medroom.am

Միկոպլազմա (Mycoplasma)

Միկոպլազմաները զգալի դեր են խաղում միզասեռական համակարգի բորբոքային հիվանդությունների մեջ: ՊՇՌ հետազոտությունների կիրառումով հնարավոր եղավ հայտնաբերել միկոպլազմաների ընտանիքին պատկանող տարբեր տեսակի հարուցիչներ: Մարդու օրգանիզմում առավել հաճախ հանդիպող միկոպլազմաներից են Mycoplasma genitalium, Ureaplasma urealyticum, Ureaplasma parvum, Mycoplasma hominis. Բոլոր հայտնի բջջային կառուցվածք ունեցող միկրոօրգանիզմներից ամենափոքր գենոմային կառուցվածքը ունի միկոպլազման, որն էլ եղել է այդ խմբի անվանման պատճառը: Իսկ ուրեապլազմաների անվանումը պայմանավորված է նրանով, որ այս միկրոբները ունեն մեզը քայքայելու գեն:

Միկոպլազմա նորածինների և երեխաների մոտ:

Ապացուցվել է, որ նորածինների մինչև 1/3 – ի մոտ հայտնաբերվել են ուրեապլազմա և ավելի սակավ դեպքերում միկոպլազմա, եթե ծննդաբերությունը կատարվել է բնական ճանապարհով: Միկոպլազմա հայտնաբերվել է նորածինների միզասեռական համակարգում, ինչպես նաև քթի, կոկորի և ընմպանի հատվածներում:

Տարիքի մեծացմանը զուգընթաց այս երեխաների մոտ միկոպլազմայի և ուրեապլազմայի հայտնաբերման դեպքերը նվազում են: Այնուամենայնիվ մինչև 18% - ի մոտ պահպանվում են երկար տարիներ:

Միկոպլազմա մեծահասակների մոտ:

Սեռական կոնտակտ չունեցած անձանց մոտ միկոպլազմա հազվադեպ կարող է հայտնաբերվել:  

Սեռահասուն տարիքում միկոպլազմա կամ ուրեապլազմա հայտնաբերվում է հիմնականում սեռական ճանապարհով փոխանցման պատճառով: Ընդ որում, որքան շատ են եղել սեռական կոնտակները տարբեր անձնաց հետ, այնքան մեծանում է միկոպլազմա հայտնաբերելու հավանականությունը:

Միկոպլազմայի ազդեցությունը տղամարդկանց միզասեռական համակարգի վրա:

Միկոպլազմա և ուրեթրիտ (միզուկի բորբոքում):

Եթե գոնորեան և խլամիդիան առաջներում ուրեթրիտի հիմնական հարուցիչներն էին, ապա վերջին տարիներին առավել հաճախ են սկսել հանդիպել միկոպլազմայով պայմանավորված ուրեթրիտի դեպքեր, որոնք ի վերջո բերում են վերարտադրողական համակարգի բորբոքային հիվանդությունների ինչպես տղամարդկանց այնպես էլ կանանց մոտ: ՊՇՌ գետազոտության լայն կիառումը օգնում է ոչ գոնոկոկային ուրեթրիտների դեպքում հայտնաբերել միկոպլազմա: Միկոպլազմա հայտնաբերված տղամարդկանց մինչև 90% - ի մոտ դիտվել է միկրոսկոպիկ կամ մակրոսկոպիկ ուրեթրիտ, որոնցից մինչև 70% - ի մոտ դիտվել են այս կամ այն գանգատներ: Ընդ որում, այն հիվանդները, ոնոնց մոտ հայտնաբերվել է բարձր կոնցենտրացիայով միկոպլազմա՝ գանգատները առավել արտահայտիչ են եղել:

Միկոպլազմայի հարուցիչը հաճախ առաջացնում է քրոնիկ ուրեթրիտ, որի մասին հիվանդները նույնիսկ չեն ենթադրում, քանի որ այն մեծամասամբ անցնում է առանց գանգատների:

Միկոպլազմային ուրեթրիտ առաջացնող հարուցիչներից են Mycoplasma genitalium – ը և Ureaplasma urealyticum - ը:

Միկոպլազմա և պրոստատիտ:

Ինչպես սուր այնպես էլ քրոնիկ պրոստատիտով տղամարդկանց մինև 12% դեպքերում հայտնաբերվել է միկոպլասմա: Միկոպլազմա նաև նշանակալի դեպքերում հայտնաբերվել է քրոնիկ կոնքային ցավի համախտանիշի ժամանակ: Ընդ որում վերոնշյալ դեպքերում միկոպլազմա հնարավոր է եղել հայտնաբերել ՊՇՌ տեստի միջոցով:

Միկոպլազմա և էպիդիդիմիտ:

Մինչև 35 տարեկան տղամարդկանց մոտ էպիդիդիմիտի (մակամորձու բորբոքման) ժամանակ մեծամասամբ հայտնաբերվում են գոնորեայի կամ խլամիդիայի հարուցիչները: Իսկ առավել մեծ տարիք ունեցող տղամարդկանց մոտ և հոմոսեքսուալների մոտ մեծամասամբ հայտնաբերվում են գրամ – բացասական միկորբներ: Էպիդիդիմիտների -ժամանակ միկոպլազմա կամ ուրեապլազմա հայտնաբերվել են սակավաթիվ դեպքերում:

Միկոպլազմայի ազդեցությունը կանանց միզասեռական համակարգի վրա:

Միկոպլազմա և ցերվիցիտ (արգանդի վզիկի բորբոքում):

Ապացուցվել է, որ ցերվիցիտների մինչև 12% դեպքերում քսուկի ՊՇՌ հետազոտությամբ հայտնաբերվում է միկոպլազմա (Mycoplasma genitalium): Ընդ որում միկոպլազմայի առաջացրած բորբոքմանը հաճախ միանում են նաև այլ միկրոբներ: Միկոպլազմային ցերվիցիտի ժամանակ կարող են դիտվել հետևյալ ախտանշանները՝ թարախային արտադրություն, հեշտությամբ արյունահոսող մակերես, արգանդի վզիկի կարմրություն: Որոշ դեպքերում միկոպլազմային ցերվիցիտին կարող է միանալ նաև ուրեթրիտ (միզուկի բորբոքում): Mycoplasma hominis  - ը այս առումով ուսումնասիրված չէ: Ուրեապլազման նույնպես առաջացնում է ցերվիցիտ, ընդ որում և Ureaplasma urealyticum  - ը և Ureaplasma parvum – ը:

Միկոպլազմա և բակտերիալ վագինոզ:

Բակտերիալ վագինոզների ժամանակ հաճախ հայտնաբերվում է միկոպլազմա (Mycoplasma hominis) զուգակցված այլ միկրոբների հետ, ընդ որում միկոպլազմայի դերը բակտերիալ վագինոզի ժամանակ առաջնայինը չէ, այլ հաճախ լինում է որպես զուգակցված ինֆեկցիա: Բակտերիալ վագինոզների ժամանակ հայտնաբերվել են նաև ուրեապլազմա՝ Ureaplasma urealyticum և Ureaplasma parvum: Միկոպլազմայի մյուս տեսակը՝ Mycoplasma genitalium  - ը բակտերիալ վագինոզների ժամանակ չի հայտնաբերվել:

Միկոպլազմա և կոնքի բորբոքային հիվանդություն:

Կանանց մոտ կոնքի բորբոքային հիվանդություն առաջանում է, երբ հեշտոցից էնդոմետրիումով և ֆալոպյան փողերով դեպի հարակից հյուսվածքներ և կառուցվածքներ ներթափանցում են միկրոբներ: Կոնքի բորբոքային հիվանդությունների մեջ մեծ դեր են խաղում գոնորեայի և խլամիդիայի հարուցիչները: Վերջին տարիներին կատարված հետազոտությունների ժամանակ հաճախ ֆալոպյան փողերում հայտնաբերվում են միկոպլազմայի՝ Mycoplasma hominis և ուրեապլազմայի՝ Ureaplasma urealyticum և Ureaplasma parvum հարուցիչները: Սակայն, քանի որ միկոպլազմայի և ուրեապլազմայի հարուցիչներից բացի միաժամանակ հայտնաբերվել են նաև այլ պաթոգեն միկրոբներ, ապա դժվար է եղել հաստատել թե որ հարուցիչով է պայմանավորված կոնքի բորբոքային հիվանդությունը:

Միկոպլազմա և միզաքարային  հիվանդություն:

Միզային ինֆեկցիոն քարերը (ստրուվիտները) բաղկացած են ամոնիում մագնեզիում – ֆոսֆատից, որոնք հաճախ առաջանում են միզանյութը քայքայող ինֆեկցիաների առկայության դեպքում: Ինֆեկցիոն քարերով հիվանդների մեզի մեջ մինչև 30% դեպքերում հայտնաբերվում են Proteus և Ureaplasma:

Միկոպլազմա և միզային ինֆեկցիա:

Սուր ցիստիտների ժամանակ միկոպլազմայի հարուցիչներից Mycoplasma hominis հիվանդների մեզի մեջ չի հայտնաբերվել, սակայն հաճախ հայտնաբերվել են Mycoplasma genitalium և ուրեապլազմա՝ Ureaplasma urealyticum և Ureaplsma parvum: Ապացուցվել է նաև, որ վերոնշյալ հարուցիչներով պայմանավորված քրոնիկական ցիստիտները ժամանակի ընթացքում կարող են վերածվել նաև ինտերստիցիալ ցիստիտների:

Սուր պիելոնեֆրիտով (երիկամների բաժակ – ավազանային համակարգի սուր բորբոքում) հիվանդների մեզի բակտերիոլոգիական քննությամբ միկոպլազմա կամ ուրեապլասմա հայտնաբերվել են հազվադեպ, ընդ որում զուգակցված այլ ինֆեկցիաների հետ:  

Միկոպլազմա և պտղաբերություն:

Տղամարդկանց և կանանց մոտ անպտղության դեպքերում 3 անգամ ավելի շատ են հայտնաբերվում ուրեապլազմա կամ միկոպլազմա պտղաբերության խանգարում չունեցող բուժառուների համեմատ: Միկոպլազմայի և ուրեապլազմայի ազդեցությունը պտղաբերության վրա հաստատվել է մի շարք հետազոտությունների միջոցով: Ապացուցվել է նաև, որ միկոպլազմայի M. genitalium տեսակը վնասում է կանանց փողերի լորձաթաղանթը:

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ ուրեապլազմայի կամ միկոպլազմայի բուժման արդյունքում զույգերի մոտ դիտվել է 17 – 60% բեղմնավորման դեպքեր:

Միկոպլազմա – վիժումներ, մեռելածնություն և վաղաժամ ծննդաբերություն:

Ապացուցվել է, որ վիժումների և մեռելածնության դեպքերում հաճախ մայրական օրգանիզմում հայտնաբերվել է ուրեապլազմա: Մեկ այլ հետազոտությամբ հայտնաբերվել է, որ միկոպլազմա ունեցող հղիների մոտ հաճախ զարգանում է պտղաթաղանթի բորբոքում, որը կարող է բերել պտղաթաղանթի վաղաժամ պատռման և վաղաժամ ծննդաբերության: Հաստատվել է նաև, որ գարդներելլա, միկոպլազմա կամ ուրեապլազմա ունեցող և բակտերիալ վագինոզով հղիների մոտ վիժումների հավանականությունը 6 – 7 անգամ ավելի է: Սակայն գրականության մեջ առկա են նաև այլ հակասական տվյալներ:

Ինչպե՞ս է ախտորոշվում միկոպլազման:

Մեծամասամբ միկոպլազմա կամ ուրեապլազմա ունեցող հիվանդների մոտ գանգատներ չեն դիտվում, սակայն կարող են դիտվել նաև բորբոքային գանգատներ, որոնց մասին մանրամասն նկարագրված է հոդվածի սկզբնամասում: Գանգատները կախված են այն հանգամանքից, թե ո՞ր օրգաններն են ներգրավված բորբոքման մեջ:

Միկոպլազմայի հայտնաբերման ժամանակակից եղանակներից առավել ճշգրիտ եղանակն է ՊՇՌ հետազոտությունը:

Ինչպե՞ս է բուժվում միկոպլազմայով վարակված հիվանդը:

Միկոպլազմայի հայտնաբերման ժամանակ նշանակվում է համապատասխան հակաբակտերիալ բուժում: Միկոպլազմայի հակաբատերիալ բուժման արդյունավետությունը բավականին բարձր է: Հազվադեպ դեպքերում կարիք է լինում կատարելու կրկնակի բուժում:

Կարևոր հանգամանքներից այն է, որ պետք է հետազոտվի և բուժվի զույգը, այլ ոչ թե միայն մեկը՝ վերավարակման վտանգից խուսափելու համար:

Բուժման ընթացքում ալկոհոլի օգտագործում չի թույլատրվում:

Առանց պաշտպանվելու սեռական հարաբերությունը թույլ է տրվում միայն, եթե բուժումից նվազագույնը 2 շաբաթ անց զույգի մոտ չի հայտնաբերվում միկոպլազմա:  

Միկոպլազմա
1418 դիտում
13