medroom.am

Ուրեապլազմա (Ureaplasma)

Ուրեապլազման ամենահաճախ հանդիպող պոտենցիալ վնասակար բակտերիաներից է, որը հայտնաբերվում է միզասեռական համակարգում ինչպես տղամարդկանց այնպես նաև կանանց մոտ: Ուրեապլազմաները պատկանում են միկոպլազմաների ընտանիքին, չափերով շատ փոքր են և օրգանիզմում առաջացնում են փոքր չափերի գաղութներ (7-15 մկմ):

Ի տարբերություն մյուս բակտերիաների, որոնց համար սնունդ է համարվում արգինինը կամ գլյուկոզան, ուրեապլազմայի հարուցիչի նյութափոխանակության համար անհրաժեշտ է միզանյութ: Մարդու օրգանիզմում բնակվում է միզուղիներում կամ շնչուղիներում և կարող է անցնել ենթալորձաթաղանթային շերտ: Մարդու օրգանիզմում կարող են հանդիպել ուրեապլազմայի 14 տեսակներ, որոնք բաժանվում են երկու խմբի՝ Ureaplasma urealyticum և Ureaplasma parvum:

Ուրեապլազման փոխանցվում է սեռական ճանապարհով, սակայն հղիության ընթացքում կարող է փոխանցվել նաև մորից պտղին:

Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել ուրեապլազմայի հարուցիչը:

Հաճախ ուրեապլազմայի հարուցիչը բնակվելով մարդու օրգանիզմում կարող է խնդիրներ չառաջացնել, սակայն կարող է առաջացնել նաև ոչ գոնոկոկային ուրեթրիտ (միզուկի բորբոքում), պրոստատիտ, միզաքարային հիվանդություն, գինեկոլոգիական հիվանդություններ, անպտղություն, իսկ նորածինների մոտ խրոնիկ թոքային հիվանդություն: Ոչ գոնոկոկային ուրեթրիտները ուրեապլազմայի հարուցիչի դեպքում հանդիպում են 12 – 16% դեպքերում: Կանանց մոտ ուրեապլազմայի հարուցիչ հայտնաբերվել է ֆալոպյան փողերի բորբոքման ինչպես նաև բակտերիալ վագինոզի ժամանակ 62 – 97% դեպքերում: Ապացուցվել է, որ Ureaplasma urealitycum  - ը բարենպաստ պայմաններ է ստեղծում ՄԻԱՎ վարակի փոխացման և օրգանիզմ ներթափանցման համար:

Ուրեապլազմայի հարուցիչով պայմանավորված ուրեթրիտ (միզուկի բորբոքում):

Ոչ գոնոկոկային ուրեթրիտների 5 – 10% դեպքերի պատճառը ուրեապլազմայի հարուցիչն է: Այս ժամանակ հիվանդի մոտ կարող է դիտվել միզուկից արտադրություն, միզուկում այրոցի զգացողություն, միզուկի արտաքին բացվածքի կարմրածություն:

Ինչպե՞ս է ազդում ուրեապլազմայի հարուցիչը պտղաբերության վրա:

Պտղաբերության խանգարումով կանանց 32% - ի մոտ ֆալոպյան փողերում հայտնաբերվել է ուրեապլազմայի հարուցիչ (Ureaplasma urealyticum): Իսկ տղամարդկանց մոտ ուրեապլազմայի հարուցիչը կապվելով սպերմատոզոիդների հետ առաջացնում է շարժունակության կտրուկ նվազում: Բացի այդ ուրեապլազման ընկճում է սպերմատոզոիդի գլխիկի հիալորունիդազա ֆերմենտի ակտիվությունը: Այդ ֆերմենտը մասնակցում է ձվաբջջի թաղանթի քայքայմանը և սպերմատոզոիդի ներթափանցմանը: Ուրեապլազման նվազեցնում է նաև սպերմատոզոիդի թաղանթային սպիտակուց P34H – ի մակարդակը, որը մասնակցում է սպերմատոզոիդ – ձվաբջիջ փոխազդեցության վրա: Բացի այդ ուրեապլազմայի հարուցիչի UreG սպիտակուցի հանդեպ մարդու օրգանիզմի կողմից արտադրվող հակամարմինները խաչաձև ազդում են կորիզային աուտոանտիգենային սպերմալ սպիտակուցի (NASP) վրա:

Ապացուցվել է, որ քրոնիկ պրոստատիտով և անպտղությամբ տառապող տղամարդկանց մինչև 34% - ի շագանակագեղձի հեղուկի մեջ հայտնաբերվել են ուրեապլազմայի հարուցիչներ:

Ուրեապլազմայի հարուցիչի դերը միզաքարային հիվանդության ժամանակ:

Ուրեապլազմայի հարուցիչը պարունակում է ուրեազա ֆերմենտ, որի ազդեցության տակ միզանյութը տրոհվում է ամոնիակի: Արդյունքում բարձրանում է մեզի pH – ը և ամոնիակի ազդեցության տակ վնասվում է միզուղիների լորձաթաղանթը: Արդյունքում բարենպաստ պայմաններ է ստեղծվում ստրուվիտայի (ինֆեկցիոն բնույթի) երիկամային քարերի առաջացման համար: Ուրեապլազմայի հարուցիչները շարունակում են բնակվել նաև քարերի բաղադրության մեջ, որը իրենց պաշտպանում է հակատիբիոտիկների ազդեցությունից:

Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել ուրեապլազմայի հարուցիչը հղիության ընթացքում:

Հաստատվել է, որ ուրեապլազմայի հարուցիչը առաջացնում է ամնիոտիկ թաղանթի բորբոքում և թաղանթների վաղաժամ պատռվածք (մինչև 96% դեպքերում): Նաև կարող է լինել վաղաժամ ծննդաբերությունների պատճառ:

Ուրեապլազմայի հարուցիչը նաև կարող է առաջացնել հոդերի բորբոքում, որը նույնիսկ հակաբիոտիկների բուժումից հետո դեռ երկար ժամանակ կարող է պահպանվել:

Հազվադեպ դեպքերում ուրեպլազմայի հարուցիչը կարող է առաջացնել ատիպիկ հիպերամոնիումեմիա (արյան մեջ ամոնիումի մակարդակի բարձրացման), որը չբուժելու դպքում կարող է բերել ուղեղային երևույթների, գլխուղեղի այտուցի և մահվան:

Ինչպե՞ս է ախտորոշվում ուրեապլազման:

Ուրեապլազմայի ախտորոշման համար նախկինում կատարվել են մի շարք հետազոտություններ: Վերջին ժամանակներում առավել հաճախ կիրառվող մեթոդներից են՝ մեզի, սերմի, կամ միզուկից արտադրության բակտերիոլոգիական քննությունը ապարատային մեթոդով, որի ժամանակ բացի հարուցիչի հայտնաբերելուց և հակաբիոտիկների զգայունությունը որոշելուց կարող ենք ստանալ տվյալներ, թե որ զգայուն հակաբիոտիկն է մինիմալ ընկճող դոզայով (MIC): Մյուս հետազոտության եղանակը ՊՇՌ տեստն է:

Ի՞նչ բուժում է կատարվում Ուրեապլազմայի հարուցիչի հայտնաբերման ժամանակ:

Ուրեապլազմայի հայտնաբերման ժամանակ նշանակվում է դեղորայքային բուժում: Բուժման ընթացքում արգելվում է ալկոհոլի օգտագործումը: Անհրաժեշտ է նաև հետազոտել զույգին, որպեսզի բուժումը լինի լիարժեք: 

Ուրեապլազմա, ureaplasma
10946 դիտում
424