Երիկամի և միզածորանի քարերի փշրում

Կապտաթարախածին ցուփիկ (Pseudomonas aeruginosa)

Կապտաթարախածին ցուփիկը առավել հաճախ դրսևորվում է ցածր իմունային պատասխան ունեցող հիվանդների մոտ: Pseudomonas aeruginosa – ն կամ Burkholderia aeruginosa – ն հաճախ ախտահարում է շնչուղիները, միզուղիները, մաշկը, ականջները և բարդացած դեպքերում կարող է բերել սեպսիսի:

Pseudomonas – ները գրամ – բացասական բակտերիաներ են և պատկանում են աղիքային բակտերիաների Enterobacteriaceae ընտանիքին: Կապտաթարախածին ցուփիկի կենսագործունեության համար խիստ անհրաժեշտ է թթվածնային միջավայր (խիստ աէրոբ են): Pseudomonas - ները անհրաժեշտ էներգիան ստանում են շաքարի օքսիդացման արդյունքում, և չեն մասնակցում շաքարի խմորմանը:

Pseudomonas – ները կարող են բազմանալ ջրային միջավայրում, որտեղ առկա են սննդի մնացորդներ: Կապտաթարախածին ցուփիկը կարող է պահպանվել և բազմանալ հակասեպտիկ լուծույթներում, որով պայմանավորված այն համարվում է ներհիվանդանոցային ինֆեկցիա:  

Կապտաթարախածին ցուփիկը արտադրում է երկու պիգմենտ, որոնք օգնում են ախտորոշման ժամանակ՝ պիոցիանին, որը վերքին կարող է տալ կապտավուն երանգ և պիովերդին, որը ապահովում է դեղնականաչավուն գունավորում: Pseudomonas – ների ընտանիքից միայն Pseudomonas aeruginosa – ն է արտադրում պիոցիանին:

Կապտաթարախածին ցուփիկի տարածվածությունը և ախտածնությունը:

Բնության մեջ կապտաթարախածին ցուփիկը լինում է հողում և ջրում: Մարդկանց 10% - ի մոտ աղիներում հայտնաբերվում է Pseudomonas aeruginosa: Կապտաթարախածին ցուփիկը կարող է հայտնաբերվել նաև հիվանդների մաշկում և շնչուղներում հատկապես ընկճված իմունային համակարգ ունեցող անձանց մոտ: Pseudomonas aeruginosa հաճախ հանդիպում է նաև երկարատև միզային կատետերով հիվանդների մոտ:

Կապտաթարախածին ցուփիկի ախտածնությունը պայմանավորված է էկզոտոքսիններով, էնդոտոքսիններով և էնզիմներով: Առավել ուսումնասիրված էկզոտոքսինը էկզոտոքսին A – ն է, որը կարող է բերել մաշկի մեռուկացման (նեկռոզի):Էնդոտոքսինի ազդեցության տակ կարող է զարգանալ սեպսիս կամ բակտերիոտոքսիկ շոկ: Կապտաթարախածին ցուփիկը էնզիմներից արտադրում է էլաստազա և պրոտեինազա, որոնք հյուսվածքները քայքայելով նպաստում են բակտերիայի ներթափանցմանը ավելի խորը հյուսվածքներ և արյան շրջանառություն: Պիոցիանինը վնասում է շնչուղիների լորձաթաղանթը:

Pseudomonas aeruginosa – ն կարող է առաջանել բիոֆիլմ՝ գաղութներ, որոնք առանձնանում են պաշտպանիչ շերտով, որը պաշտպանում է շրջակա միջավայրի վնասակար ազդակներից, այդ թվում հակասեպտիկ միջոցներից և հակաբիոտիկներից:

Ի՞նչ կլինիկական դրսևորումներ են դիտվում Pseudomonas aeruginosa – ով ախտահարված հիվանդների մոտ:

Տեսկանորեն Pseudomonas aeruginosa – ն կարող է ախտահարել մարդու օրգանիզմի բոլոր հյուսվածքները, սակայն առավել հաճախ ախտահարում է շնչուղիները, միզուղիները և առաջացնում վերքի բորբոքում: Կապտաթարախածին ցուփիկը վերքից անցնելով դեպի արյան շրջանառություն կարող է առաջացնել սեպսիս:

Ոչ բավարար քլորվացված լողավազաններից մարդիկ կարող են վարակվել կապտաթարախածին ցուփիկով, որը նման դեպքերում մեծամասմաբ արտահայտվում է սուր օտիտով կամ մաշկային ախտահարումներով:

Կոնտակտային լինզաներ կրող անձնանց մոտ կարող է դիտվել աչքի եղջրաթաղանթի բորբոքում:

Ցիստիկ ֆիբրոզով հիվանդների մոտ կապտաթարախածին ցուփիկը կարող է առաջացնել փոքերի քրոնիկ բորբոքում:

Ինչպե՞ս է ախտորոշվում կապտաթարախածին ցուփիկով վարակված հիվանդը:

Վերոնշյալ ենթաբաժնում նկարագրված հիվանդությունների կամ ախտահարումների ժամանակ պետք է հաշվի առնել նաև Pseudomonas aeruginosa – ի հնարավոր առկայության մասին:

Պիոցիանինով պայմանավորված կապտավուն երանգով վերքի կամ մեզի փոփոխությունները նույնպես հուշում են կապտաթարախածին ցուփիկի հնարավոր առկայության մասին:

Վերջնական ախտորոշումը կատարվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքում:

Կենսական հեղուկների բակտերիոլոգիական հետազոտությունների միջոցով հնարավոր է հայտնաբերել Pseudomonas aeruginosa – ն: Վերջինս լակտոզ – չօքսիդացնող է և օքսիդազ – դրական:

Ինչպե՞ս է բուժվում Pseudomonas aeruginosa – յով ախտահարված հիվանդը:

Ինչպես նշվել է վերևում, Pseudomonas aeruginosa – ն հայտնաբերվում է բակտերիոլոգիական քննության միջոցով: Ստացված հակաբակտերիալ միջոցների զգայունությունը հնարավորություն է տալիս կատարել թիրախային հակաբիոտիկի ընտրություն, որով և կատարվում է հակաբակտերիալ բուժումը:

Ինչպե՞ս կանխել կապտաթարախածին ցուփիկի ներթափանցումը օրգանիզմ:

Հիվանդի մոտ երկարաժամկետ միզային կատետերի առկայության դեպքում եթե հնարավոր չէ հեռացնել այն, ապա պետք է պահպանել անտիսեպտիկայի կանոնները, պարբերաբար կատարել մեզի բակտերիոլոգիական քննություն՝ կապտաթարախածին ցուփիկի հայտնաբերման դեպքում նշանակել համապատասխան բուժում:

Լինզաների կիրառման դեպքում պահպանել անտիսեպտիկայի կանոնները:

Օգտվել միայն այն լողավազաններից, որոնք անցնում են համապատասխան ստերիլացման միջոցառումներ:

Մաշկի այրվածքների դեպքում կատարել համապատասխան մշակումներ:

Կապտաթարախածին ցուփիկ, կապտաթարախային ցուփիկ, Pseudomonas aeruginosa
1240 դիտում
204