medroom.am

Հիդրոցելե (ամորձիների ջրգողություն)

Հիդրոցելեն կամ ամորձիների ջրգողությունը փոշտի 7 թաղանթներից tunica vaginalis թաղանթի մակերեսային և խորանիստ թերթիկների միջև հեղուկի կուտակումն է: Վերոնշյալ թաղանթները արտադրում և ներ են ծծում պերիտոնեալ հեղուկ, որը ամորձուն պահպանում է տրավմայից: Սակայն եթե խախտվում է հավասարակշռությունը հեղուկի արտադրման և հետ ներծծման միջև՝ առաջանում է հիդրոցելե:

Հիդրոցելեն կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի:

Ո՞րն է բնածին հիդրոցելեի առաջացման պատճառը: 

Բնածին հիդրոցելեն առաջանում է այն պատճառով, որ processus vaginalis թաղանթը, որը սաղմնային զարգացման ընթացքում հաղորդակցում է որովայնի խոռոչի հետ, չի խցանվում, և արդյունքում որովայնի խոռոչում արտադրվող հեղուկը լցվում է ամորձու թաղանթների մեջ:

Որո՞նք են ձեռբերովի կամ երկրորդային հիդրոցելեի առաջացման պատճառները:

- Ինֆեկցիոն գործոններ՝ ամորձու բորբոքում, մակամորձու բորբոքում, բրուցելիոզ, սիֆիլիս, ֆիլիարիազ:

- Տրավմատիկ գործոն՝ արտաքին վնասվածք, ներվիրահատական վնասվածք:

- Քաղցկեղային ծագման:

- Սրտային անբավարարություն:

Ինչպե՞ս է ախտորոշվում հիդրոցելեն:

Հիդրոցելեի ժամանակ հիվանդի մոտ դիտվում է փոշտի չափերի մեծացում, որը ցավոտ չէ: Այնուամենայնիվ հիդրոցելեն հիվանդի մոտ կարող է առաջացնել ֆիզիկական կամ հոգեբանական անհանգստություն:

Որպեսզի տարբերակել հիդրոցելեն մի շարք այլ խնդիրներից՝ աճուկային ճողվածք, մակամորձու կիստա, ամորձու ուռուցք, օրխիտ կամ էպիդիդիմիտ (ամորձու կամ մակամորձու բորբոքում), արտաքին զննումից հետո անհրաժեշտ է կատարել գերձայնային հետազոտություն: Հիդրոցելեի ժամանակ գերձայնային հետազոտությամբ փոշտում հայտնաբերվում է մեծ քանակությամբ հեղուկ:

Ի՞նչ բարդությունների կարող է բերել հիդրոցելեն:

- Ինֆեկցում

- Պիոցելե – փոշտում թարախի կուտակում:

- Հեմատոցելե – փոշտում արյան կուտակում:

- Ամորձու սնուցման վատացում և չափերի փոքրացում:

- Անպտղություն

- Պատռվածք

Հիդրոցելեի վերացման ի՞նչ եղանակներ կան:

Հիդրոցելեն հիմնականում վերացվում է վիրահատական եղանակով, որոնցից առավել հաճախ կիրառվում են հետևյալ եղանակները՝

Վինկելմանի վիրահատություն – որի ժամանակ հատվում է առպատային թերթիկը և կարվում է հետին կողմից:

Բերգմանի վիրահատություն – որի ժամանակ հատվում են թաղանթները և հեռացվում, մնացորդային եզրերը կարվում են:

Լորդի վիրահատություն – որի ժամանակ թաղանթները հատվում են և կարվում են ծալքերի ձևով:

Ծանր առողջական խնդիրներ ունեցող հիվանդներին, որոնք չեն կարող տանել վիրահատական միջամտություն հիդրոցելեի վերացման համար կատարվում է ասպիրացիա:

Ասպիրացիայի եղանակը – ասեղով ծակվում և դատարկվում է հեղուկ պարունակությունը: Այս մեթոդի դեպքում կարճ ժամանակում նորից առաջանում է հիդրոցելե, բացի այդ վտանգ կա ինֆեկցիոն բարդությունների և հեմատոցելեի (փոշտում արյան կուտակում) առաջացման: Երբեմն ասպիրացիայից հետո փոշտի մեջ լցվում է սկլերոզացնող հեղուկ կամ հակաբիոտիկ՝ հիդրոցելեի կրկնման հավանականությունը նվազեցնելու նպատակով:

Հիդրոցելե, ամորձիների ջրգողություն
3762 դիտում
446