medroom.am

Միֆեր վարիկոզ հիվանդության մասին

Անոթային վիրաբուժության մեջ ևս, ինչպես բժշկության այլ բնագավառներում, կան հասարակության կողմից լայն տարածում գտած, սակայն իրականությանը չհամապատասխանող տեսակետեր ու կարծիքներ այս կամ այն հիվանդության կամ երևույթի վերաբերյալ։ Անոթային վիրաբուժության ամենատարածված միֆերը կապվում են հատկապես վարիկոզ հիվանդության հետ, քանի որ վերջինս ամենատարածված, ամենատեսանելի ու ամենաքննարկելի անոթային պաթոլոգիան է։ Ներկայացնենք ամենալայն տարածում ունեցող հորինվածքները

    Վարիկոզը կանացի հիվանդություն է, հանդիպում է հիմնականում կանանց մոտ

Բնականաբար այս տեսակետը ճիշտ չէ։ Վարիկոզը գենետիկական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է, որը զարգանում է կյանքի ընթացքում ռիսկի գործոնների առկայության պայմաններում։ Գենետիկական մակարդակում կանայք և տղամարդիկ ունեն հիվանդանալու հավասարաչափ ռիսկ։ Սակայն կանաց մոտ ռիսկի գործոնները ավելի շատ են, կանայք ավելի զգայուն են արտաքին տեսքի հանդեպ և ավելի հաճախ են դիմում բժշկի, քան տղամարդիկ։

    Վարիկոզի պատճառը հղիությունն է և ավելի ճիշտ է բուժվել բոլոր պլանավորված հղիություններից և ծննդաբերություններից հետո

Ինչպես վերը նշվածից պարզ դարձավ հղիությունը վարիկոզի պատճառը չէ, ի վերջո տղամադիկ ևս հիվանդանում են վարիկոզով, չնայած այն փաստին, որ չեն հղիանում։ Հետևաբար ճիշտ չէ բուժումը սպասեցնել այս պատճառաբանությամբ, առավել ևս, որ հղիության ընթացքում հնարավոր են վարիկոզ հիվանդության մի շարք բարդություններ, որոնք ավելի կծանրացնեն ու կբարդացնեն հղիության ընթացքը։

    Վարիկոզի վիրահատական բուժումը բերում է առողջ երակների ծանրաբեռնվածությանը և լայնացմանը, հատկապես մյուս ոտքի վրա

Վարիկոզ հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում երակների լայնացում, փականային անբավարարություն և արյան հետհոսք, վերջինս իր հերթին տարածվում է դեպի դեռևս չվնասված երակները և ի վերջո բերում է դրանց լայնացմանը։ Այսինքն հիվանդ երակների հեռացումը ոչ թե ավելացնում է առողջ երակների ծանրաբեռնվածությունը, այլ ընդհակառակը վերացնում է նրանցում ի հայտ եկող հետհոսքը, քչացնում է նրանցում ճնշումը և փրկում է հնարավար լայնացումից։ Ինչ վերաբերում է «մյուս ոտքի» տեսությանը, ապա մարդու վերջույթների անատոմիան, այնպիսին է, որ բոլոր համակարգերը, այդ թվում նաև երակները, առանձնացված են և երակների ինչպես հեռացումը, այնպես էլ պահպանումը չեն կարող ազդել մյուս վերջույթի վրա ոչ դրական և ոչ էլ բացասական առումներով։

    Ոտքերի թրոմբը կարող է «խփել» սրտին կամ ինսուլտի պատճառ դառնալ

Ոտքերից երակային արյունը հետ է վերադառնում դեպի սրտի աջ կես, որտեղից թոքային զարկերակով դեպի թոքեր։ Թոքի հյուսվածքում թոքային զարկերակը սկում է ճյուղավորվել մինչև մազանոթների մակարդակի։ Այսինքն երակներում առաջացած թրոմբը արյան հոսքի հետ շարժվելով կանցնի սրտի աջ կեսով և կհայտնվի թոքային զարկերակի համակարգում և կախված թրոմբի չափերից կխցանի այդ համակարգի որևէ ճյուղը, ինչի արդյունքում զարգանում է թոքի ինֆարկտ և ոչ թե սրտամկանի։ Բնականաբար երակներում առաջացած թրոմբը նույն տրամաբանությամբ չի կարող հայտնվել նաև ուղեղում։ Իշեմիկ ինսուլտ առաջացնող թրոմբները ուղեղ հասնում զարկերակներով, որոնք սկսում են սրտի ձախ կեսից և և ոչ թե աջ։

    Վարիկոզը կարելի է բուժել քսուքներով և տնային եղանակներով

Ցավոք, աշխարհում գոյություն չունի որևէ դեղորայք, որը ի զորու է բուժելու վարիկոզը։ Վարիկոզի բուժումը պահանջում է նեղ մասնագետի խորը գիտելիքներ և նրա կողմից իրականացվող կոմպլեքս միջոցառումներ, ինչը ներառում է դեղորայք, կոմպրեսիոն տրիկոտաժ և վիրաբուժական այս կամ այն միջամտությունը։ Հատկապես համացանցում տարածվող այս կամ այն «հրաշք» քսուքները, որոնք իսպառ «վերացնում» են վարիկոզը, ոչ այլ ինչ են, քան խաբեություն։ Տնային պայմաններում պատրաստվող որոշ թուրմեր, որոնք իրականում են պարունակում են ճիշտ ընտրված դեղաբույսեր, երբեմն կարող են մեղմել վարիկոզի առաջացրած գանգատները, բայց ոչ երբեք բուժել այն։

    Հաճախ կարելի է լսել «անոթներս ցավում են» արտահայտությունը

Իրականում անոթները չունեն զգացող ներվաթելեր, հետևաբար անոթների ախտահարումը ցավ առաջացնել չի կարող, հնարավոր չէ զգալ նաև անոթների ուղղությունը, նրանցում արյան հոսքը և այլն։ Ցավային կամ այլ զգացողություններ կառաջանան, եթե անոթային որևէ հիվանդության արդյունքում տուժի այս կամ այն օրգանի կամ հյուսվածքի արյան շրջանառությունը։

վարիկոզ հիվանդություն
2229 դիտում
78