medroom.am
Տրեդմիլ հետազոտությունը նախատեսված է օրգանիզմի բեռնվածության պայմաններում սիրտ-անոթային համակարգում տեղի ունեցող փոփոխությունները գնահատելու համար:
Հանգստի պայմաններում ՝թաքնված, չդրսևորվող ախտաբանություններն ի հայտ բերելու նպատակով օրգանիզմը դիտարկում են սթրեսի պայմաններում։ Գնահատվում են մի շարք պարամետրեր՝ էլեկրտրասրտագրի, զարկերակային ճնշման, թթվածնի զավթմամբ օրգանիզմի բեռնվածության կարողություն։
Ինչպե՞ս նախապատրաստվել Տրեդմիլ հետազոտությանը:
Տրեդմիլ թեստին պետք է ներկայանալ հարմարավետ հագուստով:
Տրեդմիլ թեստին նախորդող 2 ժամվա ընթացքում ցանկալի չէ սնունդ և ծխախոտ օգտագործելը:
Որոշ դեղատեսակներ պետք է դադարեցնել տրեդմիլ հետազոտության նախորդող 24 ժամվա ընթացքում, այդ թվում բետտա պաշարիչներ, կալցիումական անցուղիների պաշարիչներ, նիտրատներ:
Ինչպե՞ս է անց կացվում Տրեդմիլ հետազոտությունը:
- Մարմնի վրա փակցվում են էլեկտրոդներ (տղամարդկանց դեպքում՝ սափրելով կրծքավանդակի մազածածկույթը):
- Ձեռքերից մեկի վրա կապվում է տոնոմետրը- հետազոտության ընթացքում պարբերաբար ճնշաչափումներ իրականացնելու նպատակով:
- Տրեդմիլ հետազոտության ընթացքում բուժառուն պետք է հայացքը դեպի առաջ ուղղի (ցած նայելիս գլխապտույտի, հավասարակշռության խանգարման հավանականություն): Վազելու փոխարեն իրականացնի արագ քայլք:
- Տրեդմիլ հետազոտության ընթացքում մարզասարքը աստիճանաբար մեծացնում է արագությունը, թեքությունը - նպատակը՝ հասնել պուլսի որոշակի տիրույթի (տարիքին և սեռին համապատասխան սուբմաքսիմալ սրտազարկին):
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ կատարել տրեդմիլ հետազոտություն:
- Երբ կա սրտի անոթների հիվանդության կասկած:
- Սրտի անոթների ստենտավորման և շունտավորման դեպքում արդյունավետության գնահատման համար:
- Նախավիրահատական և որոշ միջամտությունների (Օր.՝ դիալիզ) իրականացման սիրտ - անոթային ռիսկի գնահատման նպատակով և այլն:
- Որոշ առիթմիաների ՙՙբարորակությունը՚՚ գնահատելու համար (էքստրասիստոլաները անվտանգ են, եթե վերանում են տրեդմիլ հետազոտության ընթացքում):
- Սինուսային հանգույցի թուլություն ախտորոշելու համար:
Տրեդմիլ հետազոտությունը բացարձակ հակացուցված է եթե հիվանդի մոտ առկա է՝
- Աորտայի դիսսեկցիայի
- Սուր կորոնար համախտանիշ
- Թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա,
- Էնդոկարդիտ
- Պերիմիոկարդիտ/միոկարդիտ
- Խորանիստ երակների թրոմբոզ
- Ծանր աորտալ ստենոզ
- Կյանքին վտանգ սպառնացող առիթմիաների ռիսկ