում են անոթային համակարգերը։