medroom.am

Մակամորձու սուր բորբոքում (Սուր էպիդիդիմիտ)

Մակամորձու սուր բորբոքումը կամ սուր էպիդիդիմիտը մեկ տարվա ընթացքում հանդիպում է 10000 տղամարդկանցից 25 – 60 – ի մոտ:

Որո՞նք են մակամորձու սուր բորբոքման պատճառները:

Մակամորձու սուր բորբոքում մեծամասամբ առաջանում է վերել ճանապարհով՝ ինֆեկցիան միզուկից սերմնածորանով բարձրանում է դեպի մակամորձի:

Կախված տարիքից մակամորձու բորբոքման հարուցիչները տարբերվում են: Երեխաների և 35տ – ից մեծ տարիք ունեցող տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում են այն հարուցիչները, որոնք առաջացնում են միզուղիների բորբոքում (Օր. E. coli – Աղիքային ցուփիկ): Իսկ 35 – ից ցածր տարիք ունեցող սեռական ակտիվ կյանքով ապրող տղամարդկանց մոտ մակամորձու սուր բորբոքումը կարող է պայմանավորված լինել Chlamydia trachomatis (Խլամիդիայի հարուցիչը), Neisseria gonorrhoeae (Գոնորեայի հարուցիչը) և այլ սեռավարակներ:

Իմունային անբավարարության ժամանակ մակամորձու սուր բորոբքման պատճառ կարող են լինել նաև Citomegalovirus, Salmonella, Toxoplasmos, Gardnerella, Ureaplasma, Mycoplasma – ի հարուցիչները և այլն:

Տարեց հասակի տղամարդկանց մոտ մակամորձու բորբոքմանը կարող են նպաստել շագանակագեղձի բորբոքումը, միզային ինֆեկցիան, շագանակագեղձի գերաճը, միզուկի նեղացումը և այլն:

13% դեպքերում մակամորձու բորբոքման ժամանակ հարուցիչ հնարավոր չի եղել հայտնաբերել:

Ի՞նչպես է ախտորոշվում մակամորձու սուր բորբոքումը:  

Մակամորձու սուր բորբոքման ժամանակ մեծամասամբ դիտվում են հետևյալ ախտանշանները՝

- Ցավ փոշտի շրջանում

- Այտուցվածություն

- Ջերմության բարձրացում 38 C և ավելի:

- Միզարձակության խանգարումներ հիվանդների 1/3 – ի մոտ:

Մակամորձու բորբոքման ժամանակ բժշկի կողմից կատարվում է հիվանդության պատմության մանրամասն վերլուծություն՝ սուր էպիդիդիմիտի առաջացման պատճառը պարզելու նպատակով:

Մարմնի զննման ժամանակ մակամորձին խիստ ցավոտ, մեծացած, լարված: Մակամորձու սուր բորբոքման 50% դեպքերում հայտնաբերվում է նաև ամորձու սուր բորբոքում:

Լաբորատոր հետազոտություններից անհրաժեշտ է լինում կատարել՝

- Արյան ընդհանուր քննություն

- Գլյուկոզա

- Մեզի ընդհանուր քննություն

- Մեզի բակտերիոլոգիական քննություն

Գորձիքային հետազոտություններից՝

Գերձայնային հետազոտություն՝

- Փոշտի գերձայնային հետազոտություն՝ մակամորձիները և ամորձիները գնահատելու համար: Հայտնաբերվում է մակամորձու չափերի մեծացում, արյունահոսքի ակտիվացում, կարող է դիտվել նաև ռեակտիվ հիդրոցելե:

- Միզուղիների գերձայնային հետազոտություն – շագանակագեղձի գնահատման և միզարձակումից հետո մնացորդային մեզի որոշման համար: Քանի որ մնացորդային մեզի ավելացումը բարենպաստ պայմաններ է ստեղծում խրոնիկ միզային ինֆեկցիայի համար:

- Ուրոֆլոումետրիա – հիվանդի միզարձակումը գնահատելու համար, քանի որ մակամորձու սուր բորբոքման նպաստող գործոններից է մեզի շիթի թուլացումը:

Ի՞նչ պաթոլոգիաներից պեքտ է տարբերակել մակամորձու սուր բորբոքումը:

Փոշտի շրջանում ցավեր կարող են դիտվել նաև հետևյալ պաթոլոգիաների ժամանակ՝

- Ամորձու ոլորում:

- Աճուկային ճողվածք:

- Ամորձու քաղցկեղ:

- Վարիկոցելե

- Ամորձու սուր բորբոքում (օրխիտ):

- Փոշտի կամ ամորձու թարախակույտ:

- Ամորձու տրավմա:

Ինչպե՞ս է բուժվում մակամորձու սուր բորբոքումը:

Մակամորձու սուր բորբոքման ժամանակ նշանակվում է հակաբակտերիալ, հակաբորբոքիչ բուժում: Հիվանդին խորհուրդ է տրվում անկողնային ռեժիմ, փոշտի բարձր դիրք, սառցեպարկեր փոշտի շրջանում: Եթե մակամորձու բորբոքումով հիվանդի մոտ հայտնաբերվում է սեռավարակ, ապա նշանակվում է համապատասխան բուժում:

Մակամորձու սուր բորբոքման դեղորայքային բուժման արդյունավետությունը գնահատվում է 3 օր անց: Եթե ցավերը մեղմացել են, ջերմությունը նվազել է կամ լաբորատոր հետազոտություններով դիտվում է դրական դինամիկա, ապա դեղորայքային բուժումը շարունակվում է: Սակայն դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում անհրաժեշտ է լինում վիրահատական բուժում:

Մակամորձու սուր բորբոքում
3369 դիտում
346