medroom.am

Վիտամին Դ (Vitamin D)

Վիտամին Դ – ն ճարպալույծ վիտամին է, որը կարևոր դեր է խաղում կալցիումի նյութափոխանակության մեջ: Վիտամին D – ն կարող է սինթեզվել մարդու մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ: Այն դեպքերում, երբ մարդը արևի ճառագայթների ազդեցությունից մասնակի զրկված է կամ խուսափում է՝ վիտամին Դ – ի պակասը հնարավոր է լրացնել սննդի միջոցով:

Ըստ որոշ գիտնականների վիտամին Դ – ն նաև համարվում է հորմոն:

Վիտամին Դ – ն օրգանիզմում հանդիպում է երեք ձևերով՝

- Վիտամին Դ1 – Կալցիֆերոլ

- Վիտամին Դ2 – Էրգոկալցիֆերոլ

- Վիտամին Դ3 – Խոլեկալցիֆերոլ, որը վիտամին Դ – ի ակտիվ տարբերակն է:

Վիտամին Դ – ի փոխակերպումը ակտիվ ձևի:

Վիտամին Դ – ն ի սկզբանե կենսաբանորեն ակտիվ չէ: Արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների ազդեցության տակ սինթեզված կամ սննդի միջոցով օրգանիզմ ներթափանցած Վիտամին Դ – ն արյան շրջանառության միջոցով փոխադրվում է լյարդ: Լյարդում Վիտամին Դ – ն հիդրօքսիլացվում է 25 – հիդրօքսիվիտամին Դ – ի (կալցիդիոլ): Վերջինս Վիտամին Դ – ի առավել մեծ քանակությամբ շրջանառող ձևն է մարդու օրգանիզմում: Երիկամներում տեղի է ունենում Վիտամին Դ – ի երկրորդ հիդրօքսիլացումը՝ կալցիտիոլը վերածվում է 1, 25 դիհիդրօքսիվիտամին Դ – ի (կալցիտրիոլ): Օրգանիզմում վիտամին Դ – ի ֆունկցիաների գերակշիռ մասը պայմանավորված է վերջինիս ակտիվ ձևով՝ կալցիտրիոլով:

Վիտամին Դ – ի ազդեցության մեխանիզմը:

1, 25 – դիհիդրօքսիվիտամին Դ – ն անցնլով բջիջներ, վիտամին Դ – ի ընկալիչներով (ռեցեպտորներով) միջնորդված անցնում է բջջի կորիզ: Այնուհետև նաև ռետինոաթթվի X ընկալիչի (ռեցեպտորի) միջնորդությամբ միանում է ԴՆԹ – ի Վիտամին Դ – ի համապատասխան էլեմենտներին և խթանում տրանսկրիպցիան: Այսինքն ակտիվացնում է  ԴՆԹ – ի համապատասխան գեների դրսևորման գործընթացը:

Վիտամին Դ – ի մասնակցությունը կալցիումի նյութափոխանակության մեջ:

Մարդու օրգանիզմում արյան մեջ կալցիումի մակարդակը գտնվում է խիստ որոշակի նորմայի միջակայքում, որը անհրաժեշտ է նյարդային համակարգի գործունեության, ոսկրային համակարգի և ատամների զարգացման և խտության համար: Վիտամին Դ – ն մասնակցում է օրգանիզմում կալցիումի օգտագործման գործընթացին: Արյան մեջ կալցիումի մակարդակի նվազումը խթանում է հարվահանաձև գեղձի հորմոնի արտադրությունը, որի ազդեցության տակ ակտիվանում է երիկամներում կալցիդիոլից 1, 25 դիհիդրօքսիվիտամին Դ – ի սինթեզը: Վերջինս փոփոխելով գեների տրանսկրիպցիան՝ ավելացնում է արյան մեջ կալցիումի մակարդակը հետևյալ մեխանիզմներով՝

- Աղիներից կալցիումի ներծծման ավելացում:

- Երիկամներում ֆիլտրված կալցիումի ռեաբսորբցիայի ակտիվացում:

- Ոսկրային համակարգից կալցիումի դուրս բերում արյան շրջանառություն:

Վիդամին Դ – ի մասնակցությունը բջիջների դիֆերենցման գործընթացում:

Օրգանիզմում բջիջները կիսվելով բազմանում են, որը կոչվում է պրոլիֆերացիա: Այնուհետև ենթարկվում են դիֆերենցացիայի՝ այսինքն ամեն բջիջ ձևավորվում է իր յուրահատուկ դերը օրգանիզմում կատարելու համար: Եթե բջիջների պրոլիֆերացիան դուրս է գալիս հսկողությունից, ապա կարող են առաջանալ մի շարք հիվանդություններ՝ օրինակ քաղցկեղ:

Վիտամին Դ – ի ակտիվ փոխակերպված ձևը՝ 1, 25 դիհիդրօքսիվիտամին Դ – ն ճնշում է պրոլիֆերացիան և խթանում բջիջների դիֆերենցման գործընթացը:

Վիտամին Դ – ի մասնակցությունը իմունային համակարգում:

Վիտամին Դ – ին ակտիվ մասնակցություն ունի իմունային գործընթացներին: Դրա ապացույցն է այն, որ վիտամին Դ – ի ընկալիչներ առկա են իմունային համակարգի մասնակից գրեթե բոլոր բջիջներում՝ T – բջիջներ, անտիգեն ներկայացնող բջիջներ՝ ինչպիսիք են դենտրիտիկ բջիջներ, մակրոֆագեր:

Վիտամին Դ և ինսուլինի սեկրեցիա:

Ենթաստամոքսային գեղձի ինսուլինի սեկրեցիա ապահովող բջիջներում առկա են վիտամին Դ – ի ռեցեպտորներ (ընկալիչներ): Ապացուցվել է, որ վիտամին Դ – ի անբավարարությունը II տիպի շաքարային դիաբետի ժամանակ բացասաբար է ազդում ինսուլինի սեկրեցիայի և գլյուկոզային տոլերատության վրա:

Վիտամին Դ և զարկերակային ճնշման կարգավորում:

Մարդու օրգանիզմում զարկերակային ճնշման կարգավորման կարևոր մեխանիզմներից է ռենին – անգիոտենզին – ալդոստերոնային համակարգը:

Լյարդում արտադրվող անգիոտենզինոգեն սպիտակուցը ռենինի ազդեցության տակ փոխակերպվում է անգիոտենզին I – ի: Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի ազդեցության տակ անգիոտենզին I – ը վերածվում է անգիոտենզին II – ի: Վերջինիս ազդեցության տակ մանր զարկերակները ենթարկվում են սեղղման, իսկ ալդոստերոնի ազդեցությամբ երիկամներում խթանվում է Na – ի և ջրի հետներծծումը՝ արդյունքում բարձրանում է զարկերակային ճնշումը: Ապացուցվել է, որ ռենինի սիթեզը ընկճվում է վիտամին Դ – ի ընկալիչներով միջնորդված ռենինի գենի էքսպրեսիան: Հետևաբար զարկերակայի ճնշման բարձրացման որոշ դեպքերում վիտամին Դ – ն կարող է մեծ դեր ունենալ կարգավորման առումով:

Ո՞րն է վիտամին Դ – ի նորման արյան մեջ:

Ըստ վերջին տարիների կատարված հետազոտությունների վիտամին Դ – ի նորմայի ստորին սահմանը արյան մեջ համարվում է 30 նգ/մլ – ը: Ապացուցվել է, որ հիպերպարաթիրեոիդիզմի և կալցիումի փոխանակության խանգարումը կարգավորելու համար վիտամին Դ – ի  մակարդակը արյան մեջ պետք է լինի 32 նգ/մլ – ից բարձր: 50 – 80 նգ/մլ -ը համարվում է վիտամին Դ – ի օպտիմալ մակարդակ:

վիտամին դ, վիտամին դ3
1398 դիտում
205