medroom.am

Վիտամին D - ի անբավարարություն

Վիտամին D – ի անբավարարության ժամանակ աղիներում նվազում է կալցիումի ներծծումը: Որպեսզի արյան մեջ պահպանվի անհրաժեշտ կալցիումի մակարդակը հարվահանաձև գեղձը ավելացնում է պարաթիրեոիդ հորմոնի սինթեզը, որը ապահովում է ոսկորներից կալցիումի դուրս բերումը դեպի արյան շրջանառություն: Արդյունքում առաջանում է երկրորդային հիպերպարաթիրեոիդիզմ (հարվահանաձև գեղձի հորմոնի գերարտադրություն): Այսպիսով վիտամին D – ի խիստ անբավարարությունը բացասաբար է ազդում ոսկրային համակարգի առողջության վրա: Վիտամին D – ի չափավոր անբավարարության դեպքերը հանդիպում են առավել հաճախ, որոնք կարող են բերել օստեոպորոզի և մի շարք այլ առողջական խնդիրների՝

Վիտամին D - ի անբավարարութոյուն և ռախիտ:

Նորածինների և երեխաների մոտ վիտամին D – ի խիստ անբավարարությունը կարող է բերել ռախիտի առաջացման: Վերևում նշված է թե ինչ մեխանիզմով է վիտամին D – ի անբավարարությունը ազդում ոսկորներից կալցիումի դուրս բերման վրա: Հատկապես մանկական հասակում վիտամին D – ի անբավարարությունը նշանակալի ազդեցություն է ունենում ոսկրային համակարգի զարգացման և ձևավորման վրա, քանի որ այդ տարիքում աճի գործընթացները առավել ինտենսիվ կերպով են տեղի ունենում: Ոսկորները երկարում են, սակայն միներալիզացիայի անբավարար պայմաններում առավել ճկուն են դառնում և հենարան հանդիսացող վերջույթները ծանրության ազդեցության տակ ենթարկվում են դեֆորմացիայի: Նորածինների մոտ Վիտամին D – ի անբավարարության ժամանակ ուշանում է նաև գանգոսկրի փակումը: Կրծքավանդակի ոսկորները նույնպես դեֆորմացվում են շնչառական մկանների ձգման ազդեցության տակ: Վիտամին D – ի խիստ անբավարարության պայմաններում կարող է զարգանալ նաև արյան մեջ կալցիումի մակարդակի նվազում, որը կարող է դրսևորվել ցնցուների ձևով:

Վիտամին D - ի անբավարարություն և օստեամալացիա:

Թեև մեծահասակների մոտ ոսկրային հյուսվածքը չի աճում, այնուամենայնիվ տեղի են ունենում որոշակի փոփոխություններ վիտամին Դ – ի միջնորդությամբ: Վիտամին D – ի անբավարարության դեպքում նվազում է ոսկրային համակարգի միներալիզացիան, բերելով ոսկրային ցավերի և օստեոմալացիայի:

Վիտամին D - ի անբավարարություն – մկանային թուլություն և ցավ:

Վիտամին D – ի անբավարարությունը երեխաների և մեծահասակների մոտ կարող է առաջացնել մկանային թուլություն և ցավեր: Հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին D – ի պակասի լրացումը միաժամանակ կալցիումի ընդունումը նվազեցնում կամ վերացնում է մկանային թուլությունը և ցավերը:

Որո՞նք են վիտամին D – ի անբավարարությանը նպաստող գործոնները:

Վիտամին D – ի անբավարարություն կրծքով սնվող նորածինների մոտ:

Եթե նորածինները սնվում են միայն մայրական կաթով, սակայն չեն ընդունում վիտամին D – ի հավելումներ, կամ բավարար չափով արևի տակ չեն լինում, ապա կարող է զարգանալ վիտամին D – ի անբավարարություն: Մայրական կաթի միջոցով ստացվող վիտամին D – ի քանակը կազմում է 25 IU 1 լիտրում, սակայն անհրաժեշտ քանակը բավարարելու համար պետք է երեխային տալ 400 IU վիտամին D օրական:

Վիտամին D - ի անբավարարություն և մուգ մաշկ:

Մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ մաշկում մելանինի մեծ քանակությունը խոչընդոտում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ վիտամին D – ի սինթեզին: Հետևաբար մուգ մաշկ ունեցող անձինք պետք է հավելումների միջոցով լրացնեն վիտամին D – ի պակասը:

Վիտամին D - ի անբավարարություն տարեց մարդկանց մոտ:

Տարեց մարդկանց մոտ նվազում է վիտամին D – ի սինթեզը մաշկում: Բացի այդ խուսափում են արևի ճառագայթներից: Հետևաբար Վիտամին D – ի անբավարարությունը պետք է լրացնել:

Վիտամին D - ի անբավարարություն և արևապաշտպան քսուկներ:

Ապացուցվել է, որ արևապաշտպան քսուկները 95% - ով նվազեցնում են վիտամին D – ի սինթեզը մաշկում: Հետևաբար արևապաշտպան քսուկները պետք է օգտագործել չափավոր:

Վիտամին D - ի անբավարարություն ճարպային մալաբսորբցիայի համախտանիշի ժամանակ:

Ցիստիկ ֆիբրոզի և լյարդի խոլեստատիկ հիվանդությունների ժամանակ խանգարվում է աղիներում ճարպի ներծծումը: Քանի որ Վիտամին D – ն ճարպալույծ վիտամին է, և աղիներում վիտամին D – ի ներծծման գործընթացում մեծ դեր են խաղում ճարպաթթուները, ապա վերոնշյալ դեպքերում նույնպես կարող է զարգանալ վիտամին D – ի անբավարարություն:

Աղիների բորբոքային հիվանդություններ և վիտամին D - ի անբավարարություն:

Պարզվել է, որ Կրոնի հիվանդության, ինչպես նաև աղիների այլ բորբոքային հիվանդությունների ժամանակ խիստ նվազում է վիտամին D – ի ներծծման գործընթացը: Աղիների մասնահատում տարած հիվանդների մոտ նույնպես նախադրյալ կա վիտամին D – ի անբավարարության զարգացման համար:

Ճարպակալում և վիտամին D - ի անբավարարություն:

Ավելորդ քաշ ունեցող անձնաց մոտ վիտամին D – ի մակարդակը ավելի ցածր է նորմալ քաշ ունեցող անձանց համեմատ: Մաշկում սինթեզված կամ աղիներից ներծծված վիտամին D – ն կուտակվում է ճարպային հյուսվածքում որպես քիչ կենսամատչելի պաշար: Հետևաբար որքան շատ է ճարպային հյուսվածքը, այնքան ավելանում է ցածր կենսամատչելիություն ունեցող վիտամին D – ի քանակը, բերելով վիտամին D – ի անբավարարության:

Ինչպե՞ս լրացնել Վիտամին D – ի մակարդակը:

Վիտամին D – արևի ճառագայթներ:

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ մաշկում սինթեզվում է վիտամին D: Այս ճանապարհով լրացվում է վիտամին D – ի քանակության զգալի մասը: Երեխաները և երիտասարդները շաբաթը 2 – 3 օր բավարար չափով գտնվելով արևի ճառագայթների տակ սինթեզում են անհրաժեշտ քանակությամբ վիտամին D: Եթե արևի ճառագայթների ազդեցության տակ մաշկը դառնում է թույլ վարդագույն, ապա միանվագ օրգանիզմում սինթեզվում է 20000 IU վիտամին D: Մուգ մաշկ ունեցող մարդկանց և տարեցների մաշկում արևի ազդեցությամբ վիտամին D – ի սինթեզը նվազ է: Մեկ այլ հետազոտությամբ ապացուցվել է, որ եթե բաց գույնի մաշկով մարդը գարնանը, ամռանը կամ աշնանը գտնվում է արևի ճառագայթների ազդեցության տակ շաբաթը 3 անգամ 5 – 10 րոպե (ժամը 11 – 14 - ը) բաց դեմքով, ձեռքերով կամ ոտքերով, ապա վիտամին D – ի սինթեզված քանակը բավարար է:

Վիտամին D սննդի միջոցով:

Սննդամթերքները, որոնք պարունակում են վիտամին D սակավ են: Դրանցից են՝ որոշ յուղոտ ձկնատեսակներ՝ սկումբրիա, սաղմոն, սարդինաձուկ, ձկան լյարդի յուղ: Որոշ հավի ձվի դեղնուցներում, եթե հավերը սնվել են վիտամին D պարունակող կերով: Կաթնամթերք, եթե արտադրողը հավելել է վիտամին D – ով:

Վիտամին D – ի հավելումներ:

Առկա են վիտամին D – ի բազմազան հավելումներ ինչպես առանձին Վիտամին D, այնպես էլ մուլտիվիտամինային կոմպլեքսների ձևով: Առկա են նաև վիտամին D – ի և կալցիումի համադրությամբ հավելումներ: Վիտամին D – ի հավելումներով լրացման դեղաչափը որոշվում է անբավարարության չափով:

Վիտամին D – ի թունավոր քանակություն:

Վիտամին D – ի տոքսիկ (թունավոր) քանակությունը (հիպերվիտամինոզ) կարող է բերել արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման (հիպերկալցիէմիա): Արդյունքում կարող են առաջանալ երիկամների քարեր, սրտամկանի և երիկամների կրակալման օջախներ: Վիտամին D - ի քանակությունը համարվում է տոքսիկ, եթե արյան մեջ վիտամին D - ի կոնցենտրացիան 150 նգ/մլ - ից ավելի է: Վիտամին D – ի ավելցուկից բացի հիպերկալցիէմիային նպաստող գործոններից են նաև հիպերպարաթիրեոիդիզմը, սարկոիդոզը, տուբերկուլյոզը, լիմֆոման և այլն:

Վիտամին D - ի փոխազդեցությունը որոշ դեղամիջոցների հետ:

Վիտամին D – ի նյութափոխանակությունը ակտիվացնող և արյան մեջ վիտամին D – ի մակարդակը նվազեցնող դեղամիջոցներն են՝ ֆենոբարբիտալ, կարբամազեպին, ռիֆամպիցին: Որոշ դեղամիջոցներ նվազեցնում են վիտամին D – ի ներծծումը աղիներում՝ խոլեստիրամին, խոլեստիպոլ, օրլիստատ:

Հակասնկլային դեղամիջոցներից կետոկոնազոլը կանխում է երիկամներում վիտամին D – ի 1, 25 դիհիդրոքսիվիտամին D – ի փոխակերպումը, որը վիտամին D – ի ակտիվ ձևն է:

Վիտամին D - ի անբավարարություն
1843 դիտում
253