medroom.am
Արյունամիզությունը ուրոլոգիական պրակտիկայում հաճախ հանդիպող ախտանիշներից է:
Ի՞նչ տեսակների է լինում արյունամիզությունը:
Ըստ արտահայտվածության աստիճանի արյունամիզությունը կարող է լինել՝
- Միկրոսկոպիկ արյունամիզություն կամ միկրոհեմատուրիա
- Մակրոհեմատուրիա
Ո՞րն է կոչվում միկրոսկոպիկ արյունամիզություն կամ միկրոհեմատուրիա:
Միկրոսկոպիկ արյունամիզությունը անզեն աչքով անտեսանելի է և հայտնաբերվում է լաբորատոր հետազոտության միջոցով միկրոսկոպով դիտման ժամանակ:
Ի տարբերություն մակրոհեմատուրիայի միկրոհեմատուրիան ավելի շուտ նշան է քան ախտանիշ: Հաճախ միկրոսկոպիկ արյունամիզությունը ընթանում է առանց գանգատների:
Առողջ մարդկանց մինչև 6% - ի մոտ հայտնաբերվում է միկրոսկոպիկ արյունամիզություն, ընդ որում առավել հաճախ միկրոհեմատուրիա դիտվում է տղամարդկանց, տարեցների և ծխողների մոտ:
Ինչպե՞ս է հայտնաբերվում միկրոսկոպիկ արյունամիզությունը:
Նորմայում երիկամների կծիկների միջոցով կարող են մեզի մեջ անցնել անցնել քիչ քանակությամբ էրիթրոցիտներ (արյան կարմիր գնդիկներ): Սակայն նորմայում միկրոսկոպիկ հետազոտության ժամանակ նրանց քանակը չպետք է գերազանցի 3 – ը:
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ միայն մեկ հետազոտությամբ եզրակացնել միկրոսկոպիկ արյունամիզության մասին չի կարելի, այլ անհրաժեշտ է կատարել կրկնակի հետազոտություն:
Ո՞ր դեպքերում նորմայում կարող է դիտվել միկրոսկոպիկ արյունամիզություն:
- Ֆիզիկական ակտիվության ժամանակ:
- Սեռական հարաբերությունից հետո:
- Երկարատև չմիզելուց հետո՝ Օր. Առավոտյան մեզում:
Որոշ դեպքերում կարող է ստացվել կեղծ բացասական պատկեր՝ Օր ցածր օսմոլյարության մեզի պայմաններում արյան կարմիր գնդիկները քայքայվում են:
Dipstick տեստի միջոցով միկրոսկոպիկ արյունամիզությունը գնահատելիս հնարավոր է սխալվել, քանի որ միոգլոբինուրիայի ժամանակ կարող ենք ստանալ կեղծ դրական պատկեր:
Միկրոսկոպիկ արյունամիզությունը ախտորոշվում է մեզի միկրոսկոպիկ հետազոտության միջոցով:
Ի՞նչ հիվանդությունների ժամանակ կարող է դիտվել արյունամիզություն:
Ուրոլոգիական կամ նեֆրոլոգիական մի շարք հիվանդությունների ժամանակ կարող է դիտվել ինչպես միկրոսկոպիկ այնպես էլ մակրո արյունամիզություն՝
- Գլոմերուլոնեֆրիտ:
- Միզաքարային հիվանդություն (երիկամի, միզածորանի կամ միզապարկի քար) – մինչև 6% դեպքերում:
- Շագանակագեղձի ադենոմա (բարորակ գերաճ) – մինչև 12% դեպքերում:
- Միզուկի ստրիկտուրա (նեղացում) – մինչև 1,4% դեպքերում:
- Միզուղիների տրավմա:
- Վերջին ժամանակներում կատարված ուրոլոգիական միջամտություններ:
- Սուր վիրուսային հիվանդություններ:
- Երիկամների պոլիկիստոզ հիվանդություն:
- Միզուղիների ուռուցքային հիվանդություններ (երիկամի, միզածորանի, միզապարկի, շագանակագեղձի կամ միզուկի քաղցկեղ) – մինչև 4,3% ասիմպտոմատիկ միկրոսկոպիկ հեմատուրիայի, մինչև 10% սիմտոմատիկ միկրոսկոպիկ արյունամիզության և մինչև 25% Մակրոհեմատուրիայի դեպքերում:
Միզուղիների քաղցկեղի հայտնաբերման հավանականությունը ավելանում է, եթե մեզում էրիթրոցիտների քանակը գերազանցում է 25 – ը:
Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ կատարել, եթե առկա է արյունամիզություն:
Անկախ նրանից հիվանդը ընդունում է հակամակարդիչ դեղամիջոցներ, թե ոչ, միզուղիների քաղցկեղի հայտնաբերման հավանականությունը նույնն է միկրոսկոպիկ արյունամիզության դեպքերում:
Կրեատինին արյան մեջ – երիկամների ֆունկցիան գնահատելու և քրոնիկ հիվանդությունների բացահայտելու կամ հերքելու նպատակով:
Պրոստատ սպեցիֆիկ անտիգեն – 45 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ շագանակագեղձի գերաճի բնույթը պարզելու նպատակով:
Մեզի բակտերիոլոգիական հետազոտություն (մեզի ցանքս) - միզուղիների բորբոքային հիվանդությունները ժխտելու համար: Ընդ որում պետք է հաշվի առնել, որ որոշ սեռավարակներ նույնպես կարող են բերել արյունամիզության՝ Օր միկոպլազմա, ուրեապլազմա, գարդներելլա, խլամիդիա և այլն: Վերջիններիս հայտնաբերման համար անհրաժեշտ է կատարել ՊՇՌ հետազոտություն:
Միզուղիների գերձայնային հետազոտություն – անվնաս և մատչելի հետազոտություն է, որի օգնությամբ կարելի է հայտնաբերել միզուղիների քարեր, նորագոյացություններ, միզուղիների բորբոքման նախադրյալներ՝ միզարձակումից հետո մնացորդային մեզ, հիդրոնեֆրոզ:
Ուրոֆլոումետրիա – եթե հիվանդի մոտ առկա է միզարձակության գանգատներ, ապա այս հետազոտության միջոցով կարելի է գնահատել ստորին միզուղիների վիճակը և միզուղի ստրիկտուրայի կասկածի դեպքում կատարել ուրետրոգրաֆիա:
Ցիստոսկոպիա – ըստ Ամերիկյան Ուրոլոգիական Ասոցիացիայի ուղեցույցի նույնիսկ եթե հիվանդի մոտ ախտորոշվել է միզաքարային հիվանդություն կամ երիկամի քաղցկեղ ցիստոսկոպիա կատարելը պարտադիր է ստորին միզուղիները գնահատելու նպատակով:
Միզուղիների համակարգչային շերտագրում կոնտրաստավորումով – այս մեթոդով արյունամիզության ժամանակ ավելի ճշգրիտ տեղեկատվություն կարելի է ստանալ վերին միզուղիների վերաբերյալ: Եթե կան հակացուցումներ ապա կարելի է կատարել ՄՌՏ հետազոտություն:
Մեզի ցիտոլոգիական հետազոտություն – միզուղիների ագրեսիվ քաղցկեղների դեպքում այս մեթոդի ճշգրտությունը բավականին բարձր է: Այնուամենայնիվ բարձր դիֆերենցման քաղցկեղների դեպքում մեզի ցիտոլոգիական հետազոտության ճշգրտությունը ցածր է:
Որ դեպքերում է ցուցված կատարելու ցիստոսկոպիա արյունամիզության ժամանակ:
Ցիստոսկոպիան միզապարկի պատերի գնահատման ամենահավաստի եղանակն է (միզապարկի քաղցկեղ, բորբոքում, օտար մարմին և այլն): Բացի այդ ցիստոսկոպիայի ժամանակ նաև գնահատվում է միզուկը:
Ըստ Ամերիկյան Ուրոլոգիական Ասոցիացիայի խորհրդատվության ասիմպտոմատիկ արյունամիզության ժամանակ ցիստոսկոպիա պետք է անել բոլոր 35 տարեկանը լրացած բուժառուներին, ինչպես նաև քացկեղի կասկածի դեպքերում: Սիմպտոմատիկ արյունամիզության ժամանակ ցիստոսկոպիան ցուցված է բոլոր հիվանդներին: Բացի միզապարկի վիճակի վիզուալ գնահատականից կասկածելի դեպքերում հնարավոր է լինում կատարելու միզապարկի բիոպսիա:
Մակրոսկոպիկ արյունամիզություն – Մակրոհեմատուրիա:
Մակրոհեմատուրիա է համարվում արյունամիզության այն տեսակը, որը տեսանելի է անզեն աչքով:
Այս դեպքում ախտորոշման, տարբերակիչ ախտորոշման եղանակները նույնն են ինչ միկրոսկոպիկ արյունամիզության ժամանակ: